Երևան +30°
copy image url
Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 22:30 28-03-2024

ՔՊ-ականները չեն կարողանում ԿԿՀ անդամի թեկնածու գտնել, ով կանտեսի իրենց խախտումները

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մամուլն այսօր գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է. աշխատակիցները, իրար հաջորդելով, դիմումներ են ներկայացնում։ Շուրջ 3 ամիս է, ինչ այս հանձնաժողովը մնացել է առանց նախագահի եւ անդամների ամբողջական կազմի։

Նշվում է, որ իշխանությունները ԿԿՀ նախագահի և անդամի ընտրությունները որոշ ժամանակով սառեցրել են, որ գտնեն իրենց «սրտի» ԿԿՀ նախագահին, որպեսզի քաղաքական վրեժ լուծեն ընդդիմախոսներից, եւ հանձնաժողովը աչք փակի կոռուպցիոներ ՔՊ-ականների հարստացման վրա։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին Ազգային ժողովում քննարկել են հանձնաժողովի 2 անդամների՝ Հայկուհի Հարությունյանի և Նարինե Ավետիսյանի թեկնածությունները, սակայն քաղաքական մեծամասնությունը երկուսին էլ չընտրեց։

Արմենուհի Կյուրեղյանը նշում է, որ իշխանությունները չհամակերպվեցին նրա հետ, որ Հայկուհի Հարությունյանը ներկայացնում էր իրենցից շատերի հայտարարագրերի բացերը, իր նկատմամբ գործադրվող ճնշումների մասին էր խոսում, իսկ մյուս թեկնածուին էլ՝ Նարինե Ավետիսյանին, չընտրեցին ծիծաղելի պատճառաբանությամբ։ «ՔՊ-ականները նշում էին՝ քանի որ նա եզրափակիչ ելույթ չի ունենում, ապա որոշել են չընտրել նրան։ Սա շատ ծիծաղելի մեկնաբանություն էր»,- ասաց նա։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ խնդիրը թաքնված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների լիազորությունների մեջ։ «Հայտարարագրերի վերլուծություն, վարքագծի կանոնների սահմանում․ այս ամեն ինչի համար իրենց անհրաժեշտ է, որ այս հանձնաժողովում լինի մեկը, ով իրենց ուզած ձևով, իրենց ուզած մարդու համար հայտարարագրում բացասական բաներ կգտնի, իսկ իրենց համար ցանկալի մարդկանց դեպքում այդ բացասական կողմերը չտեսնի։ Նրանց անհրաժեշտ է, որ վարքագծի կանոնների այնպիսի ձևակերպումներ տրվեն, որոնցով իրենց վարչապետի հայհոյանքները չեն դիտարկվի որպես վատ վարքագծի օրինակ, իսկ մի ուրիշի խոսքը՝ օրինակ Նարեկ Սամսոնյանինը, դառնա քաղաքական հետապնդման ենթակա»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ իշխանություններին այնպիսի մարդիկ են անհրաժեշտ, ովքեր կկատարեն իրենց ուզածը։ Նրա համոզմամբ՝ այսօր մի փոքր դժվար է նման մարդկանց գտնելը, քանի որ նման մարդիկ արդեն իշխող կուսակցության շարքերում են։

«Այսօրվա իրավիճակում նորերին գտնելը շատ ավելի դժվար է դարձել, քանի որ հանրությունը վաղուց արդեն արթնացել է, և շատերը հասկացել են, որ եթե իրենց վրա նման պատասխանատվություն վերցնեն, հետագայում շատ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն։ Հանրությունը հասկանում է, որ սրանց օրերը հաշված են, ի վերջո սրանք ասել են մի բան, բայց բացարձակ այլ բան են արել և երևի թե իրենց համար դժվար է այդպիսի թեկնածու գտնելը»,- կարծում է նա։

Արմենուհի Կյուրեղյանը շեշտում է, որ այս հանձնաժողովի անդամները պետք է խոսեն բարեվարքության կանոնների մասին, պաշտոնյաների բարեվարքությունը ուսումնասիրեն, իսկ գործող իշխանությունները վախենում են։ Նրա խոսքով՝ իշխանություններին այնպիսի անձ է անհրաժեշտ այս հանձնաժողովում, ով կլռի իրենց բարեվարքության կանոնների խախտումները տեսնելիս ու կխոսի ուրիշի բարեվարքության կանոնների մասին, երբ դրանք միևնույն հարթության մեջ են։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց՝ նման մարդիկ հիմա դժվար են գտնվում, դրա համար էլ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը տապալվում է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված