Երևան +20°
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:40 17-03-2024

Սնանկ ճանաչվելուց հետո «ֆինանսական կտրուկ լավացում»․ ինչ է թաքցնում Գագիկ Մելքոնյանը

Գուրգեն Գառնիկի Մելքոնյանը՝ նույն ինքը Գագիկ Մելքոնյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է դարձել 2021 թվականի հունիսի 20-ին։

Հայաստանի խորհրդարանի կայքում Գուրգեն Մելքոնյանի ծննդավայրը չի նշվում, մինչդեռ Վիքիպեդիան տեղեկացնում է, որ նա ծնվել է ՀԽՍՀ Մարտունու շրջանի Մոլալու գյուղում։ Մոլալուն ներկայում անբնակ է, ներառված է Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի վարչական տարածքում՝ որպես հանդամաս։

Գագիկ Մելքոնյանը, չունենալով որևէ ռազմական կրթություն, 1990 թվականից մտավ բանակ, աստիճանաբար գրանցելով զգալի կարիերային աճ, իսկ 2000-2008թթ․ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն էր թիկունքի գծով, ՀՀ զինված ուժերի թիկունքի պետը: Պաշտոնից ազատվեց 2008 թվականի ապրիլի 23-ին։

Թեև խորհրդարանի կայքը ոչ մի կերպ չի նկարագրում պատգամավորի կենսագրության 2008-2021 թվականների հատվածը, սակայն հայտնի է, որ նա 2010-ական թվականներին դատական գործընթացների մեջ էր, կորցրեց տունը, սնանկ ճանաչվեց: Որպես այդ ձախողումների պատճառ է նշվում, օրինակ, ավազի մշակման՝ Մելքոնյանների բիզնես-գործունեությունը, որի համար վարկ ստանալու գրավ էր դրվել Գագիկ Մելքոնյանի Երևանում գտնվող տունը, սաունան, Էջմիածնի գործարանը, բազմաթիվ այլ գույք, որը բռնագանձվեց 2014-15 թվականների ընթացքում։

Գագիկ Մելքոնյանի գործերը հաջող ընթացք սկսեցին ստանալ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց սկսած։ Այսպես, վարկատու «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը համաձայնեց մինչև 2021 թվականի փետրվարի 1-ը ժամանակ տրամադրել, որպեսզի Մելքոնյանի ընտանիքը չվտարվի Երևանի Նոյ թաղամասում գտնվող տնից։ Դրանից հետո, սակայն, Մելքոնյանների ընտանիքը, «նոր հանգամանք երևան գալու կապակցությամբ», վերաքննիչ դատարան ներկայացրեց բողոք՝ մատնանշելով 2020 թվականի 44-օրյա պատերազմին Գագիկ Մելքոնյանի մասնակցությունը։ Դատարանը, սակայն, մերժեց այդ բողոքի քննումը՝ այն համարելով անհիմն։

Հայտնի է նաև, որ Գագիկ Մելքոնյանի դեմ պահանջ ուներ Երևանի քաղաքապետարանը․ ապագա օրենսդիրը չէր կատարել գույքահարկի, հողի հարկի և աղբահանության գծով իր պարտավորությունները, որոնք կազմում էին շուրջ 1․2 մլն դրամ։ Հետագայում, երբ Գագիկ Մելքոնյանը սնանկ ճանաչվելուց հետո կտրուկ «ֆինանսական առողջացում» ապրեց, մարեց նաև հարկային պարտավորությունները։

Ընդհանրապես, Գագիկ Մելքոնյանին և ընտանիքին բնորոշ է պարտավորությունների չկատարումը։ Նրա ընտանիքի անդամները տարբեր ընկերություններում բաժնետերեր էին, բայց ընկերությունների մի մասը լուծարվեց կամ գործունեությունը դադարեցվեց՝ չկատարած հարկային և վարկային պարտավորությունների պատճառով: Այլ կերպ ասած՝ Մելքոնյանները ժամանակին չեն վճարել հարկերը:

Պատգամավոր դառնալուց հետո Գագիկ Մելքոնյանը, որը հաջող բիզնես-գործունեություն էր ծավալում, օրինակ, Ռուսաստանում, միաժամանակ սկսեց ակտիվ հակառուսական քարոզչություն։ Գաղտնիք չէ, որ Մելքոնյանին էին պատկանում Կրասնոդարի երկրամասի ծովամերձ հատվածում գործող 2 հյուրանոցներ՝ բավականաչափ եկամտաբերությամբ աշխատող։ Մելքոնյանը վաճառեց այդ հյուրանոցները։

Հետաքրքիր է, որ Գագիկ Մելքոնյանի բիզնեսների թվում է նաև, որքան զարմանալի լինի, կրթական ոլորտում գործունեությունը։ Հայտնի է, որ Մելքոնյանին պատկանող քոլեջում 2023 թվականի նոյեմբերի 27-ին Մելքոնյանի թոռը դանակահարեց նույն քոլեջի մեկ այլ ուսանողի։ Տուժած ուսանողին տեղափոխեցին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։ Հարցաքննության ժամանակ նա իրավապահներին հայտնեց, թե ծառից է ընկել, սակայն ոստիկանները պարզեցին, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։

Քաղաքական ասպարեզում Գագիկ Մելքոնյանի միջոցով ՀՀ գործող իշխանությունները հիմնականում տարածում են ռազմական ոլորտին վերաբերող հայտարարություններ, որոնք հիմնականում կրում են հակառուսական բնույթ։ Գագիկ Մելքոնյանն իրեն բնորոշ ոճով մեկնաբանություններ է տալիս, որոնք, սակայն, լինում են հակասական և հաճախ՝ կոնկրետ խնդրո առարկայի հետ առանց ուղղակի կապվածության։ Չնայած դրան, Գագիկ Մելքոնյանը չի խուսափում հանրային լրատվամիջոցների հետ շփումներից։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված