Ներքին 2 տարի առաջ - 13:50 27-02-2024

Հայաստանի և Իրաքի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել գործարար կապերը երկու երկրների միջև

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը Բաղդադում հանդիպման ընթացքում քննարկել են հայ-իրաքյան համագործակցության զարգացման լայն օրակարգը, անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Իրաքի նախագահի հետ հանդիպումից հետո ԶԼՄ-ների համար հայտարարությունների ընթացքում այս մասին ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

«Մասնավորապես, կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների շարունակականությունը, երկու երկրների միջև տարբեր ոլորտներում առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը»,- ասաց Խաչատուրյանը:

Երկու երկրների նախագահները գոհունակությամբ արձանագրել են վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճի տեմպերը՝ կարևորելով առևտրատնտեսական կապերի խորացումը և Հայաստանի ու Իրաքի միջև ներկրվող և արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան:

«Պայմանավորվել ենք, որ երկու կողմերի համապատասխան գերատեսչությունները աշխատանքներ կտանեն ակտիվացնելու գործարար կապերն՝ ապահովելու Հայաստանում և Իրաքում անցկացվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին և համաժողովներին երկուստեք ակտիվ մասնակցությունը»,- մանրամասնեց ՀՀ նախագահը:

Հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախագահներն ընդգծել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի դերը և գոհունակությամբ նշել, որ հանձնաժողովի՝ անցած տարի սեպտեմբերին տեղի ունեցած հերթական նիստի արդյունքներով ստորագրված արձանագրության կետերն արդեն իսկ սկսել են կյանքի կոչվել՝ նոր թափ հաղորդելով երկկողմ համագործակցությանը:

«Կարևորել ենք Հայաստանի և Իրաքի միջև փոխգործակցության ակտիվացումը էներգետիկայի, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, թվայնացման, էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և այլ հարակից ոլորտներում, ինչպես նաև առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և հումանիտար բնագավառներում՝ արձանագրելով վերոնշյալ ոլորտներում առկա մեծ ներուժը»,-ասաց ՀՀ նախագահը:

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Իրաքում է։ ՀՀ նախագահը հանդիպում կունենա նաև Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա-Ալ Սուդանիի հետ։ ՀՀ նախագահն այցի ընթացքում դասախոսությամբ հանդես կգա Բաղդադի համալսարանում։ Կայցելի նաև Էրբիլ, որտեղ հանդիպումներ կունենա Իրաքյան Քուրդիստանի շրջանի պատվավոր նախագահ Մասուդ Բարզանիի և Իրաքյան Քուրդիստանի շրջանի նախագահ Նեչիվան Բարզանիի հետ։ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Իրաքի և Իրաքյան Քուրդիստանի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ։ ՀՀ նախագահի պատվիրակության կազմում Իրաք են ժամանել նաև գործարարներ, որոնք կմասնակցեն գործարար համաժողովի։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան