Երևան +12°
copy image url
Միտք Ներքին 1 ամիս առաջ - 08:50 05-04-2024

Հայաստանը չունի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ, քանի որ ՄԱԿ-ը նման գործառույթ չունի

Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջին շրջանում հանրային տիրույթում չի բանեցվում մի մեծ կեղծիք։ Բայց ավելի քան 25 տարի մեր ժողովրդին մանիպուլացրել են հենց այդ կեղծիքի միջոցով՝ իբրեւ թե Հայաստանն ունի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ։ Այդ մանիպուլյացիան այնքան էլ հեռու անցյալում չի եղել, եւ իմ այս գրառումը կարդացող մարդիկ դա հիշում են հաստատ։ Շատերն անգամ հիմա էլ երեւի մտքում կմտածեն, որ ՄԱԿ-ի կողմից մենք ճանաչվել ենք ինչ-որ սահմաններով՝ չհասկանալով, որ իրենց այդ կերպ մտածելն ուղղակի որոշակի ուժերի կողմից գաղափարական ներազդման հետեւանք է՝ արված իրենց միտքը կեղծիքով հրամցնելու եւ դրանից քաղաքական օգուտներ քաղելու համար։ Այդ մանիպուլյացիան բանեցրել են բոլոր այն ուժերը, ովքեր տասնամյակներ շարունակ խոսել են «փոխզիջումների» ու հողեր հանձնելու մասին եւ իրենց այդ պնդումների համար որպես իրավական փաստարկ բերել են հենց այն հիմնավորումը, թե իբրեւ մենք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել ենք որոշակի սահմաններով։ Բնականաբար, այդ սահմանների տակ նրանք բոլոր դեպքերում հասկանում էին Հայկական ԽՍՀ սահմանները։ Այսինքն հենց այն տարածքի ուրվագիծը, որն այսօր 29․800 քառ․ կմ ընդգրկող մակետի տեսքով թափահարում է ՀՀ տգետ վարչապետը։ Ու նաեւ այդ պատճառով է, որ բանիմաց շատ մարդիկ նիկոլին համարում են առաջին նախագահի հոգեզավակը։ Լեւոնիզմի ու նիկոլիզմի միջեւ մինչեւ վերջերս էական տարբերություններ չկային ու նրանց միավորող կարեւոր գաղափարական հիմքերից մեկը հենց «ՀՀ-ն ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որոշակի սահմաններով» կեղծ թեզն է եղել։ Ես համոզված եմ, որ նիկոլն այդ թեզին կուրորեն հավատում էր նույնիսկ 2021 թ․։ Նույն թվականի նոյեմբեր ամսին միայն, երբ Ադրբեջանը մխրճվեց Սեւ լճերի շրջանում՝ նիկոլի ու նրա տգետների բանակի մոտ եկավ այն գիտակցումը, որ չկան ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառույցի կողմից ճանաչված ինչ-որ սահմաններ։ Ես համոզված եմ նաեւ, որ նիկոլը վերջնականապես հասկացավ իրերի դրությունը միայն 2023 թ․ մայիսին, երբ խոսեց Հայաստանի՝ «կադաստրի թուղթ» չունենալու մասին։

Մեր հանրության համար կարեւոր է գիտենալ, որ Հայաստանը չունի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ, քանի որ ՄԱԿ-ը նման գործառույթ չունի։ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունների ազգային կառավարությունները, որի արդյունքում ՄԱԿ-ում բարձրացվում են ճանաչված այդ պետությունների դրոշները եւ նրանք ձեռք են բերում ձայնի իրավունք։ Իսկ պետությունների միջեւ սահմանների հարցերը կարգավորվում են երկու ճանապարհով՝ երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերով։ Այդ պայմանագրերն են, որ ՄԱԿ-ի քարտուղարությունում գրանցվում են ու դառնում իրավական հիմք՝ վեճերի լուծման համար։ Համաձայն ՄԱԿ Կանոնադրության 102 հոդվածի՝

1․ Սույն Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո Կազմակերպության ցանկացած Անդամի կողմից կնքված յուրաքանչյուր պայմանագիր և յուրաքանչյուր միջազգային համաձայնագիր, որքան հնարավոր է շուտ, պետք է գրանցվի Քարտուղարությունում և հրապարակվի նրա կողմից:

2․ Միավորված ազգերի կազմակերպության որևէ մարմնում սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չգրանցված պայմանագրի կամ միջազգային համաձայնագրի ոչ մի կողմ չի կարող հղում կատարել նման պայմանագրի կամ համաձայնագրի վրա:

Վերադառնալով «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի սահմաններ» կեղծիքին՝ պետք է ասել, որ դրա համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի կանչվել։ Միլիոնավոր մարդկանց մանիպուլացրել են սկսած 1990-ականների սկզբից ու հավատացրել, որ կան Հայաստանի ճանաչված սահմաններ։ Հավատացրել են, որ այդ սահմաններից դուրս եղածը մերը չէ ու պետք է զիջվի Ադրբեջանին, այն դեպքում, որ որեւէ սահման Ադրբեջանի հետ Հայաստանը չի ունեցել ու չունի նաեւ այսօր։ Ուստի պետք է բոլորիս համար աքսիոմա դառնա, որ այն ինչ այսօր ՀՀ իրավազորության տակ է դա ՀՀ տարածքի մաս է կազմում։ Ալիեւի պահանջած 8 գյուղերը լեւոնիզմի ստեղծած «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի սահմաններ» կեղծիքի արգասիքն է եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու նիկոլի որդեգրած այդ կուրսի պտուղը։ Դրա հետեւանքով է, որ Ալիեւը կառչել է սահմանագծման համար Նիկոլի առաջ բերած հիմքից ու պնդում է, որ եթե այդ սահմաններն է Հայաստանը որպես հիմք ընդունում, թող բարի լինի Ադրբեջանին վերադարձնի 29․800 կմ տարածքի մեջ չմտնող բոլոր տարածքները։

Հ․Գ․ ՄԱԿ Կանոնադրության համապատասխան հոդվածի թարգմանությունը պաշտոնական չէ, կատարվել է իմ կողմից։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին