Ներքին Միտք 2 տարի առաջ - 09:00 14-03-2024

Ով իրավունք ունի օտարել, փոխանակել ՀՀ ինքնիշխան տարածքները 

ՀՀ քրեական օրենսգրքի 421, 422 հոդվածները վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականության դեմ կատարված գործողություններին։ Սահմանադրությունում և օրենքներում ոչ մի տող չկա այն մասին, թե ով կարող է օտարել կամ փոխանակել ՀՀ տարածքի մի հատվածը։ Սակայն ՔՊ-ական պաշտոնյանները, կարծես՝ չգիտեն կամ արհամարհում են օրենսդրական սահմանափակումները և խոսում ՀՀ տարածքների հնարավոր փոխանակման մասին։

Նախ Նիկոլ Փաշինյանն էր խոսում Արծվաշենի և ադրբեջանական անկլավների փոխանակման հնարավորության մասին։ Հետագայում նա, հավանաբար, հասկացավ, որ ՀՀ տարածքն օտարելը կամ փոխանակելը հանցանք կարող է համարվել և հրաժարվեց այդ տարբերակից։ Սակայն, ինչպես ասում են, ջինն արդեն լամպից դուրս էր եկել։ Եվ տարածքների փոխանակման խոսույթը սկսեց տարածվել։

Մարտի 13-ին ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, թե վիճահարույց տարածքների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներ են ընթանում։

«Հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որը գտնվում է իրենց տարածքում։ Ներկա դրությամբ Արծավշենը մերն է, որ գտնվում է իրենց տարածքում։ Քննարկումներ պիտի գնան, թե Արծվաշենը ինչի հետ պետք է փոխվի, այդ տարածքը որ տարածքի հետ պիտի փոխվի»,- նշեց իշխող ուժի ներկայացուցիչը։

Եթե լուրջ ընդունենք պատգամավորի այս խոսքը, ապա այն կարելի է համարել հաղորդում կատարվող կամ կազմակերպվող հանցագործության մասին։ Հետևապես՝ անհրաժեշտ է իմանալ, թե կոնկրետ ովքեր են քննարկում ՀՀ տարածքները, մասնավորապես՝ Արծվաշենը ինչ-որ տարածքի հետ փոխելու հարցը։ Եթե քննարկման մասնակիցների մեջ կան ՀՀ քաղաքացիներ, ապա նրանք ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով կարող են պատասխանատվության ենթարկվել։ Եթե Արծվաշենն ու ՀՀ տարածքները փոխանակելու մասին քննարկումները կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը, ապա նա կարող է գործով անցնել որպես կազմակերպիչ։

Դժվար է հավատալ, որ ՀՀ որևէ պաշտոնյա կարող է տարածքային ամբողջականության դեմ հանցագործություն կատարել՝ քննարկել հայրենիքի որոշ տարածքների հանձնման, օտարման կամ փոխանակման մասին հարցեր։ Ուստի՝ լավատեսորեն ենթադրելի է, որ այդպիսի քննարկումներ չկան, իսկ ՔՊ-ական պատգամավորը ապատեղեկատվություն է տարածում։

Տարածքների թեման կրկին հանրային հնչեղություն ստացավ օրեր առաջ, երբ Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակը հայտարարություն տարածեց, պահանջելով անհապաղ հանձնել 4 գյուղեր։ Մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանն էր ասել, որ ՀՀ 31 գյուղերի հողերի որոշ հատվածներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։

Իհարկե՝ լավ կլինի, որ Փաշինյանի արձանագրումը 31 գյուղերի տարածքների մասին դառնա հայ-ադրբեջանական բանակցային քննարկման առարկա, փոխվարչապետը հրապարակավ պահանջի անհապաղ հետ վերադարձնել դրանք, Արծվաշենը, 2021-ին և 2022-ին Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ադրբեջանական զորքերի տիրապետության տակ անցած ՀՀ հատվածները։ Այսպիսի հակադարձումը կլինի համարժեք։ Երբ լրահոսին հետևող քաղաքացին համարժեք հակադարձում չի տեսնում, ապա ենթադրում է, որ պարտություններով ու ձախողումներով հայտնի ՔՊ-ական իշխանությունները մութ գործարք են անում, պատրաստվում են օտարել, հանձնել, ծախել, փոխանակել ՀՀ տարածքները։ Իսկ երբ ՔՊ-ական պատգամավորն է ասում, որ քննարկումներ են գնում փոխանակման վերաբերյալ, ապա քաղաքացին համոզվում է, որ իր հոռետեսական ենթադրությունը հիմնավոր էր։

Պարզ ասած՝ ՔՊ-ն պարտավոր է պարզաբանել։ Եթե ՀՀ տարածքների փոխանակման վերաբերյալ հակապետական, գաղտնի քննարկումներ կան, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն դրանց մասնակիցները։ Իսկ եթե չկա այդպիսի քննարկում, ապա պետք է հասկանալ, թե ինչու է ՔՊ-ականը բլեֆ անում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում