Երևան +12°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:00 26-03-2024

Խաղամոլներ բոլոր կայքերի, միացե՛ք․ հայկական բուքմեյքերները ձևեր են հորինում նոր օրենքը շրջանցելու համար

Շահումով օնլայն խաղերի խճողված աշխարհում իրարանցում է։ Պատճառը օրենսդրության պահանջով «ապրիլի 1-ից կարող եք համալրել Ձեր խաղային հաշիվը միայն Ձեր բանկային քարտով» կազմված հայտարարությունն է, որը տեղակայված է բոլոր խաղային կայքերում, և, փաստորեն, խաղամոլ համայնքը «վայելում» է մինչ այժմ հասկանալի ու հասանելի տարբերակով գումար համալրելու և ելքագրելու վերջին օրերը։




Մենք միտումնավոր խուսափում ենք թե՛ հայկական, թե՛ արտերկրի խաղային կայքերի անվանումները գործածելուց՝ փորձելով նպաստել, որ նորանոր մարդիկ չներգրավվեն այդ մոլախաղերի ցանցին։ Այնուամենայնիվ, ոլորտին ծանոթները կհասկանան, թե խոսքը կոնկրետ ինչ հարթակների, դրանք մշակողների ու դրանց շահագործողների մասին է։

Վերադառնանք մոլախաղերի նոր իրողություններին․ պարզվում է՝ ամեն ինչ չէ կորած․ ի վերջո, ինչպես ասում են, բախտը մի դուռ փակում է, մյուսը՝ բացում։ Եվ, ահա, «բախտի» գործառույթները (տվյալ դեպքում – հեղ․) իրենց վրա են վերցրել մի քանի խումբ երիտասարդ խաղամոլներ, որոնք արդեն քանի՜ տարի է, հայտնի տեսահոսթինգի միջոցով «սթրիմ» են անում իրենց օնլայն մոլախաղերը և, կարելի է պնդել, որ խաղալու և խաղն ու խաղային կայքը գովազդելու ոլորտում մեծ առաջընթաց են գրանցել։

Ճիշտ է, տղաները և վերջերս նրանց միացած աղջիկները իրենց պարտքն են համարում միշտ հիշեցնել, որ խաղերի կամ այլ զբաղմունքների (ենթադրենք՝ խաղի թունդ պահերին ծխելու, որի ընթացքում անջատում են իրենց ցուցադրող տեսախցիկները – հեղ․) գովազդով չեն զբաղվում, և որպես դրա ապացույց՝ ամեն «սթրիմի» ժամանակ հանդես են գալիս կոչերով՝ եթե չեք խաղում՝ մի էլ սկսեք, մեզ նայեք ու դրանով «ազարտ կոտրեք»։

Թվում է, թե ամեն ինչ, տվյալ իրավիճակին բնորոշ հաշվառումներով, ճիշտ է՝ մոլախաղերի վարպետներն իրենց և հանդիսատեսի ժամանցի համար խոշոր գումարներ են լիցքավորում խաղային հաշիվ ու մեծ բաժիններով (ենթադրենք մի դրույքը՝ 5-10 հազար դրամով – հեղ․) «գլորում»։ Ինչքանով իրենց զրույցներից, որ անում են «սթրիմ»-ում, հասկանալի է՝ գումար լիցքավորելու դեպքերի ճնշող մեծամասնության պարագայում նրանք պարտվում են, և ըստ այդմ՝ բավական ակտիվ գանգատվում են տեղական խաղային կայքերի «թալանից»։

Այսինքն՝ գովազդի տեղ հակագովազդ են անում, եև ամսե-ամիս ու տարեցտարի շարունակում են թալանվել։

Վերջին շաբաթների ընթացքում, սակայն, երբ խաղային կայքերում սկսել է տեղադրվել սեփական բանկային հաշվեհամարը կցելու օրենսդրական մոտալուտ պահանջը, խաղամոլներն իրենց և հանդիսատեսի համար սկսել որոնել այլընտրանքի տարբերակներ։ Հայտնի՝ «կարմիր կովն իր կաշին չի փոխի», և «փնտրողը կգտնի» բանաձևերը տվել են իրենց գործնական արդյունքը, և, ահա, կարճ ժամանակ անց, խաղամոլ խմբերը թե՛ իրենք են գտել ելքը, և թե՛ դա մյուս եղբայրակիցներին առաջարկել։ «Փակուղուց» դուրս գալու ելքը արտերկրյա դոմեյնի տակ գործող խաղային կոնկրետ կայքում (որն իրականում ստեղծվել է շուրջ 3 տարի առաջ, ինչպես ասում են՝ «նեղ օրվա համար» – հեղ․) գրանցվելն է։





Այս դեպքում հայաստանյան օրենքը գործողության ուժ չի ունենում։ Արտասահմանյան կայքերում նաև չկա շահումից հարկ վճարելու պահանջ, ինչն անընդհատ կրկնում են հայրենի օրենքներից վրդովված խաղամոլները։

Ինչ-ինչ հնարավոր բոնուսներ ստանալու շարժառիթից ելնելով՝ այս խմբերը գործի են դնում «խաղամոլներ բոլոր կայքերի, միացե՛ք» մարտակոչը։ Իրենց՝ արդեն նոր կայքի ամենօրյա «սթրիմների» ընթացքում ճարպիկ այս տղաները խաղարկում են պրոմո-կոդեր, որոնք գործում են, եթե նոր զոհեր են ընկնում այդ նոր կայք-թակարդի ճանկերը։ Նոր գրանցված մարդիկ այս խմբի կողմից ստանում են նշանաբառեր, որոնք կիրառելով՝ ձեռք են բերում «նվեր» խաղարկություններ։ Դրանցով սկզբնական շրջանում, գրավչություն ապահովելու համար, որոշակի դրական բալանս է ձևավորվում, բայց հետո սկսվում է սովորական «թալանը»։

Մենք որպես օրինակ բերեցինք մի կայքով գործարկվող մեխանիզմը, որը, սակայն, ընդհանրական է խաղային բոլոր հարթակների համար։ Այդ նոր՝ «չհարկվող» կայքն իր արտաքին տեսքով և բովանդակությամբ հիշեցնում է Հայաստանի շուկայում վաղուց գործող և «առաջատարի» համբավ ձեռք բերած ռեսուրսին, որի ծրագրային ապահովումն իրականացնող ընկերությունը նույնանման ծառայություններ է իրականացնում նաև նոր կայքի համար։

Միջանկյալ նշենք, որ այդ ընկերությունն իր գործունեությունը ՀՀ տարածքում սկսել է 2018թ․, և, ի թիվս այլոց, զբաղվում է խաղերի և խաղացողների մասին ամենամանրամասն տեղեկությունների հավաքագրմամբ։ Ակնհայտ է, որ գործարքը երկուստեք շահավետ է․ մի ընկերություն լրտեսում է, մյուսը՝ փող աշխատում։
​​​​​


Այստեղից կարող ենք եզրակացնել, որ հայաստանյան «առաջատարը» պարզապես օգտագործում է խաղամոլներին՝ նրանց միջոցով գովազդելով «այլընտրանքային» (իսկ իրականում՝ փաստորեն սեփական մեկ այլ – խմբ․) կայքը, որտեղ, ի միջի այլոց, խաղարկությունն ընթանում է արտարժույթով, ըստ ամենայնի՝ Հայաստանի տարածքում մուտք գործելու պարագայում տեղական օրենսդրական պահանջները շրջանցելու նպատակով։ Իհարկե, արտարժույթով խաղալը ոչ մի խնդիր իրենից չի ներկայացնում․ հենց կայքում, «մեկ հպումով», կարելի է մի քանի տասնյակ «աղբյուրներից» լիցքավորում կատարել, և նույնքան եղանակով ելքագրել հնարավոր շահումն առանց որևէ հարկման։

Այսպիսով, խաղամոլների կողմից ամեն օր կատարվող «սթրիմներով» փութաջանորեն գովազդվում է հարկերից և օրենսդրական պահանջներից խուսափելու համար գործող խաղային հարթակը։ Գովազդվում է, հասկանալի է, մոլախաղերով՝ համաշխարհային հայտնիության տեսահոսթինգով, բոլորիս, այդ թվում օրենսդիր, գործադիր և իրավապահ մարմինների ներկայացուցիչների աչքի առաջ, որոնք մի կողմից մեխանիզմներ են ներդնում՝ կանոնակարգելու խաղային բիզնեսը (ոչ թե արգելելու մոլախաղերը, այլ նույնականացումը և հարկումը դյուրացնելու – խմբ․), իսկ մյուս կողմից բոլորովին դեմ չեն, որ իրենց իսկ ընդունած օրենսդրությունը բացահայտ և ակնհայտ խախտվի։

Համոզված ենք, որ պետական մեքենան ունի բոլոր անհրաժեշտ լծակները՝ թույլատրելու կամ արգելելու ցանկացած բան, և եթե ազարտ խաղերի ոլորտում դրված օրենսդրական պահանջը շրջանցվում է այսքան հեշտությամբ և բոլորին ի տես՝ ուրեմն դա կատարվում է իրավասու կառույցների հետ համաձայնեցված։

Բնականաբար՝ ընդհատակյա համաձայնեցումների մասին է խոսքը։

Տիգրան Աթանեսյան