Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 շաբաթ առաջ - 14:20 11-04-2024

Թեհրանը հայտնվել է բարդ երկընտրանքի առջև. Իսրայելն «անհամբեր» սպասում է

Իրանի հարձակումն Իսրայելի վրա գրեթե անխուսափելի է։ Չի բացառվում է, որ գրոհը կարող է Թեհրանի կամ նրա պրոքսիների կողմից իրականացվել մոտակա օրերին․ նման կանխատեսումներ են անում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները՝ առաջ բերելով ենթադրություն, որ Իրանը կարող է հրթիռային կամ ԱԹՍ-ների միջոցով հարված հասցնել Իսրայելին։

Bloomberg գործակալությունը, հղում կատարելով հետախուզության զեկույցներին ծանոթ իր աղբյուրներին, տեղեկություն է հրապարակել, որը հիմնված է ամերիկյան և իսրայելական հետախուզության տվյալների վրա։ Ըստ այդմ, իրանական գրոհի ընթացքում կարող են գործածվել բարձր ճշգրտության հրթիռներ, որոնք թիրախավորելու են իսրայելական ռազմական և կառավարական օբյեկտները։

Նախկինում Իրանը խոստացել էր վրեժխնդիր լինել Իսլամական հեղափոխության պահապենների կորպուսի «Ալ Ղոդս» էլիտար խմբի ղեկավար կազմի անդամ, բրիգադային գեներալ Մոհամադ Ռզա Զահեդիի սպանության համար։ Գեներալը և ԻՀՊԿ ևս 6 բարձրաստիճան սպաներ զոհվել էին Դամասկոսում իրանական հյուպատոսության շենքին Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով։

Իսրայելի այդ գրոհից հետո Իրանը հայտնվեց բարդ դրության մեջ։ Եվ եթե նա, ի պատասխան, հարվածի Իսրայելին, դրանով հնարավորություն կտա Նաթանյահուին փոխադարձ հարվածներ հասցնել, իսկ եթե չհարվածի, դա ցույց կտա իր անկարողությունը և Իսրայելին թույլ կտա զանգվածային և է՛լ ավելի ավերիչ հարվածներ հասցնել եթե ոչ հենց Իրանին, ապա գոնե նրա՝ Սիրիայում գտնվող օբյեկտներին և սիրիական դաշնակիցներին։

Դրության առանձնահատկություններից է Իսրայելի ռազմական ակտիվությունն ԱՄՆ կողմից զսպելու հանգամանքը, որը պայմանավորված է Միացյալ Նահանգներում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններով։ Վաշինգտոնը չի ցանկանում ընտրությունների նախօրեին Մերձավեր Արևելքում սանձազերծել մեծ պատերազմ, որի արդյունքները կանխատեսելի չեն։ Բացի այդ, նման պատերազմը կարող է կտրուկ բարձրացնել նավթի և նավթամթերքի միջազգային գները, ինչը նույնպես կարող է ազդել ամերիկյան ընտրությունների արդյունքների վրա՝ ընտրողներին տրամադրելով Բայդենի դեմ։

Բայց եթե Իրանը հիմա՛ հարվածի Իսրայելին՝ Ամերիկան հազիվ թե կարողանա զսպել Նաթանյահուին։ Վերջինս, ըստ ամենայնի, շահագրգռված է «ստանալու» հարված Իրանից․ դա նրան կօգնի, որպեսզի փորձի լուծել իրանական միջուկային ծրագիրը ոչնչացնելու՝ իր վաղեմի խնդիրը։ Իրանն առայժմ չունի պատրաստ միջուկային մարտագլխիկներով հրթիռներ, և Իսրայելը կարող է այս փուլում կործանել իր թշնամու միջուկային հնարավորությունները․ ընդ որում այս հարցում Իսրայելի հետ համամիտ են արևմտյան խոշոր տերությունները։

Բացի այդ, Իսրայելը, Միացյալ Նահանգների ճնշման ներքո, դեռևս չի գրոհել Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքը, որտեղ գտնվում է ավելի քան 1․5 մլն պաղեստինցի փախստական․ Վաշինգտոնում մտավախություն կա, որ գրոհի ընթացքում անպայմանորեն կլինեն հսկայածավալ մարդկային զոհեր։ Նաթանյահուն դժգոհ է իրեն զսպելու քաղաքականությունից, որը կարող է կանխորոշել իր պետական կարիերայի վախճանը։ ՀԱՄԱՍ-ի՝ իսրայելական շփման գծի ճեղքումն արդեն իսկ մեծ տապալում էր Նաթանյահուի համար, և նա երդվել էր ոչնչացնել այդ խմբավորումը, բայց ավելի քան կես տարի շարունակվող պատերազմը դեռևս չի սպառել ՀԱՄԱՍ-ի պոտենցիալը, իսկ Նաթանյահուի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, ուստի նրա համար Իրանի հետ պատերազմը կարող է իդեալական որոշում դառնալ։ Պատերազմը նրան թույլ կտա (իհարկե, եթե Իսրայելն իր հերթին չկրի ճակատագրական նշանակության կորուստներ – հեղ․) պահպանել կառավարությունը և փորձել ոչնչացնել իրանական հրթիռային և միջուկային արդյունաբերությունը։

Իսրայելական ռազմական օդուժը մեծ հնարավորություններ ունի և համարվում է աշխարհի ուժեղագույններից, և հազիվ թե որևէ մեկը ցանկություն ունենա իր վրա հրավիրելու իսրայելական ավիացիայի կործանիչ հարվածները։ Իսրայելական ռազմաօդային ավիացիան կարող է ընտրել տարբեր թիրախներ, դիցուք՝ ոչնչացնել Իրանի ղեկավարությունը։

Իրանի համար պատերազմը հիմա վարելը ձեռնտու չէ։ Իրանը շահագրգռված է ավարտին հասցնել իր միջուկային ծրագիրը, պահպանել ռազմարդյունաբերության համակարգի գործունակ վիճակը։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ Իրանին հիմա անհրաժեշտ է «խաղաղվել» և սպասել հարմար պահի, որպեսզի հայտարարի միջուկային զենքի ստեղծման մասին, ինչն ինքնին կհամարվի Իսրայելի գրոհների պատասխան։
Ներկայում Իրանին ձեռնտու չէ նաև իսրայելական գրոհներին պատասխանելու համար օգտագործել «Հզբոլլահ»-ը։ Վերջինս ունի մեծ հրթիռային ներուժ, ինչը Թեհրանի համար կռվան է, և եթե «Հզբոլլահ»-ը հարվածի Թել-Ավիվին կամ Երուսաղեմին, Իսրայելը կձեռնարկի ներխուժում Լիբանան՝ ձգտելով առավելագույնս վնասել հակառակորդին, ինչը կզրկի Իրանին իր միջուկային և հրթիռային արդյունաբերության վրա իսրայելական գրոհների ապահովագրումից։ Մյուս կողմից, եթե Իրանը մոտակա ժամանակներում Իսրայելին չհարվածի, դա կընկալվի, որպես անկարողության և Իսրայելի անպատժելիության նշան և առիթ, որպեսզի Նաթանյահուն ավելի ընդլայնի իրանական օբյեկտների վրա հարձակումը՝ առանց պատասխան ստանալու վտանգի։

Այսպիսով, Թեհրանը հայտնվել է բարդ երկընտրանքի առջև․ ցանկացած որոշում նրա համար վտանգ է ներկայացնում, թեև Իսրայելն էլ անհանգստանալու առիթներ ունի։

Տիգրան Աթանեսյան