Երևան +13°
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 22:30 21-02-2024

Երիտասարդները նախընտրում են աշխատանքը. գիտությունն անհետաքրքիր է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Կառավարությունից հայտնում են, որ կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է գիտական կոչումների շնորհման գործընթացի մասին, թե ինչ դինամիկա ունենք ներկայում: Ի պատասխան՝ կոմիտեին նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է. «Միանգամայն ստաբիլ ցածր դինամիկա: Դա խոսում է այն մասին, որ նախ 2020 թվականից սկսվեց ուշադրություն դարձվել որակին, գրագողության դեմ պայքարին և այլն»:

Oragir.News-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչու է վերջին տարիներին գիտական կոչում ստացողների թիվը նվազում։ Ի պատասխան՝ փորձագետն ասաց, որ այս միտումը սկսեց այն ժամանակ, երբ ԲՈԿ-ի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը բավականին աշխատանքներ կատարեց՝ պահանջները հստակեցնելու և գրագողության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով։

Խաչատրյանը հիշեցրեց, որ գրագողության բացահայտման մի քանի դեպքեր եղան, որի միջոցով խնդիրը մի փոքր հանրայնացավ։ Նա կարծում է, որ մի կողմից այդ զարգացումները որոշ չափով նպաստեցին, որ պաշտպանությունների թիվը նվազի, իսկ մյուս կողմից էլ գիտությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրությունն ընդհանուր առմամբ նվազել է։

«Շատերն այսօր նախընտրում են բուհն ավարտելուց հետո միանգամից մտնել գործնական աշխատանքների ոլորտ, և երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների ու գիտական աստիճանների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Ինձ թվում է՝ այս 2 հանգամանքը մեծ դեր խաղաց ցուցանիշների նվազման հարցում»,- ասաց նա։

Հարցին, թե արդար համարո՞ւմ է գիտական դրամաշնորհների տրամադրման ընթացակարգը, թե՞ դրամաշնորհներ տրամադրվում են միայն իշխանամետ հայացքններ ունեցող գիտնականներին, ինչի շուրջ պարբերաբար մեղադրանքներ են հնչում, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ անձամբ ոչ մի դրամաշնորհի չի դիմել, ուստի չի կարող պահանջների և մոտեցումների արդարացիության վերաբերյալ գնահատականներ տալ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է լսել այն մարդկանց մոտեցումները, ովքեր դրամաշնորհ ստանալու համար դիմել են ու խնդիրներ են ունեցել։

Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք, թե վերջին տարիներին բարձրագույն կրթության որակը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող քայերը բավարար համարո՞ւմ է, ինչին մեր զրուցակիցը բացասական պատասխանեց։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ գլխավոր հարցը՝ բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումը, այդպես էլ տեղի չունեցավ։


«Մենք 2015-16 թվականներից բարձրագույն կրթության օրենք ենք ընդունում, մի քանի անգամ փոխվեց, ընդունվեց, հետո հակասահմանադրական ճանաչվեց, իսկ դրանից հետո բավական ժամանակ է անցել, բայց օրենքի նախագիծ դեռևս չկա։ Ինձ թվում է, որ մեր բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացում ամենամեծ սխալն այն է, որ հույսը դրվում է այսպես ասած մեգապրոյեկտներով համակարգը փոխելու վրա։ Այսինքն՝ կա բոլոր բուհերը, ինսիտուտները միավորելու միջոցով նոր համակարգ ստեղծելու գաղափարը, որը ցանկալի որակ կտա»,- նշեց նա։

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ հասարակական համակարգերը նման ճանապարհով չեն փոխվում։ Նրա խոսքով՝ այսօր բարձրագույն կրթության ոլորտում կարելի է շատ հասարակ քայլերի միջոցով լուրջ բարեփոխումներ իրականացնել, սակայն դրանք անտեսված են։ «Օրինակ՝ այսօր բոլորը խոսում են հետազոտությունների մասին, բայց կրթությունն է արհամարհված, բուհում կա երկու բաղադրիչ՝ կրթություն և հետազոտություն։ Այսօր հետազոտությունները, հոդված գրելը կարևորվում են, գիտության ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձերը բարձրացվում են, իսկ դասախոսներինը՝ ոչ, ինչից տպարվորություն է ստեղծվում, որ կրթությունը չի կարևորվում այնպես, ինչպես հետազոտությունը»,- նկատում է նա։

Կրթության փորձագետի համոզմամբ՝ սա լուրջ խնդիրների կարող է բերել, քանի որ մեր բարձրագույն կրթության համակարգը կարող 5-10% արդյունք տալ, որի վրա հնարավոր չի լինի նորմալ գիտություն կառուցել։ Նա կարծում է, որ այսօր դասավանդումը, դասապրոցեսը, ուսանողների հաճախումները փոքր հարցեր են, որոնք շատ անտեսված են։

Խաչատրյանը նշեց, որ ուսանողների 90 տոկոսն ու ավելին չեն եկել բոուհ՝ գիտությամբ ու հետազոտություններով զբաղվելու, նրանք եկել են պրակտիկ հմտություններ սովորելու համար, որոնցով հետագայում կկարողանան աշխատել։ Նա ասաց՝ ցանկացած հասարակագետ գիտի, որ մարդուն վերաբերող հարցերում մեգապրոյեկտները չեն աշխատում, որովհետև մարդկային համակարգերն ամենօրյա տևական աշխատանքի արդյունքում են ձևավորվում։

«Նույնը գիտության մեջ է, հնարավոր չէ, որ ինչ-որ մեկը քնի ու զարթնի և Նոբելյան մրցանակի մակարդակի գյուտ անի։ Այդ գիտնականը տարիներով, օրերով քրտանջան աշխատում է, և վերջում կարող է մի բան ստացի, կամ չստացվի։ Նույնը բուհի ու կրթության դեպքում է, այդ ամենօրյա տքնաջան աշխատանքը պետք է անել՝ արդյունքի հասնելու համար»,- նշեց նա։

Սերոբ Խաչատրյանի պատկերացմամբ՝ բարձրագույն կրթության համակարգում հույս կա առ այն, որ ակադեմիական քաղաք անունով մի կախարդական փայտիկ կա, որը ունենալուն պես ամեն ինչ գլխի վրա շուռ կգա, և կդառնանք աշխարհի լավագույն 500 համալսարանների ցանկում համալսարաններ ունեցող երկիր։ Նա հավելեց՝ խնդիրները նման կախարդական փայտիկների միջոցով չեն լուծվում։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի