Երևան +22°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 շաբաթ առաջ - 20:00 15-04-2024

Թշնամու թեզերն են սպասարկում․ միշտ Թուրքիան է պնդել, որ 1․5 մլն զոհ չենք ունեցել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է անուն-ազգանուններով նույնականացնել Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված ավելի քան 1․5 միլիոն անձանց։ Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ ՀՀ-ն ունի Ցեղասպանության թանագարան, ցեղասպանության հետ կապված գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ կան, սակայն ամենակարևորը պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները, որպեսզի դա լինի շատ թիրախային։

Անդրանիկ Քոչարյանի այս հայտարարությունն իրարամերժ քննարկումների պատճառ դարձավ։ Մասնավորապես՝ բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ պնդեցին, որ այս հայտարարությունն իշխանական պատգամավորը հնչեցնում է թուրքական կողմի պահանջով, որպեսզի դրանով հիմքեր ստեղծվի Հայոց ցեղասպանության միջագային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարվելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում ցեղասպանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանն ընդգծեց՝ այն մարդը, ով նման հայտարարություն է արել, առհասարակ չի հասկանում, թե ինչ է ցեղասպանությունը։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ցեղասպանությունը շատ մարդկանց սպանությունը չէ․

«Ըստ երևույթին, իրեն թվում է, որ դա սովորական սպանություն է և որպեսզի սպանության պատկերը ստանանք, պետք է ստանանք զոհերի անուն-ազգանունները, պարզենք սպանության տեղը, վայրը և այլն։ Ցեղասպանությունը մի գործընթաց է, որն ուղղված է թիրախավորված խմբի ոչնչացմանը։ Այսինքն՝ այստեղ մենք գործ ունենք ոչ թե առանձին մարդկանց հետ, այլ մի ամբողջական խմբի հետ․ թիրախը ոչ թե կոնկրետ մարդն է, այլ այդ խումբը։ Ցեղասպանության կոնվենցիան ասում է՝ ցեղասպանությունը գործողությունների շարք է, որն ուղղված է որոշակի խմբերի ոչնչացմանը»։

Ցեղասպանագետը շեշտում է, որ եթե մենք ցանկանում ենք կատարվածին իրավական գնահատական տալ, ապա առանձին վերցված մարդը՝ իր անուն-ազգանունով, բոլորովին կարևոր չէ, կարևորը խումբն է, որին փորձել են ոչնչացնել։ Նա ասաց, որ 1948 թվականի կոնվենցիան դա հստակ նշել է, իսկ այն, որ արևմտահայությունն այսօր որպես խումբ գոյություն չունի, դա այն ապացույցն է, որ իրականացվել է ցեղասպանություն, ինչի համար, իր կարծիքով, լրացուցիչ իրավական հիմքեր ստեղծելու կարիք չկա, դրանք վաղուց կան։

Սուրեն Մանուկյանն անդրադարձավ նաև 1․5 միլիոն զոհերին նույնականացնելու հնարավորությանը՝ նշելով, որ այսօրվա աշխարհում ամեն բան էլ հնարավոր է, սակայն հարց է առաջանում դրա նպատակահարմարության և ռեսուրսների իրավաչափության համատեքստում։ Նա ասաց՝ չի հասկանում, թե սրա իմաստը որն է, քանի դա Հայաստանին ցեղասպանության հարցը հետապնդելու համատեքստում ոչ մի հավելյալ փաստարկ, ապացույց, կամ խաղաքարտ չի տալու։

«Բացի այդ, նաև չեմ պատկերացնում, թե դա անելու համար որքան ռեսուրս պետք է ծախսենք։ Հստակեցնելու համար նշեմ՝ մենք գործ ունենք 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության հետ․ դա մի կայսրություն էր, որը շատ վատ էր պահում իր պետական թղթաբանությանը, ինչը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թեմային, այլև ընդհանրապես՝ այդ պետությունում արխիվային գործը, փաստաթղթաշրջանառությունը շատ վիճակում էին գտնվում, ամբոջական ոլորտներ կան, որտեղ փաստաթղթեր կա՛մ չեն եղել, կա՛մ վերացվել են դրանք ու չեն պահպանվել։ Այսինքն՝ սա ինքնին խնդրահարույց է դարձնում այդ մարդկանց փաստաթղթային տվյալները գտնելու գործընթացը՝ առավել ևս երբ մենք խոսում ենք նպատակաուղղված սպանության մասին, երբ հանցագործն ամեն կերպ փորձում էր թաքցնել իր կատարած ոճիրը։ Սա մենք տեսանք փաստաթղթերի զանգվածային ոչնչացման ժամանակ»,- շեշտում է ցեղասպանագետը։

Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Հոլոքոստի՝ հրեաների ցեղասպանության ժամանակ սպանվել է մոտ 6 միլիոն հրեա, սակայն մինչև այսօր հրեական պետությունը չունի այդ մարդկանց անվանական ցանկերը։ Նա նշում է, որ նույնականացման գործընթացը շուրջ 50 տարի առաջ է սկսվել, սակայն առ այսօր նրանք 6 միլիոն մարդկանց անուն-ազգանունները չունեն։

«Ոչնչացված հրեաները եվրոպական պետությունների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Լեհաստանի և այլն, քաղաքացիներ էին, ովքեր ապրում էին զարգացած երկրներում, որտեղ քաղաքացիական բոլոր ակտերը գրանցվում էին։ Ուստի եթե մենք դժվարություն ունենք նույնիսկ Եվրոպայի կենտրոնում սպանված մարդկանց փաստաթղթերը գտնելու և իրենց անվանապես հաշվառելու հարցում, ապա կարող ենք պատկերացնել, թե որքան ծանր կլինի եթե մենք այդ գործընթացը փորձենք կատարել 20-րդ դարի սկզբի, շատ փնթի, վատ կազմակերպված փաստաթղթաշրջանառություն ունեցող պետության պարագայում, ինչպիսին Օսմանյան կայսրությունն էր»,- նշում է նա։

Մանուկյանը վստահեցնում է, որ եթե օրերից մի օր մենք որոշենք այդ խնդրով զբաղվել, ապա Հայաստանի ամբողջ բյուրոկրատական ապարատի ռեսուրսը բավարար չի լինի դա իրագործելու համար։ Նրա պնդմամբ՝ դա ահռելի աշխատանք է, որի համար Հայաստանը պետք է իր ամբողջ գործերը մի կողմ թողնի և հատ առ հատ միլիոնավոր փաստաթղեր ուսումնասիրի, հուշեր կարդա, որը թույլ կա տվյալները վերականգնել՝ այնքանով, որքանով դա հնարավոր է։

Հարցին, թե որքանո՞վ է համաձայն այն պնդումներին, որ իշխանություններն այս հայտարարությունները հնչեցնում են Թուրքիայի պահանջով՝ հետագայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու պահանջատիրության գործընթացից հրաժարվելու նպատակով՝ Սուրեն Մանուկյանը պատասխանեց, որ երկրորդում է այդ պնդումները և նշեց, որ սա թուրքական ժխտողականությունը հայկական դաշտ բերելու փորձ է։ Նա շեշտեց, որ թուրքական ժխտողականությունը տարիներ շարունակ աշխատել է, տարբեր թեզեր է մշակել, որոնցից մեկն էլ վերաբերում էր Հայոց ցեղասպանության զոհերի թվաքանակին․

«Թուրքերը պնդում են, որ զոհերի թիվը 1․5 միլիոն չի եղել, իրենք պնդում են, որ հայերը խաբում են, երբ այդ թիվն են հրապարակում։ Նման կերպ նրանք փորձում են կասկած սերմանել այս թեզի մեջ՝ ասելով, որ եթե հայերն այս հարցում խաբում են, ապա կարող են խաբել նաև ավելի մեծ հարցերում։ Թուրքերն արդեն 1960-ական թվականներից այս թեզը շրջանառում են՝ ասելով, որ այս թիվը իրական չի ու որպես ապացույց պահանջում են զոհերի անվանացանկը ներկայացնել, բայց երբևիցե մեր հասարակությունում այս հարցը քննարկան առարկա չի դարձել, քանի որ մշտապես ասել ենք, որ մենք թուրքական այս պահանջի հետևից գնալու, կամ դա բավարարելու խնդիր չունենք, դա անիմաստ գործ է»։

Սուրեն Մանուկյանը վերահաստատում է, որ ցեղասպանության պարագայում զոհերի թիվը նշանակություն չունի։ Նա հիշեցնում է, որ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ զոհվել է 800 հազար մարդ, Հարավսլավիայում՝ մասնավորապես Բոսնիայում, իրականացաված գործողությունները 2007 թվականին Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվեցին ցեղասպանություն, երբ զոհվել էր մոտավորապես 7-8 հազար մարդ։

«Այսինքն՝ եթե այդ պատգամավորը հայտարարում է, որ եթե մենք չունենանք զոհերի անուն-ազգանուններն, ապա կատարվածը չենք կարող հիմնավորել, ես կարծում եմ՝ սա մի քանի պատճառ կարող է ունենալ։ Այստեղ կա՛մ հիմարության կանխավարկածն է, ինքը չի պատկերացնում, թե ինչի մասին է խոսում, կա՛մ նպատակաուղղված կերպով թուրքական թեզն է դաշտ բերում, այսինքն՝ ինչ-որ գործողություն, որը, միգուցե թելադրված է, կամ դաշտ է նետված թուրքական կողմից, և իրենք այդ թեզը վերցնում ու մտցնում են հայկական դաշտ։ Որպես ցեղասպանագետ՝ ես սա բնորոշում եմ որպես ժխտողականություն, ուրիշ ոչ մի բան»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան