copy image url
Ներքին Արտաքին Խոսք 1 ամիս առաջ - 22:30 13-03-2024

Անկլավների խնդրին իրավական լուծում է պետք. դրանով հնարավոր է Ադրբեջանին ագրեսոր ճանաչել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին օրերին կրկին ակտվորեն քննարկվում է այսպես կոչված ակլավների թեման։ Թեմայի շուրջ քննարկումներն ակտիվացան հատկապես այն բանից հետո, երբ օրերս Ադրբեջանը պահանջեց անհապաղ վերադարձնել 8 գյուղերից 4-ը, որոնք ընկած չեն ՀՀ տարածքից ներս, իսկ մյուս 4-ի վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն։

Նախօրեին իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ «Երբ ադրբեջանական մամուլում բարձաձայնվում էին գյուղերի անունները, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում ոչ միայն Խորհրդային ժամանակներում, այլևս դրանից հետո»,- իր խոսքում նշել էր նա։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ Ադրբեջանը նման պահանջներ ներկայացնելու սովորություն ունի։ Նրա խոսքով՝ այդ գյուղերի խնդիրը պետք է իրավական դաշտ տեղափոխել, այլ ոչ թե քննարկումների ու բանավեճերի առարկա դարձնել։

Քաղաքագետը նկատում է, որ քարտեզները մի կողմից ստեղծվում են իրավական հիմքերի վրա, իսկ մյուս կողմից ինքնորոշման ակտերով և հանրաքվեի արդյունքով։ «Տվյալ գյուղը քվեարկում է, որ ինքը Հայաստանի կամ Ադրբեջանի մաս է կազմում, մյուսը չի քվեարկում, և այդպես էլ սահմանը որոշվում է։ Բայց Ադրբեջանը մինչև 1991 թվականի դեկտեմբերի 29-ը, որն Ալմա Աթայի հռչակագրի ընդունումից հետո է, հանրաքվե երբեք չի անցկացրել։ Ո՛չ ներկայիս, ո՛չ էլ Խորհրդային Ադրբեջանն ու Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հանրաքվեով սահմանված տարածք չուներ։ Առաջինը հիմնվել էր թուրքերի, երկորդը՝ կարմիր բանակի, Խորհրդային Ռուսաստանի կողմից, երրորդն էլ պարզապես անկախություն է հռչակել»,- նշեց նա։

Ալեքսանդր Մանասյանն ասաց, որ Ադրբեջանի Սահմանադրական ակտում, որը կոչվում է ադրբեջանական հանրապետության անկախության սահմանադրական ակտ, սահմանների վերաբերյալ անհեթեթ (ժպտում է-խմբ․) ձևակերպում է տրվել. «Ադրբեջանական հանրապետության պատմականորեն ձևավորված տարածքներն ու սահմաններն անբաժանելի են»։

Քաղաքագետը նկատում է, որ միջազգային իրավունքում նման հասկացություն գոյություն չունի։ Նա ընդգծեց, որ եթե այսօր փնտրենք Ադրբեջանի հռչակման սահմանադրական ակտը, որը ընդունվել է 1991 թվականի հոկտեմբերի 18-ին, կտեսնենք, որ այդ ձևակերպումները հանվել են, քանի որ հասկացել են, որ դրանք անհեթեթ են։

«Բայց եթե հանում ես, ոչինչ չի մնում, թե պետությունը որ տարածքում է կայացել։ Միակ հիմքը կարող է լինել Ալմա Աթայից հետո կայացած հանրաքվեն՝ 1991 թվականի դեկտեմբերի 29-ին, բայց Ղարաբաղը դրան չի մասնակցել, և Ադրբեջանն անկախացել է առանց Լեռնային Ղարաբաղի»,- կարծում է նա։

Ալեքսանդր Քանանյանը վերահաստատում է, որ անկլավների խնդիրը պետք է իրավական ճանապարհով լուծել։ «Եթե նույնիսկ իրավունքը ցույց տա, որ դա մեզ համար ընդունելի չէ, ապա մենք, հարգելով միջազգային իրավունքը, պետք է ասենք, որ դա է ճիշտը։ Բայց միջազգային իրավունքից չեն խոսում, ասում են՝ Պուտինն ասել է, Մակրոնն ասել է, Բորելը ասել է, և այլն։ Ասելով չի, պետք է գնալ իրավական հիմքերի ճանապարհով»,- ասաց նա։

Անդրադառալով այն պնդումներին, որ Ադրբեջանի պահանջը չկատարելը կարող է հանգեցնել նոր ագրեսիայի, մեր զրուցակիցը նշեց, որ եթե հղում կատարվի միջազգային իրավունքին, ապա հարձակման դեպքում Ադրբեջանը կճանաչվի որպես ագրեսոր, իսկ հակառակ պարագայում նա կպնդի, որ դրանք իր տարածքներն են և առաջ է գալիս այնտեղ։

«Իրավունքի ու իրավական հիմքերի անուն պետք է տրվի։ Ակնհայտ պարզ բան է։ Պարոն Փաշինյանը կարծես մի երկու բերան իրավունքից խոսում էր երեկ։ Միայն դա է պետք, մնացածն անհիմն են ու վտանգավոր Հայաստանի համար»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան