Ներքին 2 տարի առաջ - 16:10 27-02-2024

Կայացել է վարչապետ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Ողջունելով վարչապետի այցը Հունաստան` Հունաստանի նախագահը նշել է. «Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման զգացումներով: Կառուցողական կերպով համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակում և այս ոգով ամբողջովին կիսում ենք Ձեր հետաքրքրությունը` պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում:

Զուգահեռ իրազեկ լինելով Ձեր ջանքերին` բարեփոխումների իրականացման գործում, մենք սատարում ենք, և ինստիտուցիոնալ երկխոսությունը խորացնում Հունաստանի և Հայաստանի միջև: Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և խոսքերի համար և նշել. «Մեր երկրների միջև կապերը` քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավացիորեն նշեցիք, երկար պատմություն ունի, մեր ժողովուրդների միջև խորը էմոցիոնալ կապ կա: Այս առումով, իհարկե, այդ էմոցիոնալ կապը արտահայտվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հունաստանի օգնությամբ, ինչի համար շնորհակալ եմ:

Ուրախ եմ, որ առիթ ունենք վերջին 33 տարիների ընթացքում խորացնել նաև մեր միջպետական հարաբերությունները: Եվ ուրախ եմ, որ այդ պատմական խորը համագործակցությունը կարևոր կոմպոնենտ է ստացել` դա համագործակցությունն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Հունաստանը Եվրոպական միությունում մեր կարևորագույն գործընկերներից է և մեր հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը մեր ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է: Նաև այդ աջակցության համար ենք շնորհակալ, նաև նրա համար, որ Հունաստանը մասնակցություն ունի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը:

Համոզված եմ, որ այս այցի ընթացքում երկկողմ համագործակցության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու առիթ կունենանք: Այս հատվածում կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան