Մշակույթ 2 տարի առաջ - 21:16 19-03-2024

Ես իմ երջանկությունը դրսից չեմ քաղում, փնտրում եմ իմ մեջ․ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է

«Իմ ծնունդը ցավոտ պատմություն է, մեր ընտանիքին վիճակված դժբախտության հետևանք: Ես կարող էի չծնվել. ծնվեցի: Իմ աշխարհ գալը լա՞վ էր, թե՞ վատ: Այդ հարցի պատասխանը ես չէ, որ պիտի տամ: Գիտեմ միայն, որ ժողովուրդը ծնունդներով է գոյատևում. ծնունդն է ժողովրդի հավերժության առհավատչյան…»,- իր «Իմ կյանքի հեքիաթը» գրքում գրել է դերասանաուհի Վարդուհի Վարդերեսյանը։

Ճիշտ էր մեծանուն դերասանուհին․ այո՛, ծնունդներով է ժողովուրդը հարատևում, իսկ իր ծնունդով՝ թևավորվեց, ոգի առնավ։ Վարդուհի Վարդերեսյանի անունը չափազանց սիրելի ու թանկ է հայ ժողովրդի համար:

Այսօր հանճարեղ դերասանուհու՝ հայ թատրոնի Մեծ տիկնոջ՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է։



Ապագա դերասանուհին ծնվել է 1928 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Իր ծնունդի մասին դերասանուհին պատմում է․ «1915-ին ծնվում է եղբայրս՝ Վարդերեսը, գեղեցիկ մի տղա, որին, ավա՜ղ, տեսնել չէի կարող, որի նկարը՝ մեդալիոնի մեջ ամփոփված, այսօր էլ կրում եմ կրծքիս վրա: 1917-ին ծնվում է քույրս՝ Արմենուհին: Ծնողներս՝ արդեն բավական առաջացած տարիքում, բավ են համարում եղածը՝ աղջիկ, տղա, և ապրում են հանգիստ, անխռով կյանքով՝ բախտավոր իրենց զավակներով:

Սակայն ոչ բոլորին է վիճակված երջանիկ լինել ամբողջ կյանքում: Վրա է հասնում մեծ ողբերգությունը մեր ընտանիքին: Եղբայրս հիվանդանում է ոսկրախտով: Ծնողներս վաճառում են իրենց համեստ ունեցվածքը՝ փրկելու եղբորս մահվան ճիրաններից: Անօգուտ: Եղբայրս մահանում է 12 տարեկան հասակում: Եղբորս մահը ցնցում է մորս, խաթարում հոգեկան աշխարհը, բանականությունը, ինչը տարիների հետ մեղմացավ, բայց չանցավ իսպառ: Այնքան մեծ է լինում մորս վիշտը, որ վճռում է լույս աշխարհ բերել մի նոր զավակ, որի փոխարինի կորած զավակին: Մորս մտադրությանն ընդդիմանում է հայրս.

-Աղավնի՛, մենք ծեր ենք արդեն, այդ նոր երեխան որբ պիտի մնա, արի վազն եկուր ադ մտքեն:



Մայրս համառում է, և ծնվում եմ ես, ոչ մորս երազած մանչը, այլ աղջիկ զավակ: Մայրս, իմանալով իմ աղջիկ զավակ լինելը, ապրում է մի նոր վիշտ, և, ինչպես պատմում էին, երկու օր չի նայել երեսիս, հրաժարվել է կրծքով կերակրելուց՝ անիծելով իր բախտը: Ի՞նչ իմանար մայրս, որ հետագայում նրա միակ նեցուկը ես պիտի լինեի:

Ի հիշատակ եղբորս՝ ինձ անվանակոչում են Վարդուհի:

Հորս չեմ տեսել: Ես վեց ամսական եմ եղել, երբ նա վախճանվել է 58 տարեկան հասակում: Այդ օրվանից որբության խարանը դաջվում է ճակատիս, ինչպես հայրս էր գուշակել: Տղայի կարոտը այնքան է լեռնանում մորս սրտում, որ ինձ մինչև վեց տարեկան լինելս՝ մինչ դպրոցական հասակս, տղայի շորերով է մեծացրել, մխիթարվել տղա ունենալու պատրանքով:

Հորս վախճանից հետո մեր ընտանիքը հայտնվում է ծայր թշվառության գրկում... Բուխարեստի ծայրամաս թաղերից մեկում պատսպարված հայ գաղթական մի ընտանիք: Թե ինչպես ենք գոյատևել, աստծուն է հայտնի»:



Ընտանիքը 1946 թ․ տեղափոխվում է Հայաստան։ Բայց հայրենադարձությունը չթեթևացրերց ծանր կյանքը։ Երիտասարդ աղջիկը գիշերային դպրոց էր հաճախում, իսկ ցերեկները աշխատում էր։ Ահա այստեղ էլ՝ ինքնագործ թատրոնում, խաղացել է իր առաջին դերը՝ Մարգարիտի կերպարը։

Բազմաթիվ են Վարդուհի Վարդերեսյանի կերտած դերերը թատրոնում. Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար», Ռանեւսկայա՝ Չեխովի «Բալենու այգին», Քլերի Ցախնասյան՝ Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը», Իշխանուհի՝ Շանթի «Հին աստվածներ» ներկայացումներում, «Պեպոյում», հնչեղ այլ բեմադրություններում:

Անմոռանալի են նրա դերակատարումները հեռուստաթատրոններում, որոնք այնքա՛ն սիրված էին ու հիմա էլ բաղձալի: Ցավոք, դրանց փոխարինելու են եկել անհամ ու անասելիք հեռուստասերիալները, որոնք բազմանում են ջրած սնկերի նման… Թատերական դերերին զուգահեռ տաղանդաշատ դերասանուհին նկարահանվել է նաեւ ֆիլմերում՝ «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե», այլ կինոնկարներ:

«Երբեմն ինձ հարցնում են՝ երջանի՞կ եմ, արդյոք, ես… Այո, երջանիկ եմ. ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար՝ սիրած գործ, ընտանիք, երեխաներ ու թոռներ: Ինձ ավելին երբեք էլ պետք չի եղել…»,-խոստովանել է Վարդուհի Վարդերեսյանը:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո