Երևան +15°
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:00 24-02-2024

Ինքը ոտ-ոտ Գյումրի ո՞ւմ հաշվին գնաց. երգչուհի Արմինե Գրիգորյանը՝ արտիստների հարկման մասին

Ինչպես նախօրեին հայտնել է Oragir.News-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարութան հերթական նիստի ժամանակ խոպանչիներին հարկատու դարձնելու համատեքստում կրկին անդրադարձել է շոուբիզնեսյան արտիստներին՝ նշելով, որ բոլոր նրանք, որոնք չեն վճարի հարկերը, օրենքով սահմանված պատասխանատվություն պետք է կրեն:

Փաշինյանի հայտարարության շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցեց երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանի հետ, ով խոսքի սկզբում նշեց՝ 2019 թվականին ինքն անձամբ դեմ չի եղել հարկվելուն.

«2019-ին, երբ խոսակցություն եղավ, որ պետք է հարկվեն շոուբիզնեսի ներկայացուցիչները, ես դեմ չէի՝ մտածելով՝ ինչու պիտի ուսուցիչը հարկվի, բայց երգիչը՝ ոչ: Պարզապես մենք սկզբում սովոր չէինք, որ պետք է հարկվեինք:

Այսպես էին մտածում բոլոր ադեկվատ արտիստները: Բայց սկսած քովիդից, այլանդակություններից և, առհասարակ, ամեն ինչից հետո հարց է առաջանում, թե ում տալ և ինչի համար. չէ՞ որ մարդիկ իրենց աչքերով են տեսնում՝ ինչ է կատարվում»:

Երգչուհին մտահոգություն հայտնեց, որ իր համար անհասկանալի է՝ ամբողջ հարկերը ուր են գնում.

«Պարգևավճարների՞ վրա: Սովորական քաղաքացին տեսնում է, որ ամբողջ գումարը գնում է լրիվ ուրիշ բանի վրա, այլ ոչ թե բանակաշինության վրա. այդ գումարները պիտի ծառայեն ի նպաստ երկրի զարգացման:

Հասարակության 20-30 տոկոսը հարստանում է, մնացած 70-80 տոկոսի վիճակը գնալով ավելի է վատանում:

Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե որն է ստեղծված իրավիճակում երգչուհու կողմից առաջարկվող հնարավոր լուծումը:

«Լուծումը միակն է. այս կառավարությունը չլինի, գան նորմալ, ազգասեր, հայրենասեր, երկիր սիրող, գործից բանիմաց մարդիկ: Իրավաբանը նստած է Առողջապահության նախարարությունում, Առողջապահության նախարարը նստած է խաղողապահության նախարարությունում և այլն. այս խառնված վիճակը ոչինչ չէ, այլ արդեն շատ վատ է երկրի համար: Երկու տարի ասում էին՝ «թողեք, աշխատենք», թողեցինք, տեսա՞ք՝ ինչ օրի բերեցին մեր երկիրը: Իրենց օրոք ես ոչ մի լուծում չեմ տեսնում. իրենք գնալով քաոսի են տանում երկիրը, ինչպես տեսնում ենք բոլորս»:

Գրիգորյանի խոսքով՝ մինչև քովիդը ինքն էլ էր այդ ամենին կողմ, բայց մինչև պատերազմը հասկացավ՝ ովքեր են, ու ինչ է կատարվում:

Oragir.News-ը փորձեց պարզել նաև, թե երգչուհին ինչպես կհակադարձի Երևան հասնելու այլ ճանապարհ գտնելու մասին շոուբիզնեսի ներկայացուցիչներին ուղղված վարչապետի խոսքը:

«Ինքը ոտ-ոտ Գյումրի ո՞ւմ հաշվին գնաց, ո՞ւմ սարքած փողոցներն էին: Իրեն կարելի է, մյուսներին չի՞ կարելի, ի՞ր երկիրն է, ի՞ր սարքած ճանապարհներն են: Բոլորս էլ աշխատում ենք և պարտավոր ենք հարկ վճարել:

Oragir.News-ի հարցին՝ արդյոք հարկվե՞լն էր պատճառը, որ մի շարք հայ շոուբիզնեսյան ներկայացուցիչներ լքեցին Հայաստանի Հանրապետությունը, երգչուհին ասաց.

«Չեմ կարող ասել, որ դա հիմնական պատճառն էր, բայց այո, շատերը հենց այդ պատճառով գնացին, որովհետև այստեղ ամեն ինչ անհնարին էր դարձել իրենց աշխատանքի մասով, որովհետև պետք է ոլորտին օգնություն լինի, որ հետո պահանջեն: Ինչ իրենք եկել են, մենք ամեն օր արթնանում ենք պատերազմի վախով: Լավ, տղամա՞րդ չեք, չե՞ք կարող այնպես անել, որ այս ժողովուրդը մի քիչ հանգստի մեջ ապրի: Ամեն օր՝ արդեն 6 տարի, քաոսի մեջ ենք արթնանում: Մարդ չի իմանում՝ ինչ ծրագրեր գծի, որովհետև վաղը կարող է պատերազմ լինի: Մենահամերգ էի դնում, օրը գալիս էր, հանում էինք, որովհետև մեկօրյա պատերազմ է լինում: Եվ առհասարակ՝ անընդհատ քաոս, անընդհատ պատերազմ:

Ես չեմ մտածել երկրից գնալու մասին. սա իմ երկիրն է, որտեղից ինձ կարող են միայն ուժով տանել, բայց կյանքն այնպես է դառնում, որ անհնարին է լինում ապրելը թեկուզ հենց շոուբիզնեսի աստղերի համար: Տեսնում ենք, թե ուրիշ երկրներում ինչպես է պետությունը աջակցում արտիստներին ամեն ինչով, իսկ այստեղ ոչինչ չեն անում և պահանջում են: Թող պահանջեն այն մարդկանցից, որոնց համար իրենք անում են, իրենց այդ մարդիկ վճարեն, մնացածն էլ հետո կվճարեն»:

Ամենից շատ դիտված