Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 13:30 16-03-2024

Գիտակցված հանցագործություն է. Գրիգոր Երիցյանը՝ քաղաքապետարանի էկոցիդի մասին

Երևանի ավագանու ըննդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում Սայաթ-Նովա-Տերյան, կամ Սայաթ-Նովա-Մաշտոց խաչմերուկից լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է վերջերս փոխարինված ծառատեսակների «առաջ և հետո»-ն։

Oragir.News-ի հետ զրույցում ավագանու անդամն ասաց, որ այդ հատվածում թեղիներ են եղել, որոնք փոխարինվել են գնդաձև սոսիներով՝ յուրաքանչյուր ծառի համար վճարելով 155 հազար դրամ, ինչն, իր կարծիքով, շատ-շատ թանկ է մեկ ծառի համար․

«Սա պատճառ է դարձել մեզ համար՝ կարծելու, որ ծառերի փոխարինման այս ծրագիրը ոչ կենսունակության անվան տակ իրականում պարունակում է շատ մեծ կոռուպցիոն ռիսկեր, և այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են ծառատեսակների գնման համար, ոչ մի ձևով արդարացված չեն․ նույն ծառատեսակները քաղաքը ձեռք է բերում երկու-երեք-չորս անգամ ավելի թանկ, քան նրանց շուկայական գինն է, իսկ այդ տարբերությունը գնում է ինչ-որ տեղ (պետք է հասկանալ՝ ուր)»։

Երիցյանն իր խոսում հիշեց նաև այն մասին, որ ավագանու ՔՊ-ական անդամները ծառերի փոխարինման ծրագիրը սկսեցին սակուրաների հայտնի պատմությամբ և շարունակ պնդում են, որ Երևանում պետք է տնկել այնպիսի ծառեր, որոնք մեր կլիմային հարմար են․

«Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչքանով է սակուրան, որ արդեն չորացել է Երևանում, և որի վրա այդքան գումար է մսխվել, մեր կլիմային համար։

Ծառերի կենսունակությունը ստուգելու համար հստակ գործընթաց կա՝ տեխնոլոգիաներ, գիտություն, սարքեր, որոնք պետք է օգտագործվեն, իսկ իրենք այդ փորձագիտական ներուժը չունեն․ նույն փորձագետները, որ արդեն 30 տարի է՝ ավերում են քաղաքի կանաչ ֆոնդը, հիմա խորհուրդ են տալիս Տիգրան Ավինյանին՝ այս ծառատեսակները փոխելու»։

Երիցյանը ցավով նշեց, որ քաղաքապետ Ավինյանին խորհուրդ տվող գիտնականներն այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իր իսկ կողմից նշած թեղիները խոր էտի են ենթարկել, ինչն այսօր ապացուցված է ամբողջ աշխարհում՝ անթույլատրելի է, որովհետև այդպիսով ծառերը դառնում են անկենսունակ։

«Նույն մարդիկ, որոնք տարիների ընթացքում խոր էտի են ենթարկել, փչացրել այդ ծառերը, կտրում են, որ նոր ծառեր դնեն։ Կոնկրետ Սայաթ-Նովա փողոցի վրա դրվելիք գնդաձև սոսիները ունեն համեմատաբար փոքր սաղարթ և շատ կարճ են, այսինքն՝ տարիներ հետո, երբ այդ ծառերը մեծանան, երբևէ նույն արդյունքը չեն տալու, ինչպիսին տալիս էին այն ծառերը, որ այդտեղ կային, որովհետև իրենց սաղարթն ավելի լայն էր։

Քանի որ Երևանում շոգ ամառներ են, և ստվերի պակաս կա, այդ ծառերի սաղարթի հիմնական գործառույթը նաև քաղաքացիներին ստվեր ապահովելն էր, որն արդեն ո՛չ Կասկադում, ո՛չ Թումանյան փողոցում, ո՛չ Սայաթ-Նովա փողոցում, ո՛չ էլ Ալեք Մանուկյան փողոցում այլևս չի լինելու, որովհետև իրենք բոլոր սաղարթախիտ ծառերը փոխարինելու են փոքր դեկորատիվ ծառատեսակներով, որոնք մեր կլիմային համապատասխան չեն, և հանրային առողջության համար չեն կատարում այն գործառույթը, որը ծառերը կոչված են կատարելու»։

Խոսելով իր գրառման մեջ տեղ գտած էկոցիդ բառի օգտագործման անհրաժեշտության մասին՝ Երիցյանն ընդգծեց․

«Մեր Քրեական օրենսգրքով էկոցիդը՝ կենսաբազմազանության նպատակային ոչնչացումը, արգելված է, ինչը իրականացնում է Երևանի քաղաքապետարանը ծառերի փոխարինման և անկենսունակ ծառերը կտրելու ծրագրի անվան տակ։ Իմ և մեր ավագանու այլ անդամների կարծիքով՝ սա մասնագետների գիտակցված հանցագործություն է․ Երևանում մեկ մարդու շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը առանց այն էլ շատ-շատ քիչ է, իսկ դրա կրճատումն անթույլատրելի է»։

Ավագանու անդամը մտահոգություն հայտնեց, որ կանաչ տարածքների շարունակական կրճատումը պատճառ է հանդիսացել Երևանում մի շարք հիվանդությունների ավելացման և տարածման․

«Հանրային առողջությունն է վտանգվում, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների թիվն է բարձրացել, և նոր հեկտարներով անտառ-պուրակներ, այգիներ հիմնադրելու փոխարեն՝ այս մարդիկ որոշել են եղածը միտումնավոր քանդել․ սա արվում է ոչ թե ելնելով երևանցիների, այլ մի քանի մարդու շահերից, որոնք կանաչապատման ոլորտում բիզնեսներ ունեն, և ում պետք է հարստացնել։ Եթե լրագրողական հետաքննություն արվի, պարզ կդառնա, թե ինչպես է քաղաքապետի ընտանիքը առհասարակ կապված այս ոլորտի բիզնեսների հետ, և ինչու են իրենք այսպիսի քաղաքականություն վարում»։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք հետամուտ լինելո՞ւ է խնդրի լուծման համար և բարձրաձայնելո՞ւ է այս մասին նիստի ժամանակ՝ ավագանու անդամը պատասխանեց․

«Իհարկե, հետամուտ լինելու եմ, և ավագանու նիստի ժամանակ ես էլ, գործընկերներս էլ բարձրաձայնելու ենք այս խնդրի մասին, որովհետև ինչ Ավինյանը եկել է իշխանության, միայն վերացնում է կանաչ տարածքները։ Մերգելյանի պուրակում էլ ամբողջ ծառերը հատվել են, և հիմա այնտեղ ապօրինի կայանատեղի են դարձրել։ Անցել են Օղակաձև այգուն, ուզում են կառուցապատել, իբր թե բարեկարգման անվան տակ, այնինչ՝ այդպես շարունակ իրենք միայն վնաս են պատրաստվում տալ այս քաղաքին, ինչի դեմ էլ մենք պայքարելու ենք»։

Երիցյանը վստահեցրեց՝ հարցի միակ լուծումը քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականն է․

«Քանի դեռ ինքը Երևանի քաղաքապետն է, ցավոք սրտի, երևանցիների առողջությունը, բարեկեցությունը, շահերը լինելու են անտեսված, որովհետև ինքը դրանց վրա թքած ունի և եկել է քաղաքապետի պաշտոնին փող աշխատելու, և այդ համոզմունքը արմատանում է վերջին շրջանի բոլոր, այսպես կոչված, «բարեփոխումներով»՝ գույքահարկի, կարմիր կետագծերի, հանրային տրանսպորտի թանկացումներով, և այդ բոլոր թանկացումները նրա համար են, որ նրանք կարողանան իրենց շռայլ, ցոփ ու շվայտ կյանք ապրել, իսկ երևանցիների վճարած բարձր հարկերն ու տուրքերը օգտագործեն սեփական կարիքներն ու բարեկեցությունը ապահովելու համար»,- եզրափակելով խոսքը նշեց Գրիգոր Երիցյանը։