Շինարարության այս մեթոդները հնացած են, երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը 3 ամսում կառուցել. Փաշինյան
copy image url

Շինարարության այս մեթոդները հնացած են, երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը 3 ամսում կառուցել. Փաշինյան

Ներքին 1 տարի առաջ - 13:49 28-02-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը և նրա տեղակալները Կառավարության ղեկավարին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տարածքային զարգացման քաղաքականության շրջանակում իրականացված աշխատանքների վերաբերյալ:

Դպրոցաշինության, տարածքային բարեփոխումներին աջակցության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակում վարչապետին զեկուցվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ընթացքի մասին: Նշվել է, որ այն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ Խոշորացված համայնքներում իրականացվել է 77 ծրագիր։

Ինչ վերաբերում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, ըստ պատասխանատուների, այն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշն է նվազագույնը 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումը և շուրջ 22000 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Նախորդ տարեվերջի դրությամբ ավարտվել են 16 դպրոցների կառուցման աշխատանքները: Ծրագիրը իրականացվել է 7 մարզերում /մեկական դպրոց/ և Երևան քաղաքում /9 դպրոց/։ Մինչ այժմ շահագործման հանձնած 16 դպրոցներում անվտանգ կրթական պայմաններ են ստեղծվել շուրջ 10700 աշակերտի համար։ Մշակվել են նաև տվյալ դպրոցների՝ աղետների ռիսկի կառավարման և տարհանման պլանները։ Մշակված և հաստատված են ՀՀ սեյսմիկ շինարարական նոր նորմերը, սեյսմակայուն շինարարության ուղեցույցը, 1:500000 սեյսմիկ վտանգների քարտեզը, շինարարության բնագավառում վերապատրաստվել է ավելի քան 100 աշխատող մասնագետ։ Ծրագրով 2023թ.-ին իրականացվել են 12,2 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 37,1%։

Հաջորդիվ անդրադարձ է կատարվել Տարածքային զարգացման հիմնադրամի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ներգրավվածությանը, շինարարական ծրագրերի որակին և արդյունավետությանը: Վարչապետը նշել է, որ պետք է մտածել շինարարության ինդուստրիալիզացիայի մասին: «Շինարարության այս մեթոդները կամաց-կամաց հնացած են համարվում: Այսօրվա ստանդարտներն ուրիշ են և՛ էներգախնայողության, և՛ շրջակա միջավայրի վրա ազդեցության, էկոլոգիական չափանիշների առումով: Երկրներ կան, որ կարող են 300 դպրոցը երեք ամսում կառուցեն, ավարտեն: Ու սրա մեջ չափազանցություն չկա, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ բազմաբնակարան շենքերը շաբաթների ընթացքում կառուցում են: Գուցե մտածենք այս ուղղությամբ ներդրումները խթանել: Հիմա տնտեսական արդիականացման ծրագիրը, որ արվում է, հենց ճանապարհաշինության ոլորտում մեծ էֆեկտ է տվել, որովհետև բերվել է նոր շինարարական տեխնիկա և այլն: Գուցե շենքերի շինարարության ոլորտում ինդուստրիալիզացիայի ծրագրերը խթանենք, որոշակի ծրագրեր սուբսիդավորենք, որպեսզի մարդիկ սկսեն շինհրապարակների տրամաբանությունից դուրս գալ գործարանների տրամաբանության: Մենք կարող ենք դա ամեն դեպքում խթանել, և մեր քաղաքականությանը համապատասխան է:

Մեր մոդուլային դպրոցներն իրականում փոքր շինարարություններ են: Ինդուստրիալ տրամաբանության մեջ եթե դնեն, շատ արագ կարելի է կառուցել, ամեն դեպքում ժամկետները կիսով չափ կրճատել և դուրս գալ: Հիմա եթե նույն շինարարություններն այդքան հետաձգվում են, դա կոնկրետ տնտեսական ազդեցություն է ունենում բոլորի վրա: Պետք է գնանք առաջ և լուծենք այս հարցը, որովհետև ինչպես ասել ենք, սա 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի առաջին փուլն է, զարգացման ռազմավարություններին համապատասխան մեզ երկրորդ, երրորդ, չորրորդ 300 դպրոցն էլ է վստահաբար պետք լինելու: Սա ավարտելուց հետո էլ, հույս ունենք, որ մեր ժողովրդագրության և տնտեսական զարգացման ծրագրերն այնպիսին կլինեն, որ այս բոլոր եղածներն ավարտելուց հետո ցանցը զարգացնելու լրացուցիչ հարց պետք է ունենանք օրակարգում»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ դպրոցները շահագործման հանձնելուց հետո պատասխանատուները հետևո՞ւմ են դրանց հետագա շահագործման ընթացքին: «Այն, որ ճանապարհը փոս է ընկնում, ճաքում է, դա բոլորը տեսնում են, կամ շատերն են տեսնում, բայց այն, ինչ դպրոցի ներսում է կատարվում, դա քչերն են տեսնում: Մենք գնո՞ւմ ենք, տեսնենք, թե ինչ կա-չկա»:

Սարգիս Բաղինյանը զեկուցել է, որ շատ դեպքերում դպրոցների տնօրինությունը թերանում է վերանորոգված օբյեկտների պահպանման, սպասարկման գործում: «Կառուցված կամ հիմնանորոգված օբյեկտը մեկ տարի երաշխիքի մեջ են, լինում են թերություններ, որոնք շինարարներն ամբողջությամբ վերացնում են»,- ասել է Բաղինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է շատ խիստ վերահսկողություն իրականացնել: «Այսինքն՝ սպասարկումը պետք է, դա էլ շատ ծավալուն և կարևոր թեմա է: Կառավարման և սպասարկման մշակույթ պետք է նաև ձևավորենք, որովհետև այս դպրոցները, որ նորոգում ենք, ոչ մի տարվա է, ոչ էլ երկու տարվա, երկարաժամկետ ներդրում ենք արել, և պետք է հույս ունենանք, որ այդ ներդրումն իրեն արդարացնելու է»,- ասել է վարչապետը:

Անդրադարձ է կատարվել նաև էներգախնայողության ծրագրերին, որոնք ևս իրականացվում են ՏԶՀ-ի կողմից: Վարչապետը նշել է, որ էներգախնայողության ծրագրերի հետ կապված հանրության շրջանում իրազեկվածության խնդիր կա: «Այսինքն՝ կողքի շենքում իրականացրել ենք էներգախնայողության ծրագիր, այդ մարդկանց պետք է ցույց տանք այս շենքի բնակիչներին, թե ինչ կոմունալ ծախսեր էին անում, հոսանքի և գազի փող վճարում և հիմա որքան: Դա, իմիջիայլոց, մեզ համար էլ է շատ լավ ինդիկատոր՝ գնահատելու այդ ծրագրի արդյունավետությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն՝ արձագանքելով, նշել է. «Ինչ թիվ էլ ստանանք, ենթադրենք՝ պատկերացնենք 30 տոկոս, իրականում ավելի մեծ է իր արժեքը լինելու, ասեմ ինչպես. հիմա երբ շենքը մենք փաթեթավորել ենք էներգախնայող, իր մուտքերն էլ է տաք և դա որևէ տեղ չենք հաշվելու, այսինքն՝ դա չի երևալու: Այսինքն՝ այդ թիվը, ինչ ստանանք, արդյունքն իրականում ավելին է լինելու»:

Վարչապետը նշել է, որ եթե արդյունքները շոշափելի լինեն, գուցե Կառավարությունն, ընդհանուր առմամբ, այդ ծրագրերին ավելի շատ ուշադրություն դարձնի: «Որովհետև դա հսկայական պոտենցիալ է գեներացնում, որը կարող է տնտեսության զարգացման այլ ճյուղի վրա ներդրվի և տնտեսական լուրջ խթան դառնա»:

Պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի վերաբերյալ։ Ծրագրի նպատակը ոռոգման համակարգերի արդիականացման շնորհիվ համակարգերի արդյունավետության բարձրացումն է բարձր ջրակորուստների, շահագործման և պահպանման ծախսերի կրճատմամբ: Նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում կառուցվել/վերականգնվել են 123.4 կմ երկարությամբ մայր և միջտնտեսային ջրանցքներ, 277.6 կմ երկարությամբ ներտնտեսային ոռոգման համակարգեր, 37.4 կմ երկարությամբ ինքնահոս համակարգ։ 2023-ին իրականացվել են 3․99 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 5․8%։

Զեկուցվել է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի վերաբերյալ: 2023թ.-ի ընթացքում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով կառուցվել, վերակառուցվել կամ հիմնանորոգվել են 54.8 կմ ջրատար, 450.7 կմ բաշխիչ ցանց, 23.7 կմ կոյուղագիծ, 13486 անհատական տնային ջրաչափական հանգույցներ։ Ընդհանուր առմամբ՝ այս ուղղությամբ 2023թ.-ին իրականացվել են 3․74 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 4․5%։ Ծրագրի շրջանակում աշխատանքներն իրականացվել են 7 մարզերի (Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Կոտայքի և Սյունիքի մարզերի) 63 քաղաքային և գյուղական բնակավայրերում:

Այնուհետև՝ զեկուցվել է Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագրի վերաբերյալ: Հաշվետու ժամանակահատվածում կառուցվել կամ վերակառուցվել է 98․1 կմ ջրամատակարարման բաշխիչ ցանց, 76.1 կմ անհատական տնային միացումներ։ 2023թ․ ընթացքում կատարվել են 1․4 մլրդ դրամի աշխատանքներ։

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել նաև «Վեոլիա ջուր» ընկերության սպասարկման տարածքում գտնվող և հրատապ լուծում պահանջող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Ծրագրով կառուցվել են 148․1 կմ ջրատար ճյուղեր, 4852 կմ տնային միացումներ, մեկնարկել է Մեղրի և Ագարակ քաղաքների ՋՄԿ-ի վերակառուցումը։ 2023թ․ ընդհանուր կատարողականը կազմել է՝ 1․7 մլրդ դրամ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 50%։ Ծրագրի նպատակն է Արարատի և Գեղարքունիքի մարզերի 7 համայնքների «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 20 բնակավայրերում ջրամատակարարման համակարգերի տեխնիկապես առավել մաշված և շահագործման տեսանկյունից անմխիթար վիճակում գտնվող բաշխիչ ցանցերի վերականգնումը: Աշխատանքներն ավարտվել են 13 բնակավայրերում։

Ջրամբարաշինութան ծրագրերից ներկայացվել է նաև «Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունն Արարատյան հարթավայրի բերրի հողերում` ապահովելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով: 29․4 մլն խ/մ ջրամբարի կառուցման աշխատանքների 96 տոկոսը կատարված են: Ինչ վերաբերում է Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում ծրագրին, նշվել է, որ ծրագրով նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լիճ ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ): Մինչ օրս իրականացվել են մոբիլիզացիոն և հատակային ջրթողի վերանորոգման նպատակով գետի ջրի հեռացման համակարգի կառուցման աշխատանքները, ինչպես նաև մշակվում են Բնապահպանական սոցիալական կառավարման պլանն ու աշխատանքների համար անհրաժեշտ մեթոդաբանությունները։ Տարվա ընթացքում ներդրումները կազմել են 5․3 մլրդ դրամ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ջրաձոր բնակավայրի վերաբնակեցման և հողերի ձեռքբերման ծրագրին, որը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության կողմից: Նախորդ տարվա ընթացքում ընտրվել են գյուղի վերաբնակեցման ծրագրի իրականացման խորհրդատու և գյուղի նախագծային խորհրդատու։ Արդեն իսկ պատրաստ են գյուղի նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Քննարկման ընթացքում վարչապետի ներկայացվել է Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման /զբոսաշրջության/ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները ևս: Ըստ այդմ՝ այն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։ 2023թ.-ին իրականացվել են 5․1 մլրդ դրամի աշխատանքներ։ 2022թ․ համեմատ աճը կազմել է 155 տոկոս։ Ծրագրով նախատեսված 42 ենթածրագրից 19-ը ավարտված են, 16-ը՝ ընթացքի մեջ են, 7-ը գտնվում են նախապատրաստական տարբեր փուլերում: Ավարտված ծրագրերը փոխում են թիրախային զբոսավայրերի դեմքը. Գյումրիի պատմական կենտրոնի վերականգնումը և 11 փողոցների հիմնանորոգումը, Խոր Վիրապի տարածքի բարեկարգումը, Դվինի հուշարձանների վերականգնումն ու ամրակայումը, Գորիսի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի ու տների պատմական տեսքի վերականգնումը, Ջերմուկի 6 փողոցների, ըմպելասրահի և հարակից տարածքի բարեկարգումը, Գառնիի տաճարին առնչվող 4 ենթածրագրերի իրականացումը, Գառնիից դեպի Խոսրովի արգելոց տանող ճանապարհը, Գառնի–Լանջազատ 18 կմ-անոց ճանապարհի կառուցումը և այլն։

Ամենից շատ դիտված