Երևան +21°
copy image url
Ներքին Խոսք 4 շաբաթ առաջ - 18:15 28-03-2024

Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում․ ովքե՞ր կընդգրկվեն դրանում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մամուլում այսօր տեղեկություններ էին տարածվել, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն է հիմնելու։ Տեղեկությունների համաձայն՝ կուսակցությունը կոչվելու է «Նոր ուժ», իսկ հիմնադիր համագումարը կայանալու է մայիսի 1-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Երևանի ավագանին մանդատից զրկեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին: 2018-ի իշխանափոխությունից հետո ՔՊ-ի ցուցակով քաղաքապետ ընտրված ու հետո իր թիմի կողմից պաշտոնանկ արված Հայկ Մարությանն էլ հայտարարել էր նոր կուսակցություն հիմնադրելու ու հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Հարկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանը հաստատեց մամուլում տարածված տեղեկություններն առ այն, որ Հայկ Մարությանը մայիսի 1-ին նոր կուսակցություն է հիմնելու։ Նա նշեց, որ Azdarar.am կայքում արդեն հասանելի է կուսակցության հռչակած սկզբունքներն ու գաղափարները, որոնք, ինչպես կարգն է պահանջում, հրապարակվել են։

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է անդամակցել Հայկ Մարությանի կուսակցությանը՝ Իզաբելլա Աբգարյանը բացասական պատասխանեց՝ նշելով, որ շարունակում է մնալ անկուսակցական։ «Ո՜չ, ես մնում եմ անկուսակցական, բայց, բնականաբար, իմ ուժերի չափով շարունակելու եմ աջակցել իմ ընկերներին»,- ասաց Աբգարյանը։

Մեր զրուցակցից նաև հետաքրքրվեցինք, թե հայտնի դեմքերից ովքե՞ր են պատրաստվում անդամակցել կուսակցությանը, ինչին ի պատասխան նա նշեց, որ իր տեղեկություններով նոր կուսակցությունում նույն թիմն է, որը եղել է Հայկ Մարությանի կողքին և կիսում են նրա մոտեցումներն ու տեսակետները։ Ճշտող հարցին, թե «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակում ընդգրկված անկուսցական գործիչնե՞րն են լինելու Հայկ Մարությանի կուսակցությունում՝ Իզաբելլա Աբգարյանը պատասխանեց, որ ոչ ամբողջությամբ, բայց նրանց մի մասը լինելու է կուսակցության շարքերում։

Իզաբելլա Աբգարյանը նաև համոզմունք հայտնեց, որ նոր կուսակցությունն ակտիվորեն կհամագործակցի Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների հետ։ «Ինչպես տեսնում եք, թիմում կլինեն 2 կուսակցությունների անդամներ և անկուսակցականներ։ Դա կլինի միասնական թիմ, որը կգործի միասնական և հանուն նույն նպատակի՝ այն է ի վերջո ժողովրդավարական կառավարում ապահովել՝ թե՜ Երևանում, թե՜ առհասարակ ողջ հանրապետությունում»,- նշեց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք չեն հանձնվել, և գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի հեռացման հարցը շարունակում է առաջնային մնալ իրենց օրակարգում։

Իզաբելլա Աբգարյանից հետաքրքրվեցինք նաև, թե Հայկ Մարությանի կուսակցությունը պահանջելո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, թե՞ պատրաստվելու է 2026 թվականին կայանալիք հերթական ԱԺ ընտրություններին։ Աբգարյանը պատասխանեց, որ տեղեկություններ չունի՝ նշելով, որ դրա մասին հնարավոր կլինի տեղեկանալ մայիսի 1-ին՝ կուսակցության համագումարի ժամանակ։

Դավիթ Գույումջյան