Այսօր
մամուլը գրել էր, որ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացություններին, Նիկոլ Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։
Ավանդույթի համաձայն, նախագահող երկրում նիստ է հրավիրվում` իր նախագահության մեկ տարվա ընթացքում, սակայն Հայաստանում կարծես այդ մասին առայժմ չեն էլ մտածում։ Ավելին ՀՀ իշխանությունները վերջին շրջանում հայտարարել են ԵՄ-ին անդամակցելու գաղափարի մասին, ինչն էլ ավելի մշուշոտ է դարձնում Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հեռանկարները։
Oragir.News-ը քաղաքագետ
Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց՝ հավանակա՞ն է, որ մինչև մայիս ԵՄ-ին անդամակցելու գաղափարը քննարկող գործող իշխանությունը ԵԱՏՄ-ի նիստերին մասնակցությունը սառեցնելու մասին որոշում ընդունի։ Ի պատասխան Դանիելյանը նշեց՝ հնարավոր չի համարում, քանի որ Հայաստանը Եվրոպական միությանն անդամակցելու ոչ մի հնարավորություն չունի։
Քաղաքագետն ընդգծում է, որ նույնիսկ Ուկրաինան ու Վրաստանը դեռևս չեն կարողացել անդամակցել ԵՄ-ին, ինչպես նաև դեռևս չի երևում, թե երբ վերջապես կանդամակցեն։ «Նույնիսկ Թուրքիան, որը 1999 թվականից թեկնածու երկրի կարգավիճակ ունի, այսքան տարի չի կարողանում մտնել ԵՄ։ Ուստի ԵՄ մտնելու մասին հայտարարությունները պարզապես խոսակցություններ են, իրականում խոսք է գնում ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների ու համագործացության մասին»։
Ստեփան Դանելյանն ընդգծեց, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյայի կողմից ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի լսել։ Ճշտող հարցին, թե բացառո՞ւմ է նման հնարավորությունը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա չի պատկերացնում։
Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Եվրոպական միությանն անդամակցելն աբսուրդի ժանրից է։ Նա հիշեցրեց, որ Թուրքիան շուրջ 3 տասնամյակ չի կարողանում անդամակցել, Վրաստանն այդքան զոհողություններից հետո դեռևս չի անդամակցել.
«Պարզապես հարաբերությունների սերտացում է լինում, թեկնածուի կարգավիճակ են ստանում և այլն։ Ուկրաինան դրա համար պատերազմի գնաց, և հիմա թույլ չեն տալիս, որ իր արտադրանքը մտնի Լեհաստան, փակում են սահմանները, ամբողջ ԵՄ-ն բողոքում է ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքից է բողոքում։ Այս պայմաններում ի՞նչ անդակցության մասին է խոսքը գնում»։
Ստեփան Դանիելյանը մանիպուլյացիաներ որակեց այն խոսակցությունները, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչին ի պատասխան էլ ռուսական կողմը ՀՀ-ին կհեռացնի ԵԱՏՄ-ից։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, ինչպես նաև հնարավոր է ՀԱՊԿ-ից դուրս գալ, սակայն շարունակել անդամակցությունը ԵԱՏՄ-ում։ Նա շեշտեց՝ այդ անլուրջ խոսակցություններն ավելի շուտ համարում է արտաքին քաղաքական մանիպուլյացիներ, քան իրականություն։
Մեր հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց շարունակի մնալ ԵԱՏՄ-ում, ինչի մասին իշխանությունները նույնպես ակնարկում են, սակայն ՌԴ-ն պնդում է, որ դրանք փոխկապակցված կառույցներ են և առանց մեկի հնարավոր չէ անդամակցել մյուսին՝ Ստեփան Դանիելյանը պատասխանեց՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ Նա շեշտեց, որ ներկայումս աշխարհում բավականին կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, ուստի ամեն ինչ էլ հնարավոր է։
Քաղաքագետը հավելեց, որ ներկայումս գտնվում ենք մանիպուլյացիաների դարաշրջանում և պետք չէ ամեն հայտարարության լուրջ վերաբերվել։
Դավիթ Գույումջյան