copy image url
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 20:00 11-04-2024

Նիկոլի անդիմադրելի հմայքը․ ինչպես Փաշինյանը դյութեց Վիտալի Բալասանյանին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն իր գերճկուն ներքին և արտաքին քաղաքականությամբ հիացնում է ոչ միայն Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին, որոնց հետ պարբերաբար հանդիպումներ է ունենում, այլև անգամ իր քաղաքական ընդդիմախոսներին, որոնք մի ժամանակ խստորեն քննադատում էին իրեն, պնդում նրա անհապաղ հեռացման անհրաժեշտ է։ Պարզվում է, որ Փաշինյանին սկսել է համակրել նաև Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով նախօրեին հավանել էր Փաշինյանի գրառումը։

Վիտալի Բալասանյանն այն գործիչներից էր, ովքեր խստորեն քննադատում էին Նիկոլ Փաշինյանին, անհամաձայնություն հայտնում վերջինիս որդեգրած քաղաքական կուրսի հետ և այլն։ Ընդ որում, Բալասանյանը Փաշինյանին քննադատում էր դեռևս 2018-2019 թվականներին, երբ Հայաստանի վարչապետը վայելում էր բնակչության գրեթե բացարձակ մեծամասնության վստահությունը և զգուշացնում այն բոլոր աղետների մասին, որոնց հանգեցնելու է Նիկոլ Փաշինյանի կառավարումը, ինչի համար էլ 2019-ի վերջին հեռացվեց Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնին։

Արցախի ԱԽ նախկին քարտուղարը նույն կոշտ դիրքերից մասնակցեց 2020 թվականի մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական ընտրություններին, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ ստանալով ձայների շուրջ 15%-ը։ Բալսանյանի ողջ քարոզարշավն ուղեկցվում էր հակափաշինյանական շեշտադրումներով և վերահաս աղետի մասին զգուշացումներով, որոնց Արցախի բնակչությունն ականջալուր չեղավ և Արցախի նախագահի պաշտոնում նախընտրեց Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը վայելող Արայիկ Հարությունյանին։

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մեկ ամիս չանցած՝ 2020-ի դեկտեմբերի 2-ին Վիտալի Բալասանյանը վերանշանակվեց ԱԽ քարտուղարի պաշտոնում՝ իր նշանակումը հիմնավորելով պետության առջև ծառացած անվտանգային մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ Պաշտոնավարման 2 տարիների ընթացքում Բալասանյանը հիմնականում լուռ էր, նա միայն 2020-ի դեկտեմբերի վերջին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեցմ, որում խոստանում էր, որ Արցախը վերականգնելու է իր կորուստները, իսկ Ադրբեջանը վատ վիճակում է հայտնվելու։

Բացի այդ, պաշտոնավարման ընթացքում Բալասանյանը փաստացի սպասարկում էր Նիկոլ Փաշինյանի օրակարգը՝ չընդդիմանալով Արցախի հարցում նրա կողմից կատարվող անվերջ զիջումներին ու նշաձողն իջեցնելու քաղաքականությանը։ Ավելին՝ մամուլում առկա տեղեկությունների համաձայն հենց նրա ակտիվ մասնակցությամբ էին այդ ընթացքում անցկացվում Արցախի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները՝ կապված Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհի կառուցման, Բերձորի, Աղավնոյի ու Ներքին Սուսի հանձնման ու այլ հարցերի վերաբերյալ։

Արցախի հայաթափման օրերին, երբ մեկը մյուսի հետևից ձերբակալվում էին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, շատերը սպասում էին, որ նրանց թվում պետք է լինի նաև Վիտալի Բալասանյանը, ով նույնպես ընդգրկված էր ադրբեջանական «սև ցուցակներում»։ Ի հեճուկս այդ մտահոգություններին՝ Բալասանյանը չձերբակալվեց և նրան հաջողվեց տեղափոխվել Հայաստան, սակայն, ի տարբերություն Արցախի ԱԽ մեկ այլ քարտուղար Սամվել Բաբայանի, ում նույնպես հաջողվել էր հատել ՀՀ սահմանը, վերջինս խորհրդավոր լռություն է պահպանում, հարցազրույցներ չի տալիս ու առհասարակ Արցախի անկման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքներ չի հնչեցնում։

Օրերս մամուլը գրել էր, որ Բալասանյանը տեղահանումից հետո հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրանից փորձել են ճշտել, թե ինչպես է կարողացել անցնել Հակարիի կամուրջը։ Աղբյուրի պնդմամբ՝ բավական երկար քաշքշուկից հետո, կապի էր դուրս եկել Փաշինյանի հետ և փոխանցել, որ չի պատրաստվում իշխանության համար խնդիրներ հարուցել՝ խնդրելով իրեն հանգիստ թողնել։ Նշվում էր, որ հենց սա է պատճառը, որ առ այսօր Վիտալի Բալասանյանը ոչ մի հանրային ելույթ չի ունեցել, չի անդրադարձել Արցախի անկման պատճառներին։

Հատկանշական է, որ Բալասանյանը հավանություն էր տվել Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթին, որտեղ նա հերթական անգամ խեղաթյուրել էր Արցախյան հիմնահարցի ողջ էությունը և պնդել սեփական թեզերը։ Այստեղից ողջամիտ ենթադրություններ են առաջանում, որ Բալասանյանը Փաշինյանին խոստացել է ոչ միայն չեզոքություն պահպանել, այլ նաև աջակցել վերջինիս «գաղափարների տարածմանը», որի մասին վկայում է կառավարության ղեկավարի ելույթին վերջինիս տված հավանությունը։

Այսպիսով՝ Արցախի ԱԽ նախկին քարտուղարը, ով ժամանակից ամենաակտիվն էր Փաշինյանին և զգուշացնում այն բոլոր աղետների մասին, որոնք, ցավոք սրտի, իրականություն դարձան, փաստացի ոչ միայն ասելիք չունի Արցախի հանձնման վերաբերյալ, այլև գերված է նրա անդիմադրելի հմայքով։ Փաստացի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի համար սեփական բարեկեցությունն ու հանգիստ կյանքն ավելի կարևոր է, քան Արցախի ճակատագիրը և արցախահայության ինքնակազմակերպումն ու հնարավոր հայրենադարձումը։

Հարց է առաջանում, թե նման պարագայում Վիտալի Բալասանյանն ինչո՞վ է տարբերվում Սամվել Բաբայանից, ով հրապարակային աջակցում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, պարբերաբար հարցազրույցներ տալիս՝ փորձելով պարտության և Արցախի անկման ողջ պատասխանատվությունը բարդել նախկին իշխանությունների վրա։ Նման կերպ Բալասանյանը ոչ միայն հուսահատություն է առաջացնում բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր հավատացել են իրեն ու իր հետ հույսեր են կապել, այլև փաստում է, որ իրականում Սամվել Բաբայանից ոչնչով չի տարբերվում, պարզապես դեռևս շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել։

Այսպիսով՝ չի բացառվում, որ Բալասանյանը անհրաժեշտության դեպքում Սամվել Բաբայանի նմանությամբ օրերից մի օր էլ Հ1-ով հրապարակային հարցազրույցներ կտա ու փորձի կարդարացնի Նիկոլ Փաշինյանին՝ սրբագրելով ավելի վաղ իր իսկ կողմից հնչեցված հայտարարությունները։

Դավիթ Գույումջյան