Նախօրեին Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում Հայաստանի Հանրապետության քարտեզն էր հրապարակել։ Քարտեզին կից Սիմոնյանը գրել էր, որ Հայաստանն ունի հստակ քարտեզ, որով երկիրն անկախացել է, և այդ քարտեզը քննարկման ենթակա չէ։
Ավելի ուշ Ալեն Սիմոնյանը խմբագրել էր իր գրառումը և փոխել հրապարակված քարտեզը։ Նոր քարտեզում, ի տարբերություն նախորդի, որպես ադրբեջանական են ուրվագծված Տավուշի և Արարատի մարզերում գտնվող այսպես կոչված անկլավային և ոչ անկլավային գյուղերը, որոնց նկատմամբ Ադրբեջանը հավակնություններ է դրսևորում։
Oragir.News-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն Ալեն Սիմոնյանի կողմից նման քարտեզի հրապարակումը պայմանավորում է այն հանձնարարություններով, որոնք վերջինս ստացել է Ադրբեջանի իշխանություններից։ Նա շեշտում է, որ Հայաստանում ցանկացած պաշտոնատար անձ իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ և օրենքներով.
«Իմանալու համար, թե ինչ լիազորություններով է օժտված Ազգային ժողովի նախագահը, պետք է կարդալ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Ես չգիտեմ, թե բազային կրթությամբ իրավաբան Ալեն Սիմոնյանը, ով հետագայում զբաղվել է դերասանական կամ պրոդյուսերական գործունեությամբ, ինքն ընդհանրապես իր կյանքում գոնե մեկ անգամ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը կարդացե՞լ է, թե՞ ոչ՝ գոնե խորհրդարանի նախագահի լիազորությունների մասով»։
Ղազարյանը նկատում է, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանի քարտեզագրությամբ, կադաստրով, գեոդեզիայով, սահմանազատման հարցերով զբաղվելու լիազորություններ չունի։ «Դա իր ի՞նչ իրավասությունների հարցն է, որ դիլետանտի նման էստեղից-էնտեղից տարբեր քարտեզներ է վերցնում, գնում է Պետրոսի մոտ այդ թեմաներով հարցազրույցներ է տալիս, ֆեյսբուքում է հրապարակում և այլն։ Կարողա վաղը, մյուս օրը բոլորովին ուրիշ բան հրապարակի։ Դա առհասարակ իր լիազորությունների հարց չէ, և ես ուզում եմ հասկանալ , թե նա ինչու է մտել այդ թեմայի մեջ»,- ասաց նա։
Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ եթե դա Ալեն Սիմոնյանի իրավասությունների մեջ չի մտնում, սակայն նա մտել է այդ թեմայի մեջ, ապա նշանակում է, որ ինչ-որ մեկն իրեն հաձնարարել է դա անել։ Ըստ նրա՝ ակնհայտորեն Ալեն Սիմոնյանի արածը բխում է Ադրբեջանի շահերից, ուստի կարելի է ենթադրել, որ ինքն այդ հանձնարարությունը ստացել է Ադրբեջանի իշխանություններից։
«Ինքն այս վերջերս հանդիպել էր Ադրբեջանի միլլի մեջլիսի նախագահի հետ, որի համար ինքը ոչ մի առիթ չուներ։ Այսինքն՝ եթե երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, ուրեմն այդ երկրների խորհրդարանների նախագահները իրար հետ քննարկելու հարց պիտի որ չունենան։ Բայց եթե ինքը հանդիպել է նրա հետ, ապա նշանակում է, որ կա մի հարց, որը դուրս է իրավական կարգավորումներից։ Ուստի եթե պարզվում է, որ ինքն այդ քարտեզները հրապարակում է տվյալ հանդիպումից հետո, ապա կարելի է ենթադրել, թե ինչ մեխանիզմով է նա այդ հանձնարարությունը ստացել»,- կարծում է նա։
Հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ նման կերպ հանրությանը փորձում են հոգեբանորեն պատրաստել, որ հաջորդիվ հանձնվելու են նաև 4 անկալվային գյուղերը՝ Էդգար Ղազարյանը դրական պատասխանեց։ Նրա խոսքով՝ նման բան կարող է լինել, քանի որ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահը լինելուց բացի նաև գործող հանցախմբի անդամ է։
«Այսինքն՝ ինքը «Քաղաքացիական պայմանագիր» պայմանական անունը կրող ենթադրյալ կազմակերպված հանցավոր խմբի վարչության անդամ է։ Դրանով միգուցե իրենք իրենց պետական պաշտոնյայի իրավասություններից դուրս նաև թշնամական շահերի սպասարկման քարոզչական գործառույթներն են իրականացնում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան