Երևան +17°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 շաբաթ առաջ - 22:30 12-04-2024

ԵՄ դիտորդները ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ են Տավուշի գյուղերն ադրբեջանական համարում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մամուլն այսօր գրել էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդներն օրերս այցելել էին Ոսկեպար։ Վերջիններս շրջանցել էին Երևան-Նոյեմբերյան ճանապարհի մի շարք հատվածներ և Ոսկեպար են հասել Ալավերդիի ճանապարհով՝ շրջանցելով Իջևան-Ոսկեպար ճանապարհը, քանի որ դա ու հարակից տարածքները, իրենց կարծիքով, ադրբեջանական են։

Հաղորդվում է, որ ոսկեպարցիները, տեղեկանալով դիտորդների այցի մասին, շտապել են հանդիպել նրանց, սակայն երբ իմացել են, թե ինչու են դիտորդները շրջանցել հիմնական ճանապարհը, թեժ վեճ է ծավալվել։ Մամուլի պնդմամբ՝ ոսկեպարցիները դիտորդներին ուղղակի վռնդել են՝ ասելով, որ թույլ չեն տա իրենց հայրենի հողն ադրբեջանական համարել։

Oragir.News-ի հետ զրույցում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայտնեց, որ այդ ժամանակ իր ընկերների հետ եղել է գյուղում և ականատես է եղել միջադեպին։ Նա նշեց՝ ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն ասել են, որ Իջևանից մինչև Ոսկեպար եկել են բավականին երկար՝ 200 կմ-անոց ճանապարհով, որպեսզի պատասխանեն իրենց հարցերին։

«Մեր թարգմանիչն այդ ամբողջը թարգմանեց և ասաց, որ իրենք եկել են երկար ճանապարհով։ Այդ ժամանակ ես հստակեցրի և խնդրեցի, որ իրենք ամեն բան այնպես թարգմանեն, ինչպես իրենք ասել են։ Իրենք բնականաբար հստակեցրին, որից հետո ես հարցրի, թե ինչու են 30 կմ-անոց ճանապարհի փոխարեն 200 կմ ճանապարհ անցել, ընդ որում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում։ Նրանք ասացին, որ գործում են հստակ կանոնակարգերի շրջնակներում․ դա GPS-ով ադրբեջանական ու վիճարկելի տարածք է, հետևաբար չեն ցանկանում պրովոկացնել Ադրբեջանին»,- ասաց նա

Պետրոսյանն ընդգծեց, որ դիտորդների գործունեությունը համաձայնեցվում է պետական մարմինների հետ, և նրանք իշխանությունների հայտարարություններից, կամ որոշ թաքուն գործողություններից հետո են նման կերպ վարվել։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ դիտորդներն այդ ճանապարհից չեն օգտվել, ոչ թե որ այն մոտ է սահմանին ու վտանգավոր, այլ չեն ցանկանում պրովոկացիայի ենթարկել Ադրբեջանին, քանի որ դրանք ադրբեջանական տարածքներ են։

Մեր զրուցակիցն ասաց, որ այս հայտարարությունից հետո խժդժություններ սկսեցին, մարդիկ նաև դժգոհեցին, որ Շամշադինում կրակոցներ են եղել, բայց դիտորդները չեն արձագանքել և այլն։

Սուրեն Պետրոսյանը հայտնեց՝ բնակիչներից շատերը հավաստիացնում են, որ ԵՄ դիտորդները 2-3 ամիս առաջ գյուղ են եկել 30 կմ-անոց ճանապարհով և միայն վերջերս են սկսել այն շրջանցել։

Հարցին, թե Ոսկեպարի բնակչության շրջանում ինչպիսի տրամադրություններ կան այս պահին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ բնակչության դիրքորոշումը հստակ է։ Նրա խոսքով՝ բնակիչները միակողմանի զիջումների՝ հանձնման պատրաստ չեն և թույլ չեն տալու, որ դա տեղի ունենա։

Պետրոսյանը շեշտեց, որ փաստացի Ոսկեպարի բնակիրները միայնակ կարողացել են բեկանել Տավուշի գյուղերը հանձնելու գործընթացը, քանի որ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես 1 ամիս առաջ այցելել էր գյուղ ու մարդկանց սպառնացել, որ եթե գյուղերը չհանձնվեն, ապա պատերազմ կլինի։

«Նույնիսկ այդ ժամանակ, երբ ոսկեպարցիները ոտքի կանգնեցին ու ասացին, որ նահանջելու տեղ չունեն, այս գործընթացը տապալվեց։ Փաստացի ոսկեպարցիներն այսօր բեկանել են մի ամբողջ գործընթաց ու թույլ չեն տվել, որ Տավուշի գյուղերը հանձնվեն Ադրբեջանին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան