Երևան +10°
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 18:00 16-02-2024

Գավառական ստալինիզմ. Քերոբյանից հետո ՔՊ-ում ավելի կհաճոյանան վարչապետ կոչեցյալին

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նախօրեին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական ներկայացրեց՝ նշելով, որ նախորդող 3 տարիներին հեռանալու ցանկություն կրկին ունեցել է։ Քերոբյանը միևնույն ժամանակ շնորհակալություն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ նախարարի պաշտոնն իրեն վստահելու համար։

Քերոբյանը կառավարության նախորդ նիստում դժգոհել էր իրավապահների գործողություններից՝ պնդելով, թե չապացուցված մեղադրանքի համար ազատազրկումը պետական համակարգի պարալիզացման պատճառ է դառնում։ Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանը ձերբակալված է, նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել է դատարան, իսկ այսօր նրա նկատմամբ տնային կալանք կիրառվեց։

Oragir.News-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեց, թե Վահան Քերոբյանին կալանավորելու հարցում առկա՞ է քաղաքական ենթատեքստ, և նա կարո՞ղ է քաղբանտարկյալ համարվել, ինչին նա հիմնականում դրական պատասխանեց։

«Ձեր հարցին այսպես կպատասխանեմ՝ հավանաբար։ Այն որ, Քննչական կոմիտեն ինքնուրույն մեղադրանք չի առաջադրել և կատարել է վարչապետ կոչեցյալի հրահանգը, արդեն իսկ քաղաքական որոշում է։ Ամեն դեպքում, առայժմ չշտապենք և սպասենք գործի հետագա զարգացումներին»,- ասաց նա։

Մեր հարցին, թե իշխանությունները Վահան Քերոբյանի օրինակով մյուսներին փորձո՞ւմ են վախեցնել, որ հեռանալու դեպքում իրենց նկատմամբ նույնպես քրեական գործեր կհարուցվեն՝ Ավետիք Իշխանյանը նշեց՝ կասկածում է, որ հրաժարականի դիմումը Վահան Քերոբյանի անձնական որոշումն է եղել։ Ըստ նրա՝ ինքնուրույն հրաժարական ներկայացնող մարդը, նախ չէր համաձայնվի խայտառակ պարտությունից հետո նշանակվել նախարար և հավատարմորեն ծառայել Արցախն ուրացած անձին, երկրորդը՝ հրաժարականից հետո շնորհակալություն չէր հայտնի, նույն իրեն նշանակողին։

«Այնպես որ, համոզված եմ, որ վարչապետ կոչեցյալը նրան ստիպել է հրաժարական տալ։ Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանին պաշտոնից հեռացնելուն և մեղադրանք առաջադրելուն, ապա առայժմ կարող ենք միայն ենթադրություններ անել։ Այն թերևս կապ ունի ԱԺ խոսնակի եղբոր կնոջը ներկայացված մեղադրանքի հետ։ Չի բացառվում, որ նախարարը ինչ-որ տեղ, թեկուզ մեղմ քննադատած լինի վարչապետ կոչեցյալին և այդ մասին հայտնած լինեն»,- կարծում է նա։

Իրավապաշտպանը համոզված է, որ կառավարության անդամների ձերբակալություններն առաջին հերթին ուղղված են նույն ՔՊ-ականներին։ Նրա խոսքով՝ սա հիշեցնում է ստալինիզմը՝ գավառական մակարդակով։

«Ստալինը կալանավորում էր նաև իրեն նվիրվածների հարազատներին, ինչպես Մոլոտովի կնոջը, Կագանովիչի եղբորը։ Եվ չնայած դրան, երկուսն էլ շարունակում էին հավատարմորեն ծառայել Ստալինին։ Այնպես որ ՔՊ-ում, վախի մթնոլորտ ստեղծելով, ՔՊ-ականերն էլ ավելի կհաճոյանան վարչապետ կոչեցյալին»,- կարծում է նա։

Ավետիք Իշխանյանը հավելեց՝ եթե պարտությունից, Արցախն ուրանալուց, Արցախի ցեղասպանությունից հետո, այս ամենը կարող է դրականորեն ազդել հասարակության շրջանում ՔՊ-ի վարկանիշի վրա, ապա ասելիք չունի։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի