Երևան +11°
copy image url
Մշակույթ 2 ամիս առաջ - 20:15 04-03-2024

Բնության հարազատ զավակը․ այսօր Վախթանգ Անանյանի հիշատակի օրն է

«Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար»,- իր գրչընկերոջն այսպես է ներկայացրել Սերո Խանզադյանը։

Այսօր արձակագիր Վախթանգ Անանյանի հիշատակի օրն է։



Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնացուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։ Սակայն, ցավոք, հայրենաճանաչության դասեր տվող տաղանդավոր այս գրողի ստեղծագործությունները ներառված չեն դպրոցական դասագրքերում։

Անանյանի մանկությունն անցել է հայրենի Պողոսքիլիսա գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ Թեև ընդունվել էր Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել՝ երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է. «Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»։



«Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից,- գրում է Պարույր Սևակը։

Արձակագիր Սերժ Մանուկյանը տարիներ անց ջերմ հիշողություններ է պատմում Վախթանգ Անանյանի մասին։

«1965թ. օգոստոսին, գրողի 60-ամյակը շնորհավորելու առիթով, ինձ իր հետ նրա տունը տարավ Վ. Անանյանի «Դադարի ժամին» պատմվածքի հերոսը՝ որսորդ Կոլյան՝ Էջմիածնի Վերին Խաթունարխ գյուղից:

- Չամաչե՛ս, - ճանապարհին պատվիրեց տարեց որսորդը, - նրա սիրտը աշխարհում չես գտնի ...
Վախթանգ Անանյանը սիրով մեզ ընդունեց իր հյուրընկալ հարկի տակ:

Որսորդ Կոլյան բաժակաճառ սկսեց:

-Կոլյա ջան, խմիր, - մեղմիկ, բարեկամաբար կտրեց հոբելյարը: - Էս քանի օրը ճառեր շա՜տ եմ լսել ...Դու էն ասա՝ բոստանումդ քանի՞ լոր ես «թուխս դրել», ի՞նչ նոր հունարներ ունի քո էն զարմանալի շունը՝ Ֆիտոն ...

Երբ խոսքը թեքվեց դեպի բնություն, գրողը միանգամից պայծառացավ, մտավ իր հարազատ տարերքի մեջ: Ես համակ լսողություն դարձած, կարդացածս գրքերի հեղինակի գունեղ խոսքին ականջալուր, մտածում էի զարմացած. «Այ հրաշալի պատմո՜ղ: Ասես հենց հիմա մի-մի պատմվածք է հյուսվում ...»»:



Այսպես սկիզբ առած բարեկամությունը հետո երկար տևեց՝ մինչև գրողի կյանքի մայրամուտը․

Խոշորամարմին ու առնական տղամարդ էր Վ. Անանյանը: Ընթերցողները նրան հենց այդպիսին էլ պատկերացնում էին (դե բնության հարազատ զավակ «ավագ որսկանը» ուրիշ ինչպե՞ս կարող էր լինել):

Վերջին տարիներին, սակայն, երկարատեւ հիվանդություններից հյուծվել, վիթխարահասակ կաղնու նման մարդը սմքել, փոքրացել էր:

Համալսարանական ընկերներիս խոստացել էի ծանոթացնել նրան:

Եվ ահա սեղմեցի Երեւանի նրա բնակարանի զանգի կոճակը: Դուռը մեր առջեւ դանդաղորեն բացեց ինքը՝ անվանի գրողը:



- Ահա եւ Վախթանգ Անանյա՛նը, - ասացի ես բարձրաձայն ու հանդիսավոր շեշտով: Նայեց, աչքերով գուրգուրեց մեզ, տխրամած ժպտաց. երեւի հիշեց, որ ինքն էլ ջահել ժամանակ իմ ուսանող ընկերներին համակած այս նույն զգացումներով Թիֆլիսում այցելել է պատկառազդու Շիրվանզադեին:

Անակնկալի եկած ընկերներիս հայացքներն ասում էին. «Մի՞թե այսպիսին է Վախթանգ Անանյանը»: Մեր անվանի գրողը, որ նաեւ հոգու որսորդ էր, կարդաց-հասկացավ ընկերներիս հայացքները: Հասկացավ եւ տեղն ու տեղը «ուղղեց» ինձ՝ ասելով.

- Ոչ թե՝ ահա Վախթանգ Անանյանը, այլ՝ ահա Վախթանգ Անանյանի մնա-ցորդ-ները ... Դե, ջահելներ ջան, մի համարձակ ներս եկեք, իմ լուսանկար-վկայականները ձեզ կասեն, թե ի՜նչ տղամարդ եմ եղել ես․․․»։

Ամենից շատ դիտված

17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:20 Ժողովրդական ընդզման օրերին Փաշինյանը որոշել է անակնկալ մատուցել
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի