Երևան +29°
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 21:00 26-03-2024

Անկախ վարչապետի անձից` Վրաստանի իշխանությունը կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախօրեին պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։ Վերջինս Հայաստանում հանդիպումներ ունեցավ Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների հետ, ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում և այլն։

Կոբախիձեն մոտ մեկ շաբաթ առաջ՝ Բրյուսել կատարած այցից հետո, պաշտոնական այցով մեկնել էր Ադրբեջան: Նա նշել էր, որ հարևան երկրների ղեկավարների հետ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը՝ կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Oragir.News-ը վրացագետ Ջոնի Մելիքյանից հետաքրքրվեց՝ սա պարզապես տարածաշրջանային ու արարողակարգային ա՞յց էր, թե՞ առանցքային էր՝ ներկայիս իրողությունների պայմաններում։ Ի պատասխան՝ նա նշեց, որ ներկայիս տարածաշրջանային գործընթացների ֆոնին Կոբախիձեի այցը հիշյալ երկու էլեմետներն էլ ուներ.

«Նախ ճանաչողական, տարածաշրջանային այցերի շարունակություն էր՝ հարաբերություններ ստեղծելու, օրակարգը քննարկելու, Երևանի մոտեցումներին ծանոթանալու համար։ Մյուս կողմից այցը կարևոր էր նրանով, որ այն առաջինն էր հունվարի վերջին ստորագրված հուշագրից հետո, որով երկու երկրները հիմնում էին ռազմավարական մակարդակի հարաբերություններ»։

Ջոնի Մելիքյանի համոզմամբ՝ շատ կարևոր էր, որ կողմերը հստակ և փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ առանց որևէ վերապահման, ինչը Վրաստանի վարչապետի կողմից նույնպես հայտարարվեց։ Նա կարծում է՝ այս ամենը նշանակում է, որ այն ուղին, որով երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին ընթանում են, իր տրամաբանական շարունակությունը կստանա՝ թե՛ սահմանազատման գործընթացներում, թե՛ օրակարգի թարմացման և դրանում ավելի կարևոր հարցեր ներառելու համատեքստում։

Մելիքյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այս այցով պաշտոնական Թբիլիսին հերթական անգամ շեշտեց ՀՀ-ի հետ նոր որակի հարաբերությունները շարունակելու ցանկությունը։ Ըստ նրա՝ սա երկար տարիներ Երևանից հնչել է, և հայկական կողմը միշտ էլ սատարել է այս գործընթացին։

Հարցին, թե Վրաստանի նոր վարչապետը ի՞նչ մոտեցումներ ունի հայ-վրացական հարաբերությունների մասով, նա կշարունակի՞ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվլիի պրոակտիվ քաղաքականությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, Կոբախիձեի այցը հայ-վրացական հարաբերությունները խորացնելու նրա պատրաստակամության ապացույցն է։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններում Վրաստանի միջնորդական ջանքերի հնարավորությանը՝ Ջոնի Մելիքյանն ասաց Վրաստանի վարչապետը Հայաստան և Ադրբեջան կատարած այցերից հետո կփորձի վերլուծել և հասկանալ, թե որքանով կա իր երկրի միջնորդական առաքելության կարիքը։

«Ինչ վերաբերում է հայ-վրացական հարաբերություններին, ապա, իմ կարծիքով, այն շեշտադրումները, նաև ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ ստորագրված հուշագրին հղումը ցույց է տալիս, որ քաղաքականությունը շարունակական է լինելու։ Այստեղ հստակ է՝ կապ չունի, թե Վրաստանի վարչապետն ով է, կարևորը իշխող «Վրացական երազանք» կուսակցության արտաքին քաղաքականությունն է, որի բաղադրիչներից մեկն էլ տարածաշրջանում ակտիվ փոխգործակցություն հաստատելն է, և դրա տրամաբանական շարունակությունն էլ հունվարի վերջին ստորագրված փաստաթուղթն էր»,- նշեց նա։

Ջոնի Մելիքյանը հավելեց, որ Իրակլի Կոբախիձեն կշարունակի այն գործընթացը, որը հիմնվել էր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի օրոք։

Ձեզ գուցե հետաքրքրի