copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 ամիս առաջ - 22:30 01-03-2024

Խաչատուրյան-Բարզանի հանդիպումը խորհրդանշական էր. ՀՀ-ն Իրաքի Քրդստանի տարածաշրջանը չի ճանաչում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրաք կատարած այցի շրջանակներում Հայաստանի նախագահ Վահանգն Խաչատուրյանը Էրբիլում հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի հետ։ Վերջինս Խաչատուրյանի այցը պատմական է գնահատել և շեշտել, որ այն դրական խթան կհանդիսանա երկու երկրների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման և հարաբերությունների զարգացման գործում։

Oragir.News-ն արաբագետ Արմեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե Մասուդ Բարզանիի հետ այս հանդիպումը վկայո՞ւմ է այն մասին, որ ՀՀ-ն հակված է ճանաչելու Իրաքյան Քուրդիստանի շրջանը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ինչին մեր զրուցակիցը բացասական պատասխանեց։ Արաբագետն ուշադրության ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Խաչատուրյանի այցն այս տարածաշրջան տեղի է ունեցել Իրաք կատարած այցի շրջանակներում։

«Խաչատուրյանի այցը եղել է Իրաքի Հանրապետություն, և միայն այնտեղի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո է նա այցելել Իրաքի Քրդական տարածաշրջան՝ Էրբիլ, որտեղ էլ հանդիպել է Բարզաննի հետ։ Ինձ թվում է Մասուդ Բարզանիի հետ հանդիպումը զուտ սիմվոլիկ խորհրդանշական բնույթ կարող է ունենալ, քանի որ նա ըստ էության ոչ մի վարչական պաշտոն չի զբաղեցնում, պարզապես Իրաքի էթնիկ քրդերի, հատկապես բարզանի ցեղի շրջանում հեղինակություն է, շատ կարևոր գործիչ»,- ասաց նա՝ նշելով, որ այս այցը ոչ մի կերպ չի կարելի բնութագրել որպես Հայաստանի կողմից այդ տարածաշրջանի ճանաչման իրողություն։

Արաբագետը կարծում է, որ Հայաստանի օրակարգում չկա և տեսանելի ապագայում չի էլ կարող լինել նման մտադրություն, քանի որ նախ այդ տարածաշրջանը 2017-2018 թվականներից հետո անկախության չի ձգտում՝ հաշվի առնելով միջազգային արձագանքը։ Նա շեշտեց, որ Հայաստանի օրակարգում շատ ավելի առաջնային ու կարևոր են հարաբերությունները Իրաքի, Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության, որոնք թույլ չեն տալիս նման քայլ իրականացնել, քանի որ դա փաստացի կնշանակի ուղիղ հարված հասցնել Իրաքի տարածքային ամբողջականությանը։

«Դա հղի է հետևանքներով ոչ միայն Իրաքի կողմից, այլ նաև նշածս մյուս երկրների հետ, որոնց հետ բարեկամական ու կարևոր հարաբերություններ ունենք»,- նկատեց նա։

Արմեն Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ Վահագն Խաչատուրյանի այցն աշխարհաքաղաքական նշանակություն չի կարող ունենալ։ Նա շեշտում է՝ Հայաստանի Հանրապությունում նախագահի դերակատարումն ավելի արարողակարգային ու խորհրդանշական է, իսկ գործադիր իշխանությունը ներկայացնում է վարչապետը, և արտաքին քաղաքականության իրականացումը նույնպես վերապահված է գործադիր իշխանությանը։

«Այս այցը կարևոր է երկկողմ հարաբերությունների համատեքստում՝ հաշվի առնելով Իրաքի նախագահի վերջին տարածաշրջանային այցը՝ 2023-ի տարեվերջին, Մյունխենում Հայաստանի վարչապետի հանդիպումներն Իրաքի մի շարք կարևոր պաշտոնյաների հետ։ Բնականաբար այս ամենի համատեքստում էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափից, խորացման հնարավորություններից այն կողմ այցից այնքան էլ ճիշտ չի լինի այլ ակնկալիքներ ունենալ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի