Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 ամիս առաջ - 21:41 08-03-2024

Եթե երկու րոպե ուշանամ, իմացե՛ք, որ արևը կանգ է առել, երկրագունդն էլ չի պտտվում․ Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է

Մեծանուն լեզվաբանը՝ կոստանդնուպոլսեցի կոշկակարի որդի Հրաչյա Աճառյանը, դեռ մանուկ հասակից է արտասովոր ընդունակություններ դրսեւորել. վաղ է սկսել խոսել, այն էլ անմիջապես երկու լեզվով՝ հայերեն և թուրքերեն: Իսկ տարիներ անց այդ լեզուների թիվն հասնելու էր մի քանի տասնյակի։

Այսօր հայ լեզվաբանության հայր, ականավոր հայագետ, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է։

Հրաչյա Աճառյանի ձախ աչքը չէր տեսնում։ Այս մասին Աճառյանն իր հուշերում կատակում է․ «Փորձով կարող եմ ասել, որ մի ոտքով կամ մի ձեռքով լինելը շատ վատ բան է, բայց մի աչքով լինելը ոչ մի նշանակություն չունի: Ահագին Արմատական բառարանս, հինգ հատոր Անձնանունների բառարանս, տասը հատորանի Լիակատար քերականությունս և այլն մի աչքի արդյունք են»: Եվ իսկապես, զարմանալ կարելի է, թե ինչպես է նա կարողացել հաղթահարել այդ խոչընդոտը՝ իր ողջ կյանքը նվիրելով հայագիտությանը։



Քչերը գիտեն, որ Աճառյան ազգանունն իր իսկական ազգանունը չէր, այլ հորինված էր դեռ աշակերտական տարիներին․ «Մահմեդականները ազգանուն չեն ճանաչում. այսպես են թուրքերը, պարսիկները, արաբները: Նրանք գիտեն միայն անուն և հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն է գրվում: Դպրոցներում էլ այդպես էր: Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը. երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան: Մի օր հոգաբարձությունը ներկայացավ և բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ և ազգանուն բերել: Ազգանվան գաղափարը նոր լինելով, շատեր չգիտեին ի՞նչ անել և հին սովորության համաձայն ազգանուն կազմեցին իրենց պապի անունից: Ես թեև դեռ փոքր, բայց անունով ազգանուն ամենևին չէի սիրում. պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան. մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիքները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի: Հյուպրյուքյան ձևը ինձ դուր չեկավ: Որովհետև Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, այլ դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն լաղապ, ուստի հարցրի հորս, թե քո մականունը ի՞նչ է (այսինքն՝ քեզ ի՞նչ ծաղրանուն են տալիս): Նա պատասխանեց, թե իրեն ասում են Կռճին Ակոբ, ես հավանեցի այդ անվան և կազմեցի Կռճինյան ազգանունը: Երբ հոգաբարձության ներկայանալով ուզեցի արձանագրվել Կռճինյան ազգանունով, նրանք ասացին, թե այդպիսի բառ չկա և վերջին տառը փոխելով շինեցին Կռճիկյան: Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյանը, որ սամաթիացի էր և որ եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով՝ իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան մինչև իմ շրջանավարտ լինելը:

Բայց իմ ընկերները իմ այդ անունը խեղաթյուրելով և կատակելով ասում էին կռճիկ, պռճիկ, մռճիկ, տռճիկ: Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը և կռճիկ բառը գրաբարի վերածելով դարձրի Աճառյան»:



Փոքր էր, երբ կորցրել է կրտսեր քրոջը։ Իր հուշերում պատմում է, որ դա իր կայնքի առաջին մեծ կորուստն է եղել․ «Ես էլ նրան շատ էի սիրում. ամբողջ գիշերը դիակին փաթաթված լացի, ողբացի և նրա հետ քնեցի: Մյուսները քանիցս քաշելով ուզում էին հեռացնել, բայց մայրս ասում էր. «Ձգեցեք թող կշտանա լալեն: Եթե կյանքի մեջ օր մը օրանց բարկացուցեր է, թող վրեժը հանե»»:

Աճառյանը 21 տարեկանում ընդգրկվել է Սորբոնի համալսարանի գիտական խորհրդի կազմում՝ լինելով ամենաերիտասարդ գիտնականը: Այդ ժամանակ էլ, երբ նա հայտնի էր գիտական աշխարհին, հազիվ էր հայթայթում ամենօրյա հացը. Փարիզի փողոցներում լրագիր էր վաճառում, կոշիկներ մաքրում… 20 ֆրանկով վաճառել է մահճակալը և քնել լրագրերի վրա՝ գլխի տակ դնելով գրքեր: «Փողոցի շնից էլ վատ է վիճակս», – գրել է մեծանուն գիտնականը: Օրվա մեջ աղոթում էր չորս անգամ և որպեսզի թիվը չմոռանար, թաշկինակի մի ծայրը հանգուցում էր:



Աճառյանը, շատ ճշտապահ լինելով, միշտ ասում էր իր ուսանողներին.

– Եթե երկու րոպե ուշանամ, իմացե՛ք, որ արևը կանգ է առել, երկրագունդն էլ չի պտտվում:

Մի օր, լսարան մտնելու պահին, Մանուկ Աբեղյանը նրան կանգնեցնում է և ինչ-որ խնդրի մասին խոսում: Աճառյանը, ժամացույցը ձեռքին բռնած, րոպեները հաշվելով, խոսում է նրա հետ:

Ուսանողները հետևում են և անձկությամբ սպասում, թե երկու րոպեն երբ պիտի անցնի: Հենց երկու րոպեն անցնում է, մի ուսանող ձայն է տալիս իր ընկերներին.

– Ընկերնե՛ր, երկրագունդը կանգ է առել:

Աճառյանը լսում է և, իսկույն ներս մտնելով, ասում.

– Երկրագունդը կանգնեցնողը ես չեմ, Աբեղյանն է:

Աճառյանը ճաշակել է ստալինյան բանտի սարսափները, սակայն մահից երբեք չի վախեցել, բարությունը նրա հոգին երբեք չի լքել: «Թող մահից վախենան նրանք, ովքեր վաղուց մահացած են»,- ասում էր նա: