Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 09:05 08-04-2024

Ինչո՞ւ են կրակում հայկական գյուղերի վրա, ինչի՞ց է վախեցել Բաքուն

Բրյուսելյան ապրիլի 5-ի հանդիպումից առաջ ենթադրվում էր, որ Մոսկվան կարող է սադրանքներ գործադրել, եթե ՀՀ-ԱՄՆ-ԵՄ գործակցությունը խորանա։ Կրեմլի պաշտոնյաները մի քանի անգամ անդրադարձան բրյուսելյան հանդիպմանը, ՀՀ իշխանություններին քննադատեցին, նույնիսկ սպառնացին։ Բայց հանդիպումից առաջ և հետո ադրբեջանական կողմից են պարբերաբար կրակում հայկական գյուղերի ուղղությամբ։ Կարծես՝ Բաքուն ռուսների պատվերով համերգ է տալիս։ Ավելին՝ Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ ուղիղ ասել է, որ բրյուսելյան հանդիպումն ուղղված է Բաքվի դեմ։ Ինչի՞ց է վախեցել Բաքուն։ Նա վախի՞ց է կրակում է հայկական գյուղերի վրա, թե՞ քրոնիկ կատաղություն է դրսևորում։

Պարտվողական մտածողությամբ առաջնորդվողներն, այդ թվում ՀՀ իշխանության որոշ ներկայացուցիչներ, ենթադրում են, որ Բաքուն մտադիր էր զավթել թուլացած Հայաստանը, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն թույլ չեն տալիս նրան անել դա, աջակցում են ՀՀ-ին, խոստանում պաշտպանել նրա ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։ Այդ պատճառով Ադրբեջանը համարում է, որ հանդիպումն ուղղված էր իր դեմ՝ իր հակահայկական, հակամարդկային նկրտումների դեմ։

Ռևանշիստները կարծում են, թե Բաքուն վախեցել է, կարծելով, թե ԱՄՆ-ն և ԵՄ-ն այնքան շատ կաջակցեն ՀՀ-ին, որը կարճ ժամանակում կհզորանա ու կազատագրի Արցախը, և արցախցիները կվերադառնան իրենց սիրելի բնակավայրը։ Այս հեռանկարը, իրոք՝ կարող է լրջորեն վախեցնել ադրբեջանական իշխանություններին։

Կարելի է անվերջ վարկածներ առաջ քաշել, թե ինչից է վախեցել Բաքուն։ Սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ են կրակում հայկական գյուղերի ուղղությամբ։ Եթե ուզում են ստուգել ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի զգոնությունը, ապա վերջիններս օպերատիվ արձագանքում են, սաստելով Բաքվին, հերքելով նրա կեղծ տեղեկատվությունը, քանի որ հայկական կողմում ունեն դիտորդական առաքելություն, որը օպերատիվ տվյալներ է փոխանցում։ Եթե գիտակցում են, որ Հայաստանի հետ կարող են բանակցել Բրյուսելում կամ Վաշինգտոնում, ապա կրակելով թուլացնում են իրենց բանակցային դիրքերը։ Իսկ եթե իրոք՝ վախենում են, որ ՀՀ-ն կարող է ռևանշի դիմել և ազատագրել Արցախը, ապա կարող են օր առաջ նահանջել ՀՀ զավթված հատվածներից, դուրս գալ Արցախից, համաձայնել, որ Արցախում տեղակայնվեն ամերիկյան կամ եվրոպական խաղաղապահներ, իսկ Արցախի կառավարումը ստանձնի ՄԱԿ-ը, որը կերաշխավորի արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը։ Թե չէ՝ սահմանին կրակոցներով չեն զսպում ռևանշիստներին, այլ նրանց ավելի են հաստատակամ են դարձնում։

Կասկած կա, թե Մոսկվան է ստիպում Ադրբեջանին կրակել հայկական գյուղերի վրա։ Այդպես ուզում են ցույց տալ, որ ՌԴ-ն առանց կրակոցի չի հեռանալու Հայաստանից։ Եթե այդպես է, ապա կրակոցները որոշ ընդմիջումներով կշարունակվեն, մինչև Արևմուտքը Մոսկվայի հետ համաձայնություն ձեռք բերի Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից հեռանալու ժամկետի և պայմանների մասին։

Կրակոցներին վերաբերող ամենաքննարկվող վարկածն առնչվում է Հարավ-հյուսիս միջազգային նախագծին։ Ապրիլի 5-ի եռակողմ հանդիպման առանցքային թեմաներից մեկը Հարավ-հյուսիս նախագիծն է եղել, որը Հնդկաստանը կապելու է Եվրոպային, անցնելով Իրանով, ՀՀ-ով, Վրաստանով, ծովերով դուրս գալով Եվրոպա։ Այս գլոբալ նախագծով Հարավը կապվելու է Հյուսիսի հետ։ Սակայն այս նախագիծը շրջանցում է Ռուսաստանն ու Ադրբեջանը։ Ռուս-ադրբեջանական դաշնակիցները, հայկական գյուղերի ուղղությամբ կրակելով, ցույց են տալիս, որ չեն հրաժարվում հավակնոտ նկրտումից և մտադիր են գրոհել և զավթել ՀՀ-ից հատվածներ, որ կտրեն Հարավ-հյուսիսը։ Եվ չնայած՝ ՔՊ-ական իշխանությունը հորինել է Խաղաղության խաչմերուկ նախագիծը և խոստանում է տարանցիկ ճանապարհներ տրամադրել Ադրբեջանին և նրա դաշնակիցներ ՌԴ-ին ու Թուրքիային, սակայն չբարեկամները վախենում են դուրս մնալ այս նախագծից և աղքատանալ։ Այս վախն է ստիպում նրանց կրակել հայկական գյուղերի վրա, հույս ունենալով, որ Արևմուտքն իրենց ևս կներգրավի գլոբալ նախագծում, ինչպես ասում են՝ մեծ խաղում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված