ԿԳՄՍՆ-ն «էլիտար» և «սովորական» դպրոցների միջև անդունդը անհաղթահարելի է դարձնում
copy image url

ԿԳՄՍՆ-ն «էլիտար» և «սովորական» դպրոցների միջև անդունդը անհաղթահարելի է դարձնում

Ներքին 1 տարի առաջ - 22:53 06-03-2024
Դիտելով բնագիտական ուղղվածությամբ առարկաների՝ վերջին տարիների հանրապետական օլիմպիադաների արդյունքները՝ կարելի է պարզ արձանագրել, որ ամեն տարի պատվավոր հորիզոնականներ զբաղեցնող աշակերտները օլիմպիադաներին մասնակցող և մշտական բարձր արդյունքներ ցուցաբերող դպրոցներից են, որոնք, մեծ մասամբ, վճարովի դպրոցներ են։ Ինչպես ցանկացած բան, այդ թվում՝ ուսման վճարը վերոնշյալ դպրոցներում ևս վերջին տարիներին գնալով ավելի ու ավելի է աճում։ Այսօր, սակայն, հասարակության շատ փոքր մասին է հասու այդ դպրոցներում ուսում ստանալ, քանի որ ոչ բոլորն են կարողանում ձեռք բերել այդ գումարը և տրամադրել իրենց երեխաների կրթությանը, ինչն էլ ավելի է խորացնում մասնավոր և պետական դպրոցների միջև գիտության տրամադրման և դասավանդման մեթոդների արդյունավետության և որակի անջրպետը։

Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, մանկավարժության դոցենտ, կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասաց, որ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկը երկրում կրթական մակարդակի շարունակաբար գահավիժումն է, երկրորդը՝ բևեռացված հանրակրթությունը։

«Հայաստանում կրթության մակարդակը էապես ընկել է, այդ թվում՝ բնագիտամաթեմատիկական ուղղությամբ․ եթե միջին դպրոցականին տանք հանձնարարություն և նույնը տանք 10 տարի առաջվա դպրոցականին, կունենանք արդյունքի կեսը, ինչն էլ առաջացնոմ է մի իրավիճակ, երբ կրթության որակն անընդհատ ընկնում է։ Պատճառներից, թերևս, կարող եմ նշել հանրակրթության բևեռացումը, որը տանում է նրան, որ լավ դպրոցները, ուսումնական հաստատությունները միշտ պահում են իրենց մակարդակը, սակայն դրանց թիվը շատ քիչ է․ դպրոցականների չնչին տոկոսն է, որ ընդգրկված է «էլիտար» դպրոցներում, որոնց հիմնական մասը վճարովի է՝ բացի մեկ-երկուսից, որոնք պետական դպրոցներ են և անվճար են, բայց այստեղ էլ շատ մեծ մրցույթ է, և բոլորը չեն կարող այդ որակյալ կրթությունը ստանալ»։

Փորձագետի գնահատմամբ՝ սա անարդարության զգացողություն է առաջացնում հասարակության մեջ, հատկապես այն երեխաների մոտ, որոնք լավ ունակություններ ունեն, բայց նրանց ծնողները հնարավորություններ չունեն տարեկան մեկ միլիոն, մեկ միլիոնից ավելի գումար վճարելու ուսման համար։

«Չնայած մեզ մոտ ավանդաբար կա ձգտում ծնողների կողմից երեխաներին լավ ուսում ստանալու տալ, հատկապես քիչ չեն դեպքերը, երբ մարզերի դպրոցների ուսուցիչները անվարձահատույց պարապում են իրենց աշակերտների հետ, որ լավ արդյունքներ գրանցեն՝ հաշվի չառնելով այն, որ մենք այդպիսի արդյունքներ չենք կարող գրանցել, քանի որ կրթության այդ անդունդը, որ առաջացել է «լավ» և «սովորական» դպրոցների միջև, այլևս անհաղթահարելի է․ մեր երեխաները գնալով վատ որակի կրթություն են ստանալու, դրան հետևելու է վատ աշխատուժը Հայաստանում և տնտեսության անկումը․ տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե մենք չունենք որակյալ կրթված շրջանավարտներ»։

Մեր հարցին՝ համապետական մասշտաբող իրականացվող խրախուսումները չե՞ն օգնում արդյոք իրավիճակի բարելավմանը, Մխիթարյանը պատասխանեց․

«Խրախուսումներն էլ անելիս պետք է համակողմանի մոտեցում ցուցաբերել։ Հիմա բոլորս պետք է խոսենք ուսուցչի վարքի և հեղինակության մասին, որովհետև դրանից շատ բան է կախված․ եթե ուսուցչի վարքն ու հեղինակությունը հասարակության մեջ բարձր լինի, դա հնարավորություն կտա կրթության որակն էլ բարձրացնելու։ Մեր ուսուցիչների աշխատավարձերը՝ անկախ այդ շոուներից, որ կոչվում են ատեստավորում, պիտի պարզ լինեն․ հասարակությունը պիտի գնահատի իր ուսուցիչներին, որպեսզի ունենանք նորմալ մակարդակի կրթություն։ Սա ամենակարևորն է, իսկ մեր դիտածը շրջապատում լոկ դրվագներ են։ Այս պահին էլ ունենք 100-ից ավելի դպրոցներ, որտեղ ուսուցիչների թափուր աշխատատեղեր կան։ Դրանք այնքան էլ գրավիչ չեն, որ մասնագետն ուզենա գնալ և աշխատել դպրոցում։ Այս պատկերը շատ վատ է և, բնականաբար, ազդում է ընդհանուր որակի վրա։

Փորձագետը նկատում է՝ ատեստացիայի գործընթացն էլ չի օգնում վիճակը փոխելուն, քանի որ այն հանդիսանում է սուբյեկտիվ գործոն։

«Ատեստացիան չանցած ուսուցիչներ կան, որոնց աշակերտները լավ տեղեր են գրավում օլիմպիադաներին։ Այսինքն՝ ատեստացիայի գործընթացը որևէ կերպ կապ չունի ուսուցչի որակի հետ, առավել ևս՝ այն թեստերը, որոնցով նրանք ատեստավորվում են, սուբյեկտիվ են կազմված․ կարող են լինել թեստեր, որոնք դպրոցական ծրագրից դուրս ինչ-որ նյութեր պարունակեն, ինչից էլ շատ ուսուցիչներ բողոքում են։ Հետևաբար՝ ուսուցչին ատեստացիայով գնահատել չենք կարող․ ուսուցչի աշխատանքը գնահատել մեկ թեստավորման արդյունքում շատ-շատ սուբյեկտիվ է։ Ուսուցչի աշխատանքը պետք է գնահատել ժամանակի ընթացքում, և դա պիտի լինի անընդհատ վերապատրաստումների միջոցով, փորձի փոխանակության հնարավորությունների, հետազոտական աշխատանքներ անելու, այդ աշխատանքները հրապարակելու միջոցով, ինչպես անում են աշխարհի մյուս երկրներում, այլ ոչ թե մի քանի տարին մեկ անգամ ատեստացիայի մասնակցել և բարձրացնել աշխատավարձը կամ առհասարակ կորցնել աշխատանքը»։

Oragir.News-ը, դիտելով ատեստացիայի գործընթացում առկա թերությունները, բացթողումներն ու խնդիրները, մասնագետների դժգոհությունները, առկա արդյունքները փորձեց պարզել՝ արդյոք դրանք չե՞ն ունենում հակառակ ազդեցությունը ուսուցչի վարքի և հեղինակության հեղինակության հարցում։

«Այո, և դա ցցուն կերպով երևում է հատկապես փոքր բնակավայրերում, որտեղ բոլորը ճանաչում են ուսուցիչներին, և շատերը, դա հաշվի առնելով, չեն մասնակցում այդ ատեստացիաներին, որովհետև գիտեն, որ իրենց գյուղում, բնակավայրում որոշակի հեղինակություն ունեն և ցածր գնահատականի դեպքում կարող են «խայտառակվել», իսկ դա անդրադառնում է ոչ միայն այդ մարդու, այլ նաև համակարգի վրա․ համակարգը կորցնում է իր հեղինակությունը, որը ավելի վատ հետանքների է հանգեցնում։ Սա է խնդիրը»,- եզրափակելով զրույցը նշեց Ատոմ Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

08:45 Ի՞նչ անել, երբ տեղեկություն տարածվի, որ մեզ ճառագայթային ամպ է մոտենում
18:22 Իրանից ճառագայթման վտանգ կա, բայց մեր ժողովուրդն անտեղյակ է
15:35 Սամվել Կարապետյանը ՔԿՀ-ից նամակով դիմել է դատավոր Արմեն Դանիելյանին
13:54 Հորեղբայրը խեղդամահ է արել 16-ամյա զարմուհուն՝ «մուրացկան» անվանելու պատճառով
20:24 «Մենք հպարտանում ենք ձեզնով պարոն վարչապետ». ադրբեջանցու հայերեն մեկնաբանությունը՝ Փաշինյանի գրառման տակ
20:04 ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին
15:00 Վարձով են տրվում նախագահական նստավայրը, ՆԳՆ, ԱԱԾ և այլ շենքերը
18:55 Ավտովթար-վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ 37-ամյա վարորդը բախվել է կայանված տրակտորին և վրաերթի ենթարկել վարորդին
19:25 Հեռու մեզնից․ որդիս Աննա Հակոբյանի հետ չի նախաճաշել․ Հակոբ Ավետիքյան
11:32 ՌԴ–ում ձերբակալել են Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը գողացված ադամանդներ մատակարարած հանցախմբին