Эдмон зажигает․ Մարուքյանը չի խնայում լսարանի նյարդերը
copy image url

Эдмон зажигает․ Մարուքյանը չի խնայում լսարանի նյարդերը

Ներքին Միտք 1 տարի առաջ - 23:08 15-04-2024
Նիկոլ Փաշինայնի մոտից պաշտոնանկվելուց հետո Էդմոն Մարուքյանը բավական ակտիվացել է յութուբում։ Եվ դա ոչ թե շարքային ակտիվություն է, այլ «աչքեր բացելու» առաքելություն։

Իր առողջարար սեանսների այս սերիայում ադրբեջանաթուրքական լոբբրնգը վերհանելու նպատակով պարոն Մարուքյանը լսարանին ներկայացնում է «Երկիր մեդիա», «Հ2» ալիքների հետ համագործակցող Արմեն Չիբուխչյանի լուսանկարը՝ մեկնաբանելով հետևյալ կերպ․ «Նրա ներկայացրած վերլուծությունների մի մասը սուտ է, մյուս մասը՝ ադրբեջանաթուրքական «գիպնոզ» (իր բառն է – հեղ․)․․․ Նա մինչև 2017 թվականն աշխատել է Հայաստանում, հետո տեղափոխվել է Միացյալ Նահանգներ․․․ Էս մարդը վերլուծություն անելու գիտական հենք էլ չունի, նա քարոզում է Ադրբեջանի և Թուրքիայի նարատիվներ․․․»։ Հայտնի չափով մերկարապանոց այս հայտարարությունն անելուց հետո պարոն Մարուքյանն իր յութուբյան եթերում կատարում է մոգական մի հնարք՝ ցուցադրաբար պատառոտելով Արմեն Չիբուխչյանի լուսանկարը և ասել ուզելով, որ վե՛րջ, ինքը պատռեց նաև Արմեն Չիբուխչյանի դիմակը։

«Այ, դուք ինձ լսում եք․ ես իրավաբանի կրթություն ունեմ», հաջորդիվ հայտարարում է պարոն Մարուքյանը՝ որպես իրավաբան լինելու ապացույց թվարկելով հիմնականում արտերկրի այն ուսումնական հիմնարկները, որտեղ սովորել է, և այն ատյանները, որտեղ քրտնաջան պաշտպանել է հայ դատը։

Մի խոսքով, ինչպես ժամանակին ասել են իր մասին՝ «ինքն իր կլասիկ ցավը տանի» (հինգուկես տարվա վաղեմության այս անմոռանալի մաղթանքը տեղայնացվել է ըստ ներկա դեպքի – հեղ․)։

«Ես ձեզ ասում եմ՝ այս մարդը սովորական ստախոս ավանտյուրիստ է, որը Հայաստանում փորձում է մարդկանց վարՔաբեկել (նկատի ունեցեք՝ վարքաբեկել, այսինքն՝ վարքը, խառնվածքը կոտրել, այլ ոչ թե վարկաբեկել, այսինքն՝ վարկը՝ հեղինակությունը, կոտրել – հեղ․)։ Նա երկիրը կարող է իր քարոզչությամբ տանել արյունահեղության», Արմեն Չիբուխչյանի ուղղությամբ «ստուգողական կրակոց» է արձակում պարոն Մարուքյանը և անցնում, իր իսկ խոսքերով, «հաջորդ կերպարին»։

Ուրեմն, պարոն Մարուքյանի հաջորդ կերպար-թիրախում հայտնվելու դժբախտություն է ունեցել Կարեն Սարգսյանը, որը «հայտնի է, որպես սոցիոլոգ»։ «Եթե Հայաստանում սառնարանն էլ բացեք՝ ինքը խոսում է», իր զոհի մասին պատկերավոր խոսում է բանախոսը՝ նշելով, որ նա, ի տարբերություն Արմեն Չիբուխչյանի, բնակվում է Հայաստանում։ «Նա որևէ տեղ չի աշխատում, գուցե սոցիոլոգիա է սովորել, բայց այնպիսի թեմաներով է վերլուծություն անում, որ ոչ ակադեմիական հենքն ունի, ոչ էլ դա վերլուծելու բան» (սա մեջբերում է պարոն բանախոսից – հեղ․)։

Պարզվում է, որ այս Կարեն Սարգսյանը հանդգնություն ունեցել պարոն Մարուքյանի և իր հետ միասին, «երկրի վարչապետի, փոՂվարչապետի․․․» (այստեղ նույնպես նկատի ունեցեք՝ ոչ թե վարչապետին փոԽարինողի, այլ հավանաբար փողերի կամ փողային ինչ-որ ուղղությամբ վարչապետի տեղակալի կամ փոխարինողի – հեղ․) և այլոց հասցեին անելու վիրավորական արտահայտություններ։

Կարեն Սարգսյանին բնութագրելով՝ պարոն Մարուքյանը նրան էլ է անվանում ավանտյուրիստ՝ հայտարարելով, որ ի տարբերություն շատերի՝ ինքը կաշկանդված չէ, և եթե չբացահայտի՝ վաղն ինքն իրեն մեղադրելու է, հետևաբար՝ «սրա նմաններին պետք է տանել Դեր Զոր անապատ և էս կողմ-էն կողմ քարշ տալ» վճռով պատռոտում է նաև Կարեն Սարգսյանի դիմանկարը։

Ընդհանրացնելով՝ պարոն Մարուքյանը չի խնայում լսարանի նյարդերը և հայտարարում է․ «Չեք պատկերացնում, թե Հայաստանն այսօր գործակալական ինչ ցանցերի ազդեցության թիրախում է հայտնված»՝ միաժամանակ կրկին ու կրկին մատնանշելով իր հակառակորդների մտավոր ցածր կարողությունները, բայց և անտեսելով, թե այդքան անգետ «քարոզիչներն» ինչ մեծ վնաս կարող են պատճառել Հայաստանին ընդհանրապես, և պարոն Էդմոն Մարուքյանին՝ մասնավորապես։

Մեր կողմից միայն փաստենք, որ պարոն Մարուքյանի վիրտուալ գործունեությունը գնալով հետաքրքիր երանգներ է ձեռք բերում և տալիս բոլոր հնարավորությունները՝ նրան դարձնելու YouTube ցանցի նոր աստղ։

Տիգրան Աթանեսյան


Ամենից շատ դիտված

23:03 Խստորեն դատապարտում ենք մեր դաշնակցի և ՀԱՊԿ անդամի դեմ նման գործողությունները. Զախարովա
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
15:25 Պարզապես կանչել էին, երևի գիժը՝ Փաշինյանը, խուճապի մեջ է․ շարժման մասնակից
15:33 Բնակարանային վարձավճարի հարցը պարտավոր են լուծել. արցախցիները պատրաստվում են ցույցերի
20:17 Ենթադրաբար հարևան երկրի նախագահի պահանջով կալանավորվեցի հայ դատավորի կողմից. Սամվել Կարապետյան
17:05 Փաշինյանի հենարանը մնացել են Թուրքիան ու Ադրբեջանը, նրան ո՛չ Արևմուտքն է վստահում, ո՛չ Ռուսաստանը․ վերլուծաբան
21:00 Չգնա՞նք քաղաքից դուրս․ Հրազդանի տրանսպորտը «լևի» ռեյսեր է անում
12:40 Ի՞նչ հաջողվեց ներկա իշխանություններին. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
22:30 Կոռուպցիա է, որ վարչության պետը կապ ունի ավտոբուսների մրցույթում հաղթած ընկերության հետ․ հարցում
14:54 Փողոցի խուժան չենք, կուսակցություն ենք․ ծանուցում լինի՝ կգնամ ոստիկանություն․ Վիկտոր Մնացականյան