Երևան +27°
Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին 1 ամիս առաջ - 09:13 07-03-2024

Տեղի է ունեցել Օքլենդում Հայաստանի պատվո հյուպատոսության պաշտոնական բացումը

Նոր Զելանդիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ Տոկիո, Ճապոնիա) Օքլենդում Հայաստանի պատվո հյուապոսության պաշտոնական բացման կապակցությամբ աշխատանքային այց է կատարել Օքլենդ։ Այս մասին հայտնում են Նոր Զելանդիայում ՀՀ դեսպանությունից:

Մարտի 2-ին դեսպանը ներկա է գտնվել հայ համայնքի մասնակցությամբ Ավստրալիայի և Նոր Զելադիայի Հայոց թեմի առաջնորդ Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանի կողմից մատուցված սուրբ պատարագին, որի ավարտին արքեպիսկոպոս Նաջարյանը հատուկ ծեսով օրհնել է Հայաստանի Հանրապետության այն դրոշը, որը տեղադրվելու էր պատվո հյուպատոսության առջև։

Պատարագից հետո կայացած ընդունելության ժամանակ սրբազան Նաջարյանը Նոր Զելանդիայում հյուպատոսության բացումը գնահատեց որպես պատմական իրադարձություն, հույս հայտնեց, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների միջև առևտրա-տնտեսական, հումանիտար, մշակութային կապերի ամրապնդմանը։

Իր հերթին դեսպան Հովհաննիսյանը հաստատեց, որ իրադարձությունը պատմական է նաև նրանով, որ 32 տարի առաջ նույն օրը՝ մարտի 2-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ ՄԱԿ անդամ, և Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանի առջև բարձրացվեց Հայաստանի դրոշը։

Դեսպանը շնորհավորեց նորանշանակ պատվո հյուպատոս Հակոբ Կարապետին՝ մաղթելով նրան ամենայն հաջողություն, և շեշտեց, որ հյուպատոսությունը կարող է լինել նաև կարևոր գործոն Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման համատեքստում։

ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Կարապետն իր խորին երախտագիտությունը հայտնեց ցուցաբերված վստահության համար, և համոզմունք հայտնեց, որ ամեն ջանք կգործադրի այն արդարացնելու համար։

Մարտի 3-ին Օքլենդում Հայաստանի պատվո հյուպատոսության առջև, արքեպիսկոպոս Նաջարյանի, եկեղեցականների և թեմական խորհրդի անդամների ներկայությամբ, Օքլենդի, ինչպես նաև այլ քաղաքներից և Ավստրալիայից ժամանած հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, դեսպան Հովհաննիսյանը և պատվո հյուպատոս Հակոբ Կարապետը բարձրացրին ՀՀ դրոշը։ Արարողությանը հաջորդեց պաշտոնական ընդունելություն։ Միջոցառման մասնակիցները չէին թաքցնում իրենց հուզմունքն ու ուրախությունը։

Մարտի 4-ին դեսպան Հովհաննիսյանը մասնակցեց ՀՀ Պատվո հյուպատոսի կողմից կազմակերպված տոնական ճաշին, որին ներկա էին Օքլենդում հյուպատոսական կորպուսի ավագ, Քուք կղզիների պատվո հյուպատոսը, ինչպես նաև Լեհաստանի, Լիբանանի, Պանամայի, Ֆինլանդիայի և այլ երկրների պատվո հյուպատոսները, Նոր Զելանդիայում Եվրոպական գործարար խորհրդի ներկայացուցիչները։

Ներկաները ջերմորեն ողջունեցին Հայաստանի պատվո հյուպատոսության հիմնումը և պատվո հյուպատոս Հակոբ Կարապետին հայտնեցին աջակցության և համագործակցության պատրաստակամություն։