Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:24 22-02-2024

Հարավային Կովկասում այժմ առաջին տեղում ենք. Փաշինյանը՝ ֆրանսիական խոշոր ընկերությունների ղեկավարներին

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Փետրվարի 22-ի առավոտյան վարչապետն այցելել է «Քաղաքական երկխոսության էլիտար ակումբ», որտեղ հանդիպում է ունեցել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող ֆրանսիական խոշոր մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, տնտեսական ակտիվության հեռանկարներին, տնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին, բիզնես միջավայրի բարելավման քայլերին, ներդրումային ծրագրերի հնարավորություններին:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվել են. աճը 90 տոկոսից ավելի է: «Սա նշանակում է, որ երկրում ստվերի կրճատման և մրցակցության իրավիճակի բարելավման շատ էական փոփոխություններ են տեղի ունեցել: 2023 թվականին տնտեսական աճը Հայաստանում կազմել է 8,7 տոկոս, ինչն ակնհայտորեն բարձր ցուցանիշ է: 2022-ին մեր տնտեսական աճը եղել է 12,6 տոկոս, 2021-ին՝ 5,6 տոկոս»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն արձանագրել է, որ աշխատատեղերի էական բարելավում է տեղի ունեցել: «2018 թվականից ի վեր Հայաստանում ստեղծվել է 180 000 նոր աշխատատեղ: Եվ սա ընդհանուր աշխատատեղերի թվի մեջ մոտավորապես 30 տոկոս աճ ունի: 2023 թվականն էական էր նաև նրանով, որ մենք՝ մեկ մարդու հաշվով, ՀՆԱ ցուցանիշով էական առաջընթաց ունեցանք, և Հարավային Կովկասում, ըստ էության, այս ցուցանիշով այժմ առաջին տեղում ենք:

Իհարկե, մեզ համար շատ էական և կարևոր են այն ներդրումները և տնտեսական համագործակցությունը, որ ունենք Ֆրանսիայի հետ: Իհարկե, արդեն նշվեց «Պեռնո Ռիկար»-ի բավականին երկարատև և նկատելի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, և նաև մի շարք այլ ընկերություններ գործում են Հայաստանի բանկային համակարգում, կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործում: Ուզում եմ նշել «Վեոլիա» ընկերության ներկայությունը Հայաստանում: Եվ մենք վերջերս քննարկում էինք, որ ջրային ոլորտում մեր համագործակցությունը պետք է ակտիվացնենք և խորացնենք: 2021 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով խնդիր է դրվել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովել, և մենք հույս ունենք, որ նաև Ֆրանսիայից նոր ընկերություններ կգան Հայաստան, գործունեություն կծավալեն ամենատարբեր ոլորտներում, որովհետև 7 տոկոս տնտեսական աճի ամբիցիոզ ծրագիրն իրականացնելու համար մեզ համար նաև աջակցություն է պետք»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսության արդիականացման ոլորտում էական ծրագրեր են իրականացվում: «Ներդրումային ծրագրերի առումով կուզեի ուշադրություն հրավիրել Հայաստանում 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի վրա: Շինարարական ընկերությունները, որոնք կարող ենք հետաքրքրված լինել նման մրցույթների մասնակցելու համար, մենք նույնպես հետաքրքրված ենք: Հյուսիս-Հարավ ծրագիրը կա, որը 1 մլրդ և ավելի դոլարանոց ծրագիր է»- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական ընկերությունների ուշադրությունն է հրավիրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի վրա: «Մենք ուզում ենք բարձրագույն կրթության ոլորտում նոր քաղաք ստեղծել, հիմնադրել: Մենք արդեն կոնկրետ աշխատանքները սկսել ենք այդ ուղղությամբ:

Պիտի արձանագրեմ, որ մշակվող արդյունաբերության ոլորտում ենք ցանկանում լուրջ ներդրումային ծրագրերով հետաքրքրվել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկը մնալ: Եվ հիմա Ֆինանսների նախարարությունը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտի հետ քննարկումների մեջ են, որպեսզի տեսնենք, թե ինչով կարող ենք ավելի լավարկել ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորումները, որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մեր երկիրն այդ իմաստով:

2023 թվականին Հայաստանի Հանրապետությունը տուրիզմի ոլորտում շատ տեսանելի առաջընթաց է արձանագրել՝ այն առումով, որ զբոսաշրջիկների ներհոսքն արդեն իսկ գերազանցել է 2019 թվականի ցուցանիշը: Հիմա Հայաստանում նաև գինեգործությունն է շատ լավ տեմպերով զարգանում, և այստեղ նույնպես, կարծում եմ, ներդրումային պոտենցիալ կա: Ջրամբարաշինության լայն ծրագիր ունենք: Մասնավորապես, այս պահին ընթացքի մեջ է 15 միջին և փոքր չափերի ջրամբարների կառուցման ծրագիրը: Սա մենք ընտրել ենք որպես ռազմավարություն»,- նշել է վարչապետը:

Հաջորդիվ քննարկվել են շինարարության, ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության ոլորտներում համագործակցությանն ու ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակից ընկերությունների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը առանձին հանդիպումներ է ունեցել նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործող Thales , IDEMIA ընկերությունների, «Պեռնո Ռիկար», զբոսաշրջության ոլորտում գործող Societe des Troia-Valles ընկերության ղեկավարների հետ:

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»