Ուղիղ եթեր
ԵՄ-ն Հայաստանին լիարժեք երաշխիքներ չի տրամադրի. դա Թուրքիայի հետ ընդհարում կառաջացնի
copy image url

ԵՄ-ն Հայաստանին լիարժեք երաշխիքներ չի տրամադրի. դա Թուրքիայի հետ ընդհարում կառաջացնի

Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 12-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Օրերս The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների խորացման հնարավորություններին։ Փաշինյանը պնդեց՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո շատերը ենթադրում են, որ Հայաստանը մտադիր չէ ԵՄ-ի հետ գործակցությունը զարգացնելու հարցում նախաձեռնություն ցուցաբերել։ Որոշ փորձագետների պնդմամբ էլ՝ այս մոտեցումը հակասում է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ոգուն, որը ստորագրվել էր դեռևս 2017 թվականի նոյեմբերին։

Oragir.News-ի հետ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Դավիթ Հարությունովը նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, հատկապես անդամակցության հարցում Եվրոպական միությունը բազմաթիվ սահմանափակումներ ունի։ Նա նշեց, որ անդամակցության հարցն առհասարակ չի քննարկվում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանային մյուս երկրների դեպքում։

Փորձագետի համոզմամբ՝ ԵՄ պաշտոնյաները ցույց են տալիս, որ դեմ չեն հարաբերությունների խորացմանը, դա իրենց հետաքրքրում է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով, մասնավորապես ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացման համատեքստում։ Ըստ նրա՝ այստեղ նույնպես սահմանափակումներ կան, որոնք կապված են ինչպես օբյեկտիվ գործոննների, այնպես էլ ԵՄ-ի հնարավորությունների հետ։

«Հարաբերությունների խորացումը խնդիր է աշխարհագրական առումով, քանի որ տարածաշրջանը սահմանակից չէ ԵՄ-ին, դեռևս ամենաակտիվ ինտեգրացիոն գործընթացները զարգացել են կազմակերպությանը սահմանակից տարածաշրջաններում՝ հիմնականում Արևելյան Եվրոպայում։ Ինչ վերաբերում է անվտանգային բաղադրիչին, ապա եթե նույնիսկ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի նկատմամբ ինչ-որ պարտականություններ ստանձնել, ապա լիարժեք երաշիքներ կառույցի անդամները պատրաստ չեն տալ։ Դա կապված է նրա հետ, որ զուտ ռազմական առումով այդ հնարավորությունները չունեն, քանի որ մասնավորապես ուկրաինական հակամարտության հետևանքով եվրոպական մի շարք երկրներում ակտիվ քննարկումներ ու աշխատանքներ են ընթանում ռազմական հնարավորությունները բացազատելու հարցում։ Բայց այս պրոցեսը նոր է սկսվել, ու որքանո՞վ այն էֆեկտիվ կլինի, կմեծացնի՞ ԵՄ-ի հնարավորություններն այնքան, որ իր սահմաններից դուրս կկարողանա ուժի պրոեկցիա իրականացնել՝ դա մեծ հարց է»,- ասաց նա։

Հարությունովն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությանը տրվող ցանկացած անվտանգային երաշխիք ԵՄ-ի համար վտանգավոր է, քանի որ կարող է Թուրքիայի հետ ընդհարման, հակասությունների, անգամ ռազմական կոնֆլիկտի հանգեցնել։ Նրա խոսքով՝ ներկայումս անգամ Ռուսաստանը պատրաստ չէ լիարժեք անվտանգային երաշխիքներ տրամադրել Հայաստանին, ուստի ԵՄ-ի մասով նույնպես խնդրահարույց է, քանի որ վերջինս չի ցանկանում Թուրքիայի հետ կոնֆլիկտ ունենալ։

Փորձագետը նշեց, որ չնայած տարածաշրջանում ԵՄ-ի հետաքրքրություններին, վերջինիս համար գերակայություն են մնում Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի տարածաշրջանները։ Նա այս համատեքստում հիշատակեց հատկապես Ուկրաինան, որտեղ ներկայումս ընթացող հակամարտությունն անմիջապես իրենց սահմանների կողքին է, և մտավախություններ կան, որ այն կարող է ընդլայնվել բուն ԵՄ-ի տարածքի վրա. «Այսինքն՝ մեր տարածաշրջանն իր կարևորության առումով ԵՄ-ի համար անգամ երկրորդ տեղում չի։ Պետք է հաշվի առնել նաև գերակայությունների խնդիրը, որոնք այստեղ առաջնահերթ չեն»։

Դավիթ Հարությունովն ուշադրություն է հրավիրում նաև այն բանին, որ ԵՄ-ն ներկայումս շատ զգույշ է ընդլայնվում, քանի որ փորձը ցույց է տվել, որ երկրների ընդգրկումն ազդում է նաև կազմակերպության կառավարելիության վրա։ Նրա խոսքով՝ որքան շատ երկրներ կան, այնքան դժվար է այդ բոլորի կարծիքները համաձայնեցնելը։ Նա միևնույն ժամանակ քիչ հավանական համարեց, որ առաջիկա տասնամյակում նոր երկրներ կանդամակցեն ԵՄ-ին։

«Այստեղ հավանական է Ուկրաինայի անդամակցությունը, սակայն պրոցեսը բազմաթիվ եթե-ներով է ընթանում, ու ես կարծում եմ, որ այն սերտորեն կապված կլինի Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության կարգավորման հետ։

Ուստի հասկանալի է, որ Հայաստանը տվյալ դեպքում ոչ թե օբյեկտ է, այլ սուբյեկտ, որի հետ հարաբերությունների խորացման հարցում մի շարք ասպեկտներով ԵՄ-ն կա՛մ շահագրգռված չէ, կա՛մ զգուշավորություն է ցուցաբերում, որպեսզի չներքաշվի այստեղի կոնֆլիկտների մեջ։ Կարծում եմ՝ այս մոտեցումը ռազմավարական բնույթ է կրում, և այս խնդիրները մոտակա տասնամյակի ընթացքում կպահպանվեն։ Այս իրավիճակում Հայաստանի համար կարևոր է, որ չնայած դիվերսիֆիկացիային, որի մասին խոսվում է, և դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, իրատեսական գնահատել ԵՄ-ի հնարավորություններն ու ցանկությունները»,- ասաց նա։

Տեսակետը, թե Հայաստան-ԵՄ ներկայիս համագործակցության միտումները չե՞ն հակասում 2017 թվական շրջանակային համաձայնագրի դրույթներին ու ոգուն, փորձագետը չկիսեց՝ նշելով, որ այդ համաձայնագիրը ստորագրվեց այն ավելի լայն համաձայնագրի փոխարեն, որից Հայաստանը 2013 թվականին հրաժարվեց, ինչպես նաև տարածաշրջանում ամբողջովին նոր իրավիճակ է ստեղծվել։

«Օրինակ՝ նույն ԵՄ-ի դիտորդական առաքելությունը, դրանք բաներ են, որոնք համաձայնագրի ստորարգման ժամանակ ոչ մեկի մտքով չէին անցնում և այլն։ Ուստի կարծում եմ, որ այստեղ ոչ թե հակասելու խնդին է, այլ այն, որ դրանք տարբեր ժամանակաշրջանների իրողություններ են և չեմ բացառում, որ այս համատեքստում կարող է քննարկվի նոր փաստաթղթերի ստորագրման հնարավորությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
21:26 Պատերն ու պարիսպը քանդեցին, բողբոջած ծառերը կտրեցին, հմի էլ հողամասս ձեռքիցս կխլեն. արթիկցի
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը