Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 21:23 02-04-2024

Ինձ կալանավորել են որպես հանցավոր խմբի պարագլխի, երբ այդ հանցավոր խումբը գոյություն չունի․ Բազեյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ կազմակերպելու կասկածանքով 6 ամիս կալանավորված ԵԿՄ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի խափանման միջոցը փոխվել է․ նա գտնվում է տնային կալանքի տակ։

Oragir.News-ը Բազեյանի փաստաբանի՝ Գեորգի Մելիքյանի միջոցով հարցեր է ուղղել նրան։

Բազեյանը իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է որակել, ապա մանրամասներ հայտնեց կատարվածից․

«Սեպետեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը դատ են արել, ինձ 2 ամսով կալանավորել են և տեղափոխել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ես 2 ամիս եղել եմ մենախցում, սահմանափակված է եղել որևէ տեսակցություն, ինձ կարող էր տեսակցել միայն փաստաբանս, իմ հարազատները։ Եթե ինչ-որ բան էին ուզում ուղարկել, ուղարկում էին աշխատակիցներին, նրանք էլ փոխանցում էին ինձ։

Երկրորդ դատական նիստը եղել է նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը։

Երրորդ դատական նիստը եղել է հունվարի 22-ին։

Չորրորդ և վերջին դատավարությունը եղել է մարտի 20-ին, որի ժամանակ որոշել են խափանման միջոցը փոխել և տնային կալանք սահմանել։

Հիմա սահմանափակված է իմ ազատությունը, ես տնից անգամ մի քանի մետր իրավունք չունեմ հեռանալ, ոտքիս բրասլետ են ամրացրել, տանը սարք են տեղադրել, որպեսզի իմ խոսածը լսեն․․․»,- փոխանցել է Ալբերտ Բազեյանը։

Նրա խոսքով՝ իր դեմ հարուցված գործի «փուչիկ» լինելու մասին է փաստում նաև իր դեմ ցուցմունք տված անձի հայտարարությունը։

«Ինձ անհիմն մեղադրանքով կալանավորել են որպես հանցավոր խմբի պարագլուխ, սակայն իմ դեմ ցուցմունք տված անձը ասել է, որ ինձ հետ որևէ կապ չի ունեցել, և որ ինձ ճանաչել է իմ հանրային գործունեության արդյունքում։

Այդ ամենից հետո դատարանը որոշեց ոչ թե ազատ արձակել ինձ, այլ տնային կալանք տալ, որպեսզի իրենց դեմքը պահեն։ Եթե ազատ արձակեին, ես մամուլի ասուլիս կհրավիրեի և ամենը կներկայացնեի, որպեսզի հանրությունը իրականությունը իմանար, որ ՀՀ-ում անկախ դատական իշխանություն չկա։

Ինձ կալանավորել են որպես հանցավոր խմբի պարագլուխ, երբ այդ հանցավոր խումբը գոյություն չունի։ Գուցե մի քանիսը ինչ-որ բաներ մտածել են, բայց ես որևէ առնչություն չեմ ունեցել նրանց հետ, ես երբևէ չեմ մտածել՝ մտնել Կառավարության շենք և Նիկոլ Փաշինյանին ֆիզիկապես ոչնչացնել։

Մեր խնդիրն է եղել միավորել մեր ժողովրդին, մեր օրինակով։ Մենք ազատամարտիկների տարբեր կազմակերպությունների միավորել ենք 1 կազմակերպության մեջ՝ «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորում, և մենք ունենք 2 խնդիր՝ պատերազմի դեպքում զինվել և պաշտպանել մեր հայրենիքի սահմանները և մեր օրինակով փորձել նպաստել, որ միավորվեն նաև ընդդիմադիր ազգային-քաղաքական ուժերը, քանի որ մի մասը արևմտամետ է, մի մասը ռուսամետ է, մի մասն ունեն անձնական համակրակնքներ ու հակակրանքներ, ունեն ամբիցիաներ, իսկ մենք ասում ենք՝ այդ ամենը թողեք մի կողմ։ Պետք է ամբողջ աշխարհի 9-10 միլիոն հայությանը միավորել 1 գաղափարի շուրջ, մի հայրենիք մենք ունենք՝ Հայաստանն ու Արցախը, այսօր ցավոք Արցախն էլ չկա, այս ընթացքում տվեցին։ Բայց այդ ամենը ժամանակավոր է, բոլոր ժողովուրդների մոտ էլ լինում են անկման փուլեր և վերելքի պահեր։

Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարիները հայ ժողովրդի համար եղավ անկման փուլ․․․»,- փոխանցել է Բազեյանը։

Ալբերտ Բազեյանն ամփոփել է իր ասելիքը՝ շեշտելով, որ չի դադարելու պայքարել գործող իշխանությունների դեմ։

«Այս իշխանությունը ապօրինի է, ես շարունակելու եմ իմ գործընկերների հետ պայքարը այս իշխանության դեմ՝ անկախ նրանից՝ 1 անգամ էլ կկալանավորեն, թե 10 անգամ։ Ես հետքայլ չեմ անելու։ Ես իմ կյանքի լավագույն տարիներն ապրել եմ, ոչինչ չունեմ կորցնելու, ես պարտք ունեմ մեր հայրենիքի, մեր հայրենակիցների նկատմամբ, և իմ ընկերների հետ շարունակելու եմ մեր գործունեությունը»,- հաղորդել է Ալբերտ Բազեյանը և հավելել, որ շատ է ցանկանում, որ հաջորդ դատական նիստը բաց լինի, և լրատվամիջոցները հնարավորություն ունենան լուսաբանել այն։

Ձեզ գուցե հետաքրքրի