copy image url
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:45 16-02-2024

Քաղաքակիրթ աշխարհում տնտեսական աճին զուգահեռ աղքատությունը կրճատվում է. ՀՀ-ում հակառակն է

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը նախօրեին հերթական անգամ հայտարարեց, որ անհրաժեշտ է 7 տոկոսանոց տնտեսական աճ արձանագրել։ Փաշինյանի խոսքով՝ տնտեսական աճը պետք է արձանագրվի կառավարության աշխատանքի շնորհիվ, կապիտալ շինարարության հետ կապված ծրագրերը պետք է մաքսիմալ որակով իրականացվեն, ինչպես նաև միջին տարեկան վիճակագրականից ավելի բարձր ցուցանիշներ ապահովվեն։

Չնայած վերջին տարիներին բավականին բարձր տնտեսական աճ է արձանագրվում, այնուամենայնիվ բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ դա քաղաքացիների կյանքի որակի վրա չի ազդում։

Oragir.News-ը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց, թե իրատեսական է արդյոք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ արձանագրելը, և այն ինչի հաշվին կարող է ապահովվել։ Տնտեսագետը նշեց, որ 7 տոկոսանոց տնտեսական աճն անընդհատ դրվում է պետական բյուջեի մասին օրենքում, և անգամ հիմնավորելու կարիք չկա, որ առանց 7 տոկոսանոց տնտեսական աճի՝ Հայաստանի տնտեսությունը հետ կմնա տարածաշրջանային և գլոբալ զարգացումներից։

Թաթուլ Մանասերյանն ընդգծում է, որ տնտսական աճի համատեքստում առաջին հերթին անհրաժեշտ է գործոնային խորը վերլուծություն կատարել, թե ինչի հաշվին կարող է 7 տոկոս աճ արձանագրվել։ Նա նկատում է, որ վերջին 2 տարում առկա է բավականին շոշափելի տնտեսական աճ, իսկ ավելի կոնկրետ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի բարելավում, որն առաջին հերթին արտաքին գործոններով է պայմանավորված՝ ռելոկանտներով, վերաարտահանմամբ և այլն։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ այս ամենը չի կարող երկար տևել, ու աշխարհաքաղաքական իրավիճակի դինամիկ փոփոխությունները հուշում են, որ պետք է ուշադրություն դարձնենք կապիտալ ծախսերին, համախառն ներքին արդյունքի կառուցվածքին, որը ներկայումս բավականին խոցելի է, արտահանման կառուցվածքին և ներուժին, ինչպես նաև հարկման բազային։ «Հատկապես վերջին փոփոխությունները և հնչող առաջարկները, կարծում եմ, խոսում են այն մասին, որ 2024 թվականին պետական բյուջեի եկամտային մասը համալրելը դյուրին գործ չի լինելու։ Եթե խնդիր է դրվում է հարկել հատկապես արտագնա աշխատանքից ստացված եկամուտները, ինչը մեղմ ասած ոչ մի իրավական հիմնավորում չունեն, քանի որ հատկապես ՌԴ-ում մեր հայրենակիցների ստացած եկամուտներն արդես իսկ հարկվում են, իսկ մենք ունենք օրենքներ և երկկողմ համաձայնագրեր, այդ թվում ՌԴ-ի հետ, որոնք բացառում են կրկնակի հարկումը։ Գործադիրը պետք է տեղյակ լինի այդ օրենքներից և նման պահանջներ չառաջադրի»,- ասաց նա։

Թաթուլ Մանասերյանը նշեց, որ խնդիրները բազմաթիվ են, որոնք սաստկանում են՝ հաշվի առնելով 2023 թվականին մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններն, ինչպես նաև 120 հազար արցախցիների բռնի տեղահանությունը։ Նա նշեց, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան՝ կապված արցախցիների ինտեգրման, նրանց հաշվառման, նպաստների ստացման ու աշխատանքի տեղավորման հետ։

«Մեկ այլ խնդիր է միգրանտների զանգվածների ներհոսքը ոչ միայն Ռուսաստանից, այլ նաև Հնդկաստանից։ Ներկայումս կարելի է ասել, որ աշխատաշուկայում բավականին լարված իրավիճակ է, ինչը կարող է սոցիալական լուրջ խնդիրներ հարուցել։ Բացի այդ, ՀՀ-ում բավականին բարձր է աղքատության մակարդակը։ Այս գործոնները չեն կարող չանդրադառնալ տնտեսական աճի վրա»,- կարծում է նա։

Մեր զրուցակիցը շեշտում է, որ նման գործոնների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Ըստ նրա՝ առանց արհեստավարժ մոտեցման ու փորձագիտական հանրության կարծիքը հաշվի առնելու հնարավոր չի լինի ապահովել տնտեսության կայուն ու կանխատեսելի զարգացումը։ «Սրանք պետք է հաշվի առնել և՛ կանխատեսումներ անելիս, և՛ տնտեսությունը կառավարելիս»։

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ վերջին տարիներին տնտեսությունը ղեկավարում էր մի անձ, ով տնտեսագիտական կրթություն չուներ, ինչը չէր կարող չանդրադառնալ ոլորտի վրա։ «Որքան էլ հայտարարեն, որ կարևոր է ոչ թե մասնագետ, այլ լավ կառավարիչ լինելը, միևնույնն է, միկրո մակարդակն ու մակրո մակարդակը միմյանցից զգալիորեն տարբերվում են և այլ մոտեցումներ են պահանջում՝ ավելի ընդգրկուն ու խորը։ Ուստի տնտեսական աճը մեծ թվով գործոններից է կախված, և դրանց հիման վրա պետք է մշակել այսօրվա համար հարիր ու արդյունավետ տնտեսական քաղաքականություն»,- նկատում է նա։

Թաթուլ Մանասերյանը կարևորում է, որ Հայաստանն արտաքին ոլորտում ակտիվ տնտեսական դիվանագիտություն վարի, ինչի մասին անկախության տարիներից ի վեր լուրջ պատկերացումներ չենք ունեցել։

Հարցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որ հասարակ քաղաքացին իր կյանքում զգա վերջին տարիներին արձանագրվող տնտեսական աճի արդյունքները, որոնք պայմանավորված են հիմնականում արտաքին գործոններով, մեր զրուցակիցը պատասխանեց, որ 2022 թվականին մի կողմից ունեցանք երկնիշ տնտեսական աճ, իսկ մյուս կողմից՝ աղքատության մակարդակի բարձրացում։ Նրա խոսքով՝ նման երևույթ ոչ մի երկրում հնարավոր չէ հանդիպել, քանի որ սովորաբար, երբ տնտեսական աճ է գրանցվում, ապա դա ենթադրում է, որ ինքնաբերաբար աշխատատեղեր են ստեղծվում, հավելյալ արդյունք է լինում, կրճատվում է աղքատության մակարդակն ու գործազուրկների թիվը, ավելանում են եկամուտները և այլն, մինչդեռ Հայաստանում այդպես չէ, որն անգամ կառավարությունն է ընդունում։

«Մյուս կողմից մենք բավականին մեծ կախվածություն ունենք տարածաշրջանային ինտեգրացիայից։ Այսինքն՝ առանց Եվրասիական տնտեսական միության՝ Հայաստանն տնտեսությունն այսօր չի կարող մեծ արդյունքներ արձանագրել։ Բացի այդ, բավականին մեծ՝ մոտ 46 տոկոսանոց աճ է արձանագրվել արտաքին ապրանքաշրջանառության մեջ, որից ավելի քան 39 տոկոսը բաժին է ընկնում հենց ԵԱՏՄ երկրներին, ինչը պետք է բազմազանեցնել՝ այլ ուղղություններով նույնպես կապեր հաստատելու միջոցով»,- նշեց նա։

Թաթուլ Մանասերյանը հավելեց՝ սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն, և տնտեսական ցուցանիշներում հակասություններ չլինեն։ Նա ասաց՝ ցանկացած քաղաքակիրթ երկրում 2-3 տոկոսանոց տնտեսական աճը բերում է սոցիալական խնդիրների լուծման, մինչդեռ Հայաստանում այդ համամասնությունները չեն պահպանվում, և այս ուղղությամբ աշխատելու բավական տեղ կա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ