Գրոհը նպատակ է հետապնդում եկեղեցուն զրկել դիմադրողականությունից․  Ռուբեն Մելիքյան
copy image url

Գրոհը նպատակ է հետապնդում եկեղեցուն զրկել դիմադրողականությունից․ Ռուբեն Մելիքյան

Ներքին 1 տարի առաջ - 17:15 15-02-2024
Իշխանությունների կողմից հրահրվող և ուղղորդվող բողոքները Հայ առաքելական եկեղեցու դեմ շարունակվում են։ Փետրվարի 24-ին այսպես կոչված՝ «Վարդանանց շարժումն» է հակաեկեղեցական սպառնալից ցույց կազմակերպելու ընդդեմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և կաթողիկոսի։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցեց փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ, պարզելու համար՝ այդ սպառնալիքներն իրակա՞ն են, ո՞վ է կանգնած հակաեկեղեցական միջոցառման ետևում և, ինչպե՞ս եկեղեցասերները կդիմադրեն կազմակերպվող շարժմանը։

«Ինձ համար այստեղ միայն մի քանի բան է հստակ։ Առաջին՝ այս գրոհը կազմակերպվում է իշխող քաղաքական ուժի կողմից։ Երկրորդ՝ այս գրոհը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայ առաքելական եկեղեցին հրաժարվում է դառնալ իշխող քաղաքական ուժի գործակիցը՝ հակահայ քաղաքականության, Հայաստանը Արևմտյան Ադրբեջանի վերածելու շատ բացահայտ քաղաքականության մեջ։ Եվ երրորդ՝ այս գրոհը նպատակ է հետապնդում եկեղեցուն զրկել դիմադրողականությունից, զրկել Հայաստանի վերականգմնան մոտալուտ գործընթացներին մասնակցելու հնարավորությունից։

Այն, որ լինելու են այդպիսի գործընթացներ, ինձ համար ակնհայտ է։ Խնդիրն այն է, որ այս շարժումը տեղի է ունենում Հայ առաքելական եկեղեցու դավանորդների անունից, ո՛չ թե աղանդավորների կամ աթեիստների։ Հայ առաքելական եկեղեցու ցանկացած դավանող պետք է իմանա, որ Հայրապետի դեմ դուրս գալը ծանրագույն մեղք ու հանցանք է։ Իսկ հիմա այդ մարդիկ, այդ միջոցառումը կազմակերպելով, մեծագույն մեղք են գործում։ Այն ուղղակի չի կարող որևէ արդարացում ունենալ»։

Փաստաբանի կարծիքով՝ եկեղեցու աջակիցները այժմ ավելի շատ են։ Պարզապես պետք է կազմակերպված լինել։

«Դիմադրությունը կարող է լինել հակընդդեմ հավաքի տեսքով կամ այլ միջոցներով։ Ես՝ ինքս, որպես սովորական մասնակից, կհետևեմ, կտեսնեմ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Ամեն դեպքում՝ փետրվարի 24-ին փորձում եմ օրս ազատ պահել»,- եզրափակեց փաստաբանը։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսպես կոչված՝ «Վարդանանց շարժումն» օրերս «Փրկենք մեր եկեղեցին և մեր երեխաներին» խորագրով հայտարարություն էր տարածել և փետրվարի 24-ին, ժամը 15։00-ին քաղաքացիներին հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Դրան զուգահեռ նույն վայրում նախապատրաստվում է եկեղեցուն և կաթողիկոսին զորակցության ցույց, որի մասնակիցները վճռական դիմադրություն ցույց տալու տրամադրություն էին արտահայտել։

Ամենից շատ դիտված