Երևան +13°
copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 14:27 04-04-2024

Հորս ձերբակալությունից և իմ գրառումից հետո ինձ առաջարկել են ազատման դիմում գրել․ Արամ Սարգսյան

Ապրիլի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում. մարտի 13-ի հայտնի դեպքերից` հորս` Գագիկ Սարգսյանի ձերբակալությունից և Ֆեյսբուքում իմ կողմից արված գրառումից հետո, որում գործող իշխանություններին իրենց բռնի գործողությունների համար անվանել էի իբր թե ժողովրդավարական, ինձ առաջարկել են գրել ազատման դիմում` հասկացնելով, որ ստիպված են խզել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արամ Սարգսյանը, ով վերջին շրջանում աշխատում էր ԲՏԱ նախարարությունում:

«Սա չեմ գրում որպես մեղադրանք, ու երևի թե իմաստ էլ չկա քննարկելու` ճիշտ էր գրելը, թե ոչ, իրավունք ունեին, թե ոչ։ Եղածը եղած է։ Էդ օրերին ես էնպիսի էմոցիոնալ ծանր վիճակում էի, որ դրա մասին մտածելու ժամանակ չունեի։ Համենայնդեպս, ես, որպես լրագրող, չէի կարող այդ ամենը տեսնելով` չբարձրաձայնել ու որևէ գնահատական չտալ կատարվածին։

Մի կողմից նաև ուրախ եմ, որ հիմա ունեմ խոսքի ազատություն ու կարող եմ ազատորեն իրերը կոչել իրենց անուններով։

Հիմա ամենակարևորը, հորս ազատությանը հասնելու հետ մեկտեղ, աշխատանքիս հարցը հնարավորինս արագ լուծելն է։ Մեծ հաճույքով ու գրելու անհագ ցանկությամբ ուզում եմ վերադառնալ ակտիվ լրագրություն։ Հուսով եմ, որ մասնագիտական որակներս չեմ կորցրել։ Այնպես որ, բաց եմ լավ առաջարկների համար։ Կաշխատեմ այն լրատվամիջոցում կամ կազմակերպությունում, որը ստիպված չէ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով` Արցախի փոխարեն գրելու «Լեռնային Ղարաբաղ»»:

Ավելի վաղ
հայտնել էր, որ դիմակավորված ԱԱԾ հատուկջոկատայինները մարտի 13-ին՝ վաղ առավոտյան ներխուժել են դաշնակցական Գագիկ Սարգսյանի բնակարան և նրան բերման ենթարկել անհայտ ուղղությամբ։