Ներքին 2 տարի առաջ - 13:35 06-03-2024

Արցախյան հասարակական կառույցներն ակտիվորեն զբաղվում են տեղահանված հայրենակիցների խնդիրներով

Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը մտադիր է բռնի տեղահանված արցախցիների համար ամենակարևոր՝ բնակարանային ապահովման խնդրի լուծման նպատակով հատկացնել մեկ շնչի հաշվով 3 մլն դրամ կազմող աջակցություն, որը տրամադրվելու է վաուչերների տեսքով։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, թե արցախցիներին առնչվող ծրագրերի մշակման ընթացքում հրավիրել է արցախյան հասարակության ներկայացուցիչների, նրանց հետ ծավալել «շահագրգիռ քննարկումներ»։

Սա ոչ այլ ինչ է, քան առաջացած լրջագույն խնդիրը արցախցիների «գրպանը գցելու» փորձ։
Բազմաթիվ արցախցիների կարծիքով, հայաստանյան իշխանությունների կողմից անտեսվել են արցախցիների առաջարկները։

Հասկանալի չէ, թե ի վերջո՝ արցախյան ո՞ր կառույցների «ներգրավմամբ» են ընդունվել այնպիսի որոշումներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող լուծել տասնյակ հազարավոր տնանկ արցախցիների բնակարանային «կառուցման» կամ «գնման» խնդիրը։ «Արդեն երկու օր է՝ մի հարց է տանջում՝ տեսնես նախորդ հանդիպումների մասնակիցներից ո՞վ է հանդես եկել որպես Արցախի իշխանության ներկայացուցիչ և խորհուրդ տվել ՀՀ իշխանություններին՝ տեղահանվածների հարցում Արցախի Կառավարության սխալը թույլ չտալ՝ անսահմանափակ աջակցություններով երես տալով վերջիններիս», գրում է Լիաննա Պետրոսյանը, ով նույնպես մասնակցել էր ՀՀ կառավարության հրավիրած քննարկումներին, հանդես եկել առաջարկություններով։

Բազմաթիվ արցախցիներ էլ պահանջում են լուծել իրենց զբաղվածության խնդիրը։ «Ամբողջ կյանքս իմ հույսին եմ եղել․․․ Կյանքում սոցապի դռան տեղը չեմ իմացել, իսկ հիմա այստեղ չունեմ ոչինչ․․․ գործ տվեք, աշխատեմ, պետք չէ ձեր «40+10 հազարները», կամ՝ «Եթե սեփական ուժերով պետք է աշխատանքի հարցս լուծեմ՝ դա միայն Երևանում է հնարավոր, իսկ ձեր տված գումարներով անգամ սահմանամերձ գյուղերում տուն գնել չի ստացվելու»՝ այս ու նման բովանդակության զայրացած արտահայտությունները սովորական են դարձել արցախցիների շրջանում։

Նշենք, որ վերջին օրերին Արցախի 32 հասարակական կազմակերպություն համախմբվել է ու նախաձեռնություն ձևավորել․ նրանք բաց նամակ են հղել ՀՀ իշխանություններին՝ ներկայացնելով իրենց առաջարկները բռնի տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագրի նախնական տարբերակի վերաբերյալ։ Մասնավորապես, «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանն առաջարկում է. «Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով, ծրագրի ժամկետը սահմանել երկու տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային եւ սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ: Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5 մլն դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին»։

Դատելով հասարակական հարթակներում տիրող իրավիճակից՝ արցախյան հանրային հատվածն առաջիկայում է՛լ ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու՝ ի շահ բռնատեղահանված հայրենակիցների իրավունքների պաշտպանության։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»