copy image url
Ներքին Միտք 2 շաբաթ առաջ - 21:00 15-04-2024

Հաղթելո՞ւ ենք, թե՞ իրերը կոչենք իրենց անուններով․ Փաշինյանը կրկին հերքում է ինքն իրեն

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի գագաթնաժողովից հետո, որի արդյունքում մեր երկիրն առնվազն շոշափելի աջակցություն չստացավ, Ադրբեջանը մեծացրեց սահմանային լարվածությունը և մի շարք ուղղություններով սկսեց կրակել հայկական դիրքերի ուղղությամբ։ Արցախի Հանրապետության ամբողջական բռնազավթումից հետո սա Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի առաջին լայնամասշտաբ խախտումն էր՝ բացառությամբ նախորդ ամիս Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած արյունալի միջադեպի, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ էր տվել։

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի աճի ֆոնին, երբ թշնամու գնդակները դիպչում են մարդկանց տներին, հսկայական վնասներ պատճառում, Հայաստանի պետական գերատեսչությունները, ինչպես նաև ՔՊ-ական պաշտոնյաներն ու պատգամավորները խուսափում են առարկայական գնահատական տալ՝ պնդելով, թե իբր ադրբեջանական զինուժն անկանոն՝ ոչ թիրախային կրակոցներ է արձակել։ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլհամոզմունք էր հայտնել, որ կրակոցներն ինտենսիվ չեն եղել, դրանց թիվը փոքր էր, իսկ ինչ վերաբերում էր բնակչությանը պատճառված կորուստներին, իշխանական պատգամավորը հակադարձել էր․ «Գնդակը աչքեր չունի, ինքը գնում է, ինչ ընկավ դեմը…բայց փառք Աստծո, մարդկային կյանքերի չի առնչվել»:

Հատկանշական է, որ նման կրավորական մոտեցումը զարմացրել էր նաև «Ազատություն» ռադիոկայանին, որի լրագրողը ապրիլի 10-ին ԱԺ-ի բակում Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչուհայկական կողմն ադրբեջանական կրակոցների վերաբերյալ առարկայական գնահատականներ չի տալիս, երբ գնդակները մարդկանց տներ են մտնում։ Ի պատասխան՝ Փաշինյանը նշել էր, որ իրենք ցանկանում են իրերը կոչել իրենց անուններով և պնդել, որ ինչպես ՆԳՆ-ն, այնպես էլ ՊՆ-ն բոլոր դեպքերի վերաբերյալ հայտարարություններ է տարածում, որոնցում իրերը կոչում է իրենց անունով։

«Մեր սկզբունքը հետևյալն է, և կարծում եմ, որ դա ճիշտ սկզբունք է, միշտ, բոլոր դեպքերում իրերը կոչել իրենց անուններով, իրենց անուններով, անկախ նրանից թե դա որքանով է մեզ դուր գալիս։ Ինչպես Ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունները տվել են, մենք իրերը կոչել ենք իրենց անունով»,- պնդել էր կառավարության ղեկավարը։

Բավականին ողջունելի է, որ Հայաստանի իշխանությունները գոնե այժմ որդեգրել են իրերն իրենց անունով կոչելու քաղաքականությունը և առերևույթ փորձում են հանրությունից ոչինչ չթաքցնել, չնայած այն բանին, որ մի շարք փորձագետների համոզմամբ՝ ադրբեջանական զինուժի կրակոցներն անկանոն չեն եղել, և դրանք նպատակաուղղված կերպով թիրախավորել են խաղաղ բնակչությանը։ Նման կերպ թշնամին նախևառաջ նպատակ է հետապնդում սահմանակից բնակավայրերի բնակչությանը մշտապես վախի մեջ պահել, որպեսզի վերջիններս սպիպված լինեն լքել իրենց տները, ինչը հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ, ինչի վտանգի մասին անգամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն են ահազանգում, ադրբեջանական զինուժն ավելի հեշտ առաջխաղացում ապահովի։

Հատկանշական է, որ իրերն իրենց անունով կոչելու քաղաքականություն է որդեգրել մի կառավարություն, որը Արցախյան 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում կտրականապես հերքում էր թշնամու առաջխաղացման, տարբեր բնակավայրեր գրավելու վերաբերյալ ռազմաճակատից ու միջազգային լրատվամիջոցներից ստացվող բոլոր տեղեկությունները՝ պնդելով, որ հայկական զինուժը փայլուն դիմադրում է թշնամուն, եթե ինչ-որ հատվածներում նահանջել է, ապա դա տատիկական նահանջ է՝ թշնամուն շրջափակման մեջ գցելու և ավելի մեծ կորուստներ պատճառելու նպատակով, իսկ բոլոր նրանք, ովքեր նման տեղեկություններ են տարածում հարվածի տակ են դնում նախևառաջ առաջնագծում կենաց մահու պայքար մղող հայ զինվորին։ Ավելին, երբ 2020-ի նոյեմբերի 8-ին ադրբեջանական զինուժը գրավել էր արդեն Շուշին, մոտեցել Ստեփանակերտի մատույցներին, իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն արդեն պատրաստ էր ստորագրման, Նիկոլ Փաշինյանը դրանից ժամեր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ պնդում էր, թե Շուշիի համար թեժ մարտերը շարունակվում են։

Չնայած հայ հասարակությունը 44 օր շարունակ կերակրվում էր «հաղթելու ենք», «զգետնելու ենք», «Գյոռբագյոռ 2020» քարոզչական թեզերով, նման լավատեսությունը ոչ մի լավ բանի չբերեց և չփոխեց ռազմաճակատում առկա ծանր դրությունը։ Նոյեմբերի 10-ին, երբ արդեն ստորագրվել էր տխրահռչակ հայտարարությունը, պարզվեց, որ ոչ միայն թշնամու առաջխաղացման ու տարածքային ձեռքբերումների վերաբերյալ բոլոր տեղեկություններն էին ճիշտ, որոնք պաշտոնական Երևանի կողմից կտրականապես հերքվում էին, այլև հաշված օրերի ընթացքում ադբրբեջանական զինուժի վերահսկողությանն էր հանձնվելու ողջ Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջանները, որոնք հայկական բանակը 44 օր շարունակ կարողացել էր անառիկ պահել։

Այպիսով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախի պարագայում հանրությանը կարելի էր ստել և 44 օր շարունակ հաղթական տրամադրություններ տարածել, սակայն այժմ, երբ ադրբեջանական զինուժի թիրախում Հայաստանի Հանրապետթյան ինքնիշխան տարածքն է հանրությանը պետք է իրականությունը ասել։ Եթե Արցախյան պատերազմի օրերին նույնպես հանրությանը ռազմաճակատում տիրող իրավիճակի վերբերյալ իրական տեղեկատվություն ներկայացվեր, ապա չենք սխալվի, եթե պնդենք, որ այդ դեպքում պատերազմի ելքը բոլորովին այլ կլիներ, քանի որ հազարավոր քաղաքացիներ կկամավորագրվեին և կմեկներին ռազմաճակատ, մինչդեռ տեղեկատվական կոլապսի և ստացվող բոլոր իրական տեղեկությունները համառորեն խլացնելու պայմաններում հանրությունն այդ օրերին վստահ էր, որ հայկական զինուժն ամբողջովին տիրապետում է իրավիճակին, ավելին՝ շուտով ազատագրելու էր Գետաշենն ու Շահումյանը, իսկ ավելի ուշ հայտնվելու Կուր գետի ափին։
Առավել լավատեսները գուցե պնդեն, որ Փաշինյանը հասկացել է, որ 2020-ին որդեգրաված քաղաքականությունն է սխալ եղել, սակայն վերջինիս գործողությունները հակառակի մասին են վկայում։ Ասվածի մասին վկայում է Տավուշի մարզի 4 գյուղերն Ադրբեջանին հանձնելու և նոր զիջումներ կատարելու կառավարության ղեկավարի պատրաստակամությունը, երբ այդ երկիրը հրաժարվում է Հայաստանին վերադարձնել մեր երկրից օկուպացված ավելի քան 200 քառակուսի կմ տարածքը, ինչպես նաև տևական ժամանակ է տորպեդահարում է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։

Դավիթ Գույումջյան