Հայաստանը վերջին շրջանում սկսել է խորացնել իր հարաբերությունները արևմտյան երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հետ, որի հետ ավանդաբար ունեցել է բարեկամական հարաբերություններ։ Բնականաբար այս գործընթացն անհանգստացնում է թուրք-ադրբեջանական տանդեմին, որի պահանջները Հայաստանի նկատմամբ ոչ միայն չեն նվազում, այլև աստիճանաբար մեծանում են։
Թուրքիայում գործող Աթաթուրքի համալսարանի դոցենտ Սավաշ Էիլմեզը թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական կայքում ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի հարցում Ֆրանսիայի քաղաքականությանը և նպատակներին, ինչպես նաև բազմաթիվ իրարամերժ և իրականությանը չհամապատասխանող պնդումներ է կատարել։
Նախքան բուն հոդվածին անցնել՝ հեղինակը ֆրանսիական լրատվամիջոցներին հղումով երկու լուր է ներկայացրել, որոնք, իր համոզմամբ, կարևոր հուշումներ են պարունակում տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ դրանցից մեկում նշվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման և Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի օրերին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ցանկանում էր որոշ քայլեր ձեռնարկել, ինչպես նաև եվրոպական երկրներից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն ստանալ։ Մյուս լուրը հղում է կատարում Ադրբեջանի հետախուզական ծառայության հայտարարություններին, որոնք պնդում են, թե Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է նախապատրաստում։
Արդեն բուն հոդվածում հեղինակը նշում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո ՀՀ կառավարությունը հույսը կտրել է Մոսկվայից և սկսել է աչքով անել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Նրա պնդմամբ՝ դրանից հետո Ֆրանսիան ստանձնեց Հայաստանի և անձամբ Նիկոլ Փաշինյանի դերը, քաղաքական քայլեր ձեռնարկեց, որոնցից մեկն էլ այդ երկրի ԱԳ նախարար Կատրին Կոլանայի այցն էր Երևան և նրա հայտարարությունը, որ Ֆրանսիան կարող է ՀՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերել։
Շարունակելով թուրք դոցենտը պնդել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» դարձել է Ֆրանսիայի «ստամոքսի ցավը», և վերջինս Իրանի հետ բազմաթիվ իռացիոնալ քայլեր է ձեռնարկել՝ միջանցքի գործարկումը կանխելու համար։ Նա նշել է, որ Ֆրանսիան և Իրանը «Զանգեզուրի միջանցքի» տարածքում «ահաբեկչական խմբավորումներ են տեղակայել, որոնց գումար և զենք են տրամադրում»։
«Զանգելանից սկսվող (Արցախի Հանրապետության օկուպացված Կովսականի շրջան-խմբ) և մինչև Դաշքեսան (ՀՀ Գեղարքունիքի մարզին սահմանակից ադրբեջանական շրջան-խմբ) ձգվող հատվածում տեղակայված են 10 հազար զինյալներ, այդ թվում՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչներ։ Բացի ՔԲԿ-ի և նրա սիրիական թևի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների ներկայացուցիչներից, առկա են նաև «հայկական ահաբեկչական խմբավորումները, ինչպիսիք են «Սասնա ծռերը», ՈՄԱ-ն, ՊՈԳԱ-ն, «Նոր ԱՍԱԼԱ»-ն, Բևեռը և Երկրապահը»»,- պնդել է հոդվածագիրը։
Հաջորդիվ թուրք փորձագետը հայտնել է, թե, իբր ֆրանսիացի և իրանցի ռազմական փորձագետները վերապատրաստում են այսպես կոչված «ահաբեկիչներին»։ Նրա խոսքով՝ Հայաստանն «անցյալից դասեր քաղելու փոխարեն կատարում է Ֆրանսիայից ու Իրանից ստացած հրահանգները, որի արդյունքում ներքաշվելու է նոր պատերազմի մեջ, իսկ դրանում պարտությունն անխուսափելի է լինելու, քանի որ չի կարողանալու հաջողության հասնել թուրք-ադրբեջանական եղբայրության դեմ, անկախ այն բանից, թե որ երկրների աջակցությունն է վայելում»։
Սավաշ Էիլմեզը շեշտում է, որ Մակրոնն իր գործողություններում «փորձում է հաճոյանալ Ֆրանսիայում բնակվող հայկական սփյուռքին և այդ ճանապարհին սխալներ է գործում»։ Նրա համոզմամբ՝ Մակրոնը նման կերպ փորձում է մարդկանց ստիպել Աֆրիկայում և Կովկասում իր կորցրած ուժի ու հեղինակության մասին, ինչպես նաև վերջինս ծիծաղի առարկա է դառնում իր հայտարարությունների համար, ինչպիսին օրինակ Ուկրիաինա զորքեր ուղարկելու հայտարարությունն էր։
Նա հավելում է, որ Ֆրանսիան Աֆրիկայի իր գաղութներից վտարվելու համար մեղադրում է Թուրքիային, ուստի «նման գործողություններով փորձում է վրեժ լուծել»։
Այսպիսով՝ դատելով թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներում առկա նմանաբովանդակ հոդվածներից, որոնք վերջին շրջանում բավականին հաճախակի են հրապարակվում, կարող ենք փաստել, որ Հայաստանի նկատմամբ ներկայումս նոր ագրեսիա է նախապատրաստվում, իսկ նման կերպ թշնամին փորձում է լեգիտիմ հիմքեր ստեղծել դրա համար, իսկ պատատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Վերջին օրերին ՀՀ-ին սահմանների երկայնքով զորքեր կուտակելու մեջ մի քանի անգամ մեղադրել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արդեն այսօր Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումները վկայում են այն մասին, որ նման հարձակումներն առաջիկայում առվելի հաճախակի կդառանան։
Այս փուլում թշնամու առաջնահերթությունը Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը ստանալն է, որոնք Հայաստանի իշխանությունները պատրաստ են հանձնել, սակայն հայ հասարակությունը կարծես թե դիմադրում է և փորձում է տապալել նման զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ Տավուշում զգուշացնում էր, որ եթե ՀՀ-ն հրաժարվի կատարել այս պահանջը, ապա կստանա նոր պատերազմ, որի հետևանքներն անխուսափելի կլինեն։
Նման տեղեկատվական գրոհներով, ինչպես նաև սահմանային միջադեպերով թշնամին փորձում է կոտրել հայ հասարակության դիմադրությունը, որպեսզի պատերազմից սարսափած հայ հասարակությունը ճարահատյալ համաձայնի գյուղերի հանձնմանը, միայն թե պատերազմ չլինի։ Եթե անգամ Ադրբեջանը նոր էսկալացիայի գնա, ապա հավանաբար դա տեղի կունենա Գեղարքունիքի, Վայոց Ձորի, կամ Սյունիքի ուղղություններով, քանի որ Տավուշի մարզի հատվածում հայկական կողմը գտնվում է գերիշխող դիրքերում ու ագրեսիայի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել, ինչպես դա եղավ 2020-ի հուլիսյան դեպքերի ժամանակ։
Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ակտիվորեն աշխատի միջազգային գործընկերների հետ, որպեսզի ոչ մի դեպքում թույլ չտա, որ ՀՀ-ի դեմ ագրեսիայի հարցում Ադրբեջանին հաջողվի կոնսենսուսի հասնել։ Ներկայումս միջազգային դերակատարների շրջանում նման կոնսենսուս չկա ու հենց այս հանգամանքի շնորհիվ է, որ Ադրբեջանը դեռևս զերծ է մնում լայնամասշտաբ ագրեսիայից, սակայն այդ կոնսենսուսն ամեն պահի կարող է ձևավորվել ու աղետալի հետևանքներ ունենալ մեր երկրի համար։
Դավիթ Գույումջյան