Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 21:30 06-02-2024

Դիրքի ավագը Արսենիս ճնշել է, ոտքով խփել է կրծքավանդակին․ մահացած հայտնաբերված զինծառայողի մայր

Մեկուկես տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 14-ին, Սիսիանի զորամասի մարտական դիրքում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի սպանության վերաբերյալ քննիչները մանրամասներ են հայտնել զինծառայողի հարազատներին։

Մահացած հայտնաբերված զինծառայող Արսեն Մանուկյանի մայրը՝ տիկին Անահիտը, Oragir.News-ին հայտնեց, որ ըստ քննիչների տրամադրած փաստաթղթերի՝ իր որդուն ինքնասպանության են հասցրել։

«Նախորդ շաբաթ փորձաքննության վերջնական նյութերը եկել է։ Նշված է, որ Արսենս իր դիրքի ավագի կողմից շատ է ճնշված եղել, անընդհատ նեղացրել է, որ Արսենս ընդդիմացել է, խփել է։
Արսենս դիրքերում համ ինժեներական աշխատանքներ է կատարել, համ պոստն է նայել, դրան գումարած էլ ճնշել են»,- պատմեց մահացած զինծառայողի մայրը։

Նրա խոսքով՝ միջադեպերից մեկն էլ եղել է այն պատճառով, որ Արսենը իբր պարբերաբար քնել է դիրքում․

«Դիրքի ավագը քնելու համար դիտողություն է արել ու ոտքով խփել է Արսենիս կրծքավանդակին։ Ասել է՝ պոստում քնողին քֆուր է հասնում։ Եթե իմ տղեն չեն կարողանում, քնում էր, չկա՞ր մի բարձրաստիճան սպա, դիմեին, ասեին՝ Արսենը չի կարողանում պոստ կանգնի, քնում է, ոչ թե նախատես, հարվածես, որպես պատիժ էլ սպասք լվալ տաս»։

Մահացած զինծառայողի մոր խոսքով՝ բացի նշված դեպքերը, կասկածներ ունի, որ դիրքի ավագը նաև յուրացրել է Արսենին ուղարկված գումարները։

«Մի քանի ամիս զինվորին հասնող պալչկեն ստացել է, դրանից հետո բանկային քարտը ջարդվել է ու անընդհատ, որ գումար է ուզել, դիրքի ավագի հաշվեհամարին ենք փոխանցել։ Ինքը քաղցր ուտող էր, սիգարետ էր ծխում, անընդհատ փոխանցել ենք։ Մոտ 150-200 հազար դրամ գումար ենք փոխանցել այդ ընթացքում, ես փոխանցման կտրոնները պահել էի, ամբողջը տրամադրել էի քննիչներին։

Հուլիսի 9-ին Արսենը զանգահարեց, ասաց՝ մամ, 3000 դրամ կուղարկե՞ս, սիգարետ չունենք․․․ Վերջին զանգը եղել է հուլիսի 11-ին, դրանից հետո ոչ մի զանգ չի եղել»։

Մահացած հայտնաբերված զինծառայողի մոր խոսքով՝ իրենց տրամադրված գործի նյութերում նաև նշված է որդու ենթադրյալ ինքնասպանության մանրամասները․

«Ամսի 14-ին Արսենը դիրքում՝ 1-ին դիտակետում կանգնած է եղել։ Իրեն առավոտյան 8։30 արթնացրել են, գնացել է իր զենքն է մաքրել, այնուհետև գնացել է դիտակետ, հետո 10։25 րոպե կրակոցի ձայն են լսել, 2-րդ դիտակետում կանգնած զինվորը վազել է, տեսել, որ Արսենը գետնին ընկած է։ Հիմա իրենք նշում են, որ ինքնասպանություն է եղել, այսինքն՝ դիրքի ավագի կողմից ճնշումների ենթարկվելու հետևանքով տղաս ինքնասպանություն է գործել։ Փաստորեն Արսենս նրա կողմից շատ է ճնշվել, մենք այդ տղայի հետ դեռ չենք առերեսվել, ասացին, որ նրան նորից կալանավորել են․․․»։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնաբերվել էր 2022 թվականի հուլիսի 14-ին մարտական դիրքում։