Անվտանգության երաշխիքներ են հարկավոր. Ադրբեջանը արցախցիների վերադարձով շահագրգռված չէ
copy image url

Անվտանգության երաշխիքներ են հարկավոր. Ադրբեջանը արցախցիների վերադարձով շահագրգռված չէ

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 20:00 14-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Արցախի Հանրապետության ամբողջական հայաթափումից և բռնազավթումից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները շարունակում են իրենց առաքելությունը, որը պետք է լիներ հայ բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Այս իրողությունը հայ հասարակության մոտ դժգոհություն և զարմանք է առաջացնում, քանի որ հարց է առաջանում, թե հայաթափված Արցախում ռուս խաղաղապահներն ում անվտանգությունն են ապահովելու։

Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն հայտարարեց, որ Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման ժամկետը կավարտվի 2025 թվականին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։ Վերջինս այս հայտարարությամբ արձագանքել էր Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովի այն պնդմանը, որ խաղաղապահների տեղակայման ժամկետի շուրջ Մոսկվայի և Բաքվի բանակցությունների հերթական փուլի օրը որոշվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների մակարդակով:

Oragir.News-ը Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանից հետաքրքրվեց, թե ներկայումս որն է հայաթափված Արցախում ռուս խաղաղապահների ներկայության իմաստը, և ինչ կփոխվի նրանց հեռանալուց հետո։ Ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ այս հարցի հասցեատերը Մոսկվան է, քանի որ ինքը ո՛չ իրավասու է, ո՛չ էլ իմաստ ունի, որ մեկնաբանի այն։

Հարցին, թե Արցախում ռուսական խաղաղապահների ներկայությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ ռուսական կողմը կփորձի որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի Արցախի բնակչության գոնե մի մասը վերադառնա, Գեղամ Նազարյանը հիշեցրեց օրեր առաջ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզի հայտարարությունը, ով նշել էր, որ ՌԴ-ն պատրաստ է քայլեր ձեռնարկել, որպեսզի արցախցիներն անվտանգ վերադառնան իրենց բնակավայրեր։ Մեր դիտարկմանը, թե ՌԴ-ն դա անո՞ւմ է սեփական ներկայությունը պահպանելու նպատակով, ընդդիմադիր պատգամավորը հետևյալ կերպ պատասխանեց. «Ես այս հարցերում համոզմունք չունեմ, ես ընդամենը ցանկություններ ունեմ ու հուսով եմ, որ դա արվում է հայ բնակչությանն Արցախ վերադարձնելու համար»։

Ընդդիմադիր պատգամավորից նաև հետքրքրվեցինք, թե որքանով է իրատեսական հայ բնակչության վերադարձն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախ, ինչին ի պատասխան՝ Գեղամ Նազարյանը նշեց, որ այդ հարցով նախևառաջ անհրաժեշտ է արցախցիների հետ խոսել։

Ինչ վերաբերում է Արցախի բնակչության վերադարձն ապահովելու հարցում Հայաստանի Հանրապետության անելիքներին, ապա մեր զրուցակիցն ասաց. «Եթե հաշվի առնենք, որ արցախցիներն էլ են մեզ նման հայ, ապա կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն, իհարկե՛, անելիքներ ունի։ Տրամաբանական է, որ արցախցիների վերադարձի համար միջազգային երաշխիքներ են անհրաժեշտ, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի դրանք ստանալու համար»։

Գեղամ Նազարյանը շեշտեց, որ եթե արցախցիները վերադառնալու են Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ և այլն, ապա պետք է ապահովվի նրանց անվտանգությունը։ Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պարտավոր է դա անել, որպեսզի վերադարձի պարագայում արցախցիների համար սպառնալիքներ չլինեն։

Պատգամավորը կարծում է նաև, որ այս մասին խոսելը դեռևս շատ վաղ է. «Այս մասին խոսելը դեռ շատ վաղ է, որովհետև շատ անորոշ ու մշուշոտ են, թե արցախցիները կարո՞ղ են վերադառնալ, և Ադրբեջանն արդյոք նման պայմաններ կստեղծի՞, որ արցախցիները վերադառնան։ Ադրբեջանն ամեն ինչ արեց, որ Արցախը հայաթափվի, և չեմ կարծում, թե կտրուկ փոփոխություններ են եղել, որոնք վերջինիս կսպիպեն վերջինիս թույլ տալ, կամ համաձայնել, որ արցախցիները վերադառնան»։

Գեղամ Նազարյանը հավելեց՝ Ադրբեջանը շահագրգռված չէ, որ արցախցիներն ամբողջովին վերադառնան։ Նա չբացառեց, որ Բաքուն գուցե շահագրգռված է, որ մի քանի տասնյակ ընտանիքներ վերադառնան, սակայն ոչ ավելին։

Հիշեցնենք, որ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Արցախում ռուս խաղաղապահները տեղակայվել էին 5 տարի ժամկետով, և նրանց գործունեության ժամկետն ավտոմատ երկարաձգտվելու էր, եթե ժամկետի ավարտից 6 ամիս առաջ կողմերից որևէ մեկը նրանց դուրսբերումը չպահանջեր։ Այն բանից հետո, երբ Հայաստանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ խաղաղապահների հետագա գործունեության հարցերը քննարկելու է բացառապես Ադրբեջանի հետ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
22:19 ՀՀ իշխանությունը փորձում է Արցախի մնացորդ ամբողջ գույքը թաքուն փոխանցել ՀՀ կառավարությանը. փաստաբան