Երևան +20°
copy image url
Արտաքին Ներքին Միտք 1 ամիս առաջ - 22:30 05-04-2024

Հաղթանա՞կ, թե՞ պարտություն. Ապրիլյան պատերազմի իրական ելքը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

2016 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Հանրապետության հետ շփման գծի երկայնքով խախտեցին հրադադարի ռեժիմը և հարձակում գործեցին հայկական երկրորդ հանրապետության դեմ, որը 1994 թվականի մայիսի 12-ի Բիշկեքի զինադադարից հետո հրադադարի ամենալայնամասշտաբ խախտում էր։ Ապրիլյան պատերազմը տևեց 4 օր և ավարտվեց ապրիլի 5-ին, երբ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը վերահաստատեցին բիշկեքյան զինադադարի դրույթները։

Այս օրերին լրանում է Ապրիլյան պատերազմի 8-րդ տարելիցը։ Ամեն տարի հատկապես այս օրերին Հայաստանում իրարամերժ քննարկումներ են ծավալվում՝ արդյոք հայկական կողմը հաղթե՞լ է Քառօրյա պատերազմում, թե՞ պատրություն են կրել։ 2016-ի ապրիլին Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ հայկական կողմը միանշանակ հաղթանակ է տարել ապրիլյան մարտերում, մինչդեռ ներկայիս իշխանությունները և բազմաթիվ այլ քաղաքական և փորձագիտական շրջանակներ վստահ են, որ այն լիակատար պարտություն է եղել։

Ապրիլյան պատերազմի հանգամանքները և հատկապես հայկական կողմի պարտության թեզը հիմնավորողները հիշեցնում են, որ ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է շուրջ 800 հեկտարի տարածքային կորուստ և պատերազմը, որտեղ թեկուզ չնչին տարածքային կորուստներ են արձանագրվել, չի կարող հաղթական համարվել։ Հակառակ թեզի հեղինակները վստահեցնում են, որ հայկական բանակի հաղթական դիմադրության արդյունքում թշնամին Ռուսաստանի Դաշնության իշխանություններից խնդրել է հրադադարի հարցով միջնորդել, իսկ հայկական կողմը կորցրած տարածքները վերադարձնելու նպատակով հակահարձակման չի անցել, որպեսզի խնայի սեփական զինածառայողների կյանքը և չմեծացնի զոհի թիվը, որը պաշտոնական տվյալներով 75 է։

Կարծում ենք, որ այս երկու պնդումներն էլ չափազանցված են և ամբողջովին չեն արտացոլում այն իրականությունը, որը եղել է ռազմաճակատում և բանակցային սեղանին։ Թեև հայկական կողմն իսկապես ունեցել է 800 հեկտարի տարածքային կորուստ և ռազմական տեսանկյունից անգամ նման չնչին կորուստներով պատերազմը չի կարող հաղթական համարվել, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե որն է եղել թշնամու իրական նպատակը և որքանով է այն հաջողվել կասեցնել։

Դատելով ադրբեջանական բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից՝ Ադրբեջանի զինված ուժերը նախատեսում էին ապրիլյան պատերազմում հասնել մինչև Ֆիզուլի և ամբողջովին գրավել այն, որը ռազմական գործողությունների գծից գտնվում էր մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա։ Այս համատեքստում հայկական զինված ուժերին հաջողվել է հաջող պաշտպանություն իրականացնել և կանգնեցնել թշնամու առաջխաղացումը, ինչը վերջինիս թույլ չի տվել ոչ միայն Ֆիզուլի հասնել, այլև այդ ճանապարհին որևէ բնակավայր գրավել։ Ֆիզուլի քաղաքը Ադրբեջանի զինված ուժերը գրավել են 2020 թվականի հոկտեմբերի 17-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկից 21 օր անց։

Ապրիլյան պատերազմում հայկական կողմի միանշանակ պարտության թեզի կողմնակիցները պնդում են նաև, որ հայկական իշխանությունները՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Արցախին հարակից 5, կամ 7 շրջաններն Ադրբեջանին հանձնելու հստակ ժամանակացույց են ներկայացրել, և միայն դրանից հետո է Ադրբեջանի նախագահը համաձայնել դադարեցնել պատերազմը։ Այս պնդումը նույնպես հիմնավորված չէ, քանի որ նախ պատերազմին հաջորդած 2 տարիներին Սերժ Սարգսյանի իշխանությունը այդպես էլ ոչ մի շրջան չհանձնեց Ադրբեջանին, իսկ Ադրբեջանի նախագահը ոչ միայն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների արդյունքում համաձայնել էր հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, որը չեղարկվեց Նիկոլ Փաշինյանի ձեռքով, այլև 2016-ի հոկտեմբերին՝ պատերազմի ավարտից ամիսներ անց, հրապարակային հայտարարում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։

Միևնույն ժամանակ, եթե հիմք ընդունենք այն կանխավարկածը, որ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին տարածքների հանձնման հստակ ժամկետներ էր հայտնել, ապա նման սցենարը կանխելու գործում առանցքային դեր ունեցավ 2016-ի հուլիսի 17-ին Երևանում ՊՊԾ գնդի գրավումը, որը ՀՀ իշխանությունները կարողացան լավագույնս շահարկել բանակցային գործընթացում՝ հիմնավորելով, որ հայ ժողովուրդը կտրականապես դեմ է զիջումներին։ Բացի այդ, նման գործողություններով լավագույնս բարձրացվեց ժողովրդին մարտական ոգին և հայրենիքը պաշտպանելու պատրաստակմությունը, որը լավագույնս դրսևորվեց 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, սակայն քաղաքական իշխանությունների բացթողումների հետևանքով պատերազմն ավարտվեց կապիտուլյացիայով։

Նկատենք՝ ուռճացված են նաև այն պնդումները, որ հայկական կողմն Ապրիլյան պատերազմում փառահեղ հաղթանակ է տարել։ Այս համատեքստում պետք է համաձայնենք այն պնդումների հետ, որ անգամ տարածքային չնչին կորուստների առկայության դեպքում պատերազմը չի կարող հաղթական համարվել, սակայն դա միանշանակ պարտություն որակելն էլ առնվազն ազնիվ չէ։ Հայկական զինված ուժերն այդ օրերին իսկապես փայլուն դիմադրություն են ցուցաբերել, սակայն եթե իսկապես իրավիճակն այնպիսին լիներ, համաձայն որի՝ հրադադար է հաստատվել Ադրբեջանի խնդրանքով, ապա հայկական կողմն առնվազն պետք է 1 օր անց համաձայներ հրադադարի հաստատմանը, երբ կվերականգներ նախապատերազմյան շփման գիծը։

Ինչ վերաբերում է Ապիլյան պատերազմի կանգնեցման գործում ՌԴ-ի ունեցած դերակատարմանը, ապա դա իսկապես մեծ է եղել, քանի որ Մոսկվան մեծ ազդեցություն ուներ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների վրա։ Եթե հիմք ընդունենք այն պնդումները, որ պատերազմը կանգնեցվել է ՌԴ-ի միջոցով, ապա դա հաստատապես հայկական դիվանագիտության և օրվա իշխանությունների հաղթանակն էր, որը, բնականաբար, խարսխված էր ռազմի դաշտում հայկական զինուժի հաջող դիմադրության վրա։ Հայաստանում հաստատպես ոչ ոք դեմ չէր լինի, եթե 2020-ին նույնպես ռազմական գործողությունների մեկնարկից օրեր անց ՌԴ-ի միջնորդությամբ հրադադար հաստատվեր, երբ հայկական կողմն առանձնապես տարածքային կորուստներ չէր ունեցել։

Ամփոփելով կարող ենք փաստել, որ չնայած Ապրիլյան պատերազմում հայկական կողմին չի հաջողվել փառահեղ հաղթանակ տանել, այնուամենայնիվ սխալ է նաև պնդելը, թե հայկական բանակը պարտվել է, քանի որ վերջինիս հաջողվել է կանգնեցնել թշնամու առաջխաղացումը՝ ունենալով ընդամենը 800 հեկտարի տարածքային կորուստ։ Սխալ, միևնույն ժամանակ թշնամու քարոզչական թեզերն են սպասարկում այն պնդումները, թե Ադրբեջանը հաղթել է ապրիլյան պատերազմում քանի որ այդ երկրին չի հաջողվել իրագործել իր ծրագրերից ոչ մեկը։ Բացի այդ, եթե Ադրբեջանի իշխանությունները գիտակցեին, որ սեփական զինուժի առաջխաղացումն անխուսափելի է, ապա հաստատապես չէին դադարեցնի ռազմական գործողությունները, ինչպես դա անում էին 44-օրյա պատերազմի օրերին, երբ 3 անգամ բարձր մակարդակով հրադադարի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, սակայն դրանք կյանքի չկոչվեցին։

Եթե Ապրիլյան պատերազմը համեմատենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետ, որի հետևանքով կորցրինք Արցախի ավելի քան 70%-ը, ունեցանք մի քանի հազար զոհ (պաշտոնապես ներկայացվող թվերը հավատ չեն ներշնչում, քանի որ պատերազմից ավելի քան երեքուկես տարի անց զոհված զինծառայողների անուն-ազգանունները հրապարակված չեն, ինչը թույլ է տալիս առնվազն կասկածով վերաբերվել այդ թվերին-Դ.Գ.), ապա դրա ելքն իսկապես հաղթական էր, ընդ որում՝ փառահեղ։ Հայաստանում կրկին ոչ մեկ դեմ չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվեր 800, կամ թեկուզ դրանից մի քանի անգամ ավել կորուստներով դադարեցնել պատերազմը, սակայն չհանձնել Շուշին ու Հադրութը, հետագայում՝ ողջ Արցախը, ինչպես նաև ամենակարևորը՝ փրկել հազարավոր երիտասարդների կյանքերը։

Կարծում ենք՝ առավել ազնիվ կլինեին այն պնդումները, համաձայն որոնց՝ ապրիլյան պատերազմում կողմերից ոչ մեկին չի հաջողվել հասնել լիակատար հաղթանակի. աշխարհում բազմաթիվ նման օրինակներ կան։ Կրկին եթե համեմատենք 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքներ հետ, ապա կարող ենք վստահաբար պնդել, որ 2016-ին ո՛չ Հայաստանն է պարտվել պատերազմում, ոչ՛ էլ Ադրբեջանը հաղթել։

Դավիթ Գույումջյան