copy image url
Արտաքին Խոսք 1 շաբաթ առաջ - 22:30 15-04-2024

Խոշոր բախում միայն Նաթանյահուին է պետք․ մյուսները խուսափում են Իրանի հետ առճակատումից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության նկատմամբ Իսրայելի կողմից իրականացված հարձակումից գրեթե 2 շաբաթ անց՝ ապրիլի 13-ի ուշ երեկոյան իրանական կողմը ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը Իրան-Իսրայել հակամարտության ողջ ընթացքում առաջին դեպքն էր, որ Իրանն իր տարածքից հարվածեց հրեական պետությանը։ Իսրայելի հաղորդմամբ՝ երկրի ՀՕՊ-ը՝ դաշնակիցների հետ համատեղ, որսացել է արձակած շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»:

Մինչ քննարկվում էր, որ Իսրայելը կարող է կրկին հարձակում գործել Իրանի նկատմամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հեռախոսազրույցից հետո հայտնի դարձավ, որ վերջինս չեղարկել է Իրանի դեմ նոր հարվածը։ Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն Իրանի կողմից հասցված լուրջ վնասի բացակայությունը և Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո հանգել են նրան, որ այն չեղարկվել է:

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը հայտնեց՝ եթե խուսափենք գնահատականներ տալուց, ապա սա Իրանի կողմից հայտարարված հարված էր՝ Իսրայելի տարածքին, որն առաջին դեպքն էր, երբ Իրանը ոչ թե իր պրոքսիների միջոցով, այլ հենց իր տարածքից հարվածեց վերջինիս։ Նա շեշտեց, որ սա Իրանի կողմից բավականին լուրջ հարձակում էր՝ մեծ թվով հրթիռների կիրառմամբ, միևնույն ժամանակ բավականին լավն էին Իսրայելի հետմղման կարողությունները։

«Հարձակման հետևանքով այդքան էլ մեծ թիրախներ չխոցվեցին․ ճիշտ է պաշտոնապես նշվում է, որ հրթիռների ու ԱԹՍ-ների 90 տոկոսը հետ է մղվել, սակայն, իսրայելական աղբյուրներում է նշվում է, որ իրականում հետ է մղվել մինչև 80 տոկոսը։ Բավականին մեծ եղավ նաև ԱՄՆ-ի դերակատարությունը, երբ ամերիկյան օդուժն Իրաքի ու Հորդանանի տարածքից հետ մղեց Իրանի արձակած հրթիռները՝ թույլ չտալով, որ դրանք հասնեն իսրայելական տարածքներ»,- ասաց նա։

Իրանագետն արձանագրում է, որ այս հարձակումը մի քանի փուլով եղավ․ լավն էին ինչպես Իրանի գործողությունները, այնպես էլ ԱՄՆ-ի օժանդակությունը Իսրայելին այս փուլում բավականին գործուն էր։

Մեր հարցին, թե Բայդեն-Նաթանյահու հեռախոսազրույցը, որից հետո հայտնի դարձավ, որ Իսրայելը նոր հարված չի հասցնի Իրանին, վկայո՞ւմ է այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է խուսափել Իրանի հետ ուղիղ առճակատումից՝ Գարիկ Միսակյանը միանշանակ դրական պատասխան տվեց։ Նրա խոսքով՝ ոչ միայն ԱՄՆ-ն, այլև գրեթե բոլոր՝ տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերը հայտարարեցին, որ պետք չէ գնալ ավելի խոշոր բախումների։

«Նման հայտարարություններ նաև Դամասկոսի հարձակումից հետո էր արվում, բայց Իրանը պետք է պատասխան հարված հասցներ։ Միևնույն ժամանակ Իրանն էր խուսափում այնպիսի հարված հասցնելուց, որը կբերեր լայնամասշտաբ պատերազմի։ Իրանի կողմից քարոզչական գրոհ եղավ, հարձակման օրն ու ժամը հայտարարեցին, որպեսզի դա խոշոր ռազմական բախման չհանգեցնի, ինչը կարծես թե միայն Նաթանյահուի ցանկությունն էր։ Այդ մասին վկայում էր թե՜ Դամասկոսի հարձակումը, թե՜ այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն տեղյակ չէր այդ հարձակումից»,- կարծում է նա։

Անդրադառնալով տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի հավանականությանը՝ Գարիկ Միսակյանը նշեց, որ դատելով նախօրեին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից, որում հակաիրանական ոչ մի փաստթուղթ չընդունվեց, նաև Բայդեն-Նաթանյահու հեռախոսազրույցից՝ կարծես թե բոլորը խուսափում են Իրանի հետ առճակատումից։ Նա նկատում է, որ այս մոտեցման մեջ կարևոր են նաև այժմ աշխարհում ընթացոց մյուս հակամարտությունները, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները։

«Այսինքն՝ իրանական կողմն այստեղ ցույց տվեց, որ Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում խնդիրներ է առաջացնելու համաշխարհային տնտեսության համար, հութիների և իրանական մյուս պրոքսիների խնդիրը կա և այլն։ Ուստի որքան էլ խոսվի, որ Իսրայելի կողմից Իրանի գրոհը հետ մղվեց, խոշոր պատերազմի ժամանակ գործողություններն այլ էին լինելու և դրանցից տուժելու էր ողջ տարածաշրջանը՝ մեծ Մերձավոր Արևելքը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան