Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:30 06-02-2024

Պատմաբանները չկայացած պատմաբանի դասագրքի դեմ չկարողացան պայքարել, թշնամու քարոզչությանն ինչպե՞ս հակազդեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած պաշտոնական Երևանը համառորեն առաջ է շարժվում դեպի խաղաղության դարաշրջան, Բաքուն ոչ միայն չի բավարարվում Արցախի ամբողջական բռնազավթմամբ, այլ նաև հավակնություններ է դրսևորում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հարևան երկրում Հայաստանի տարածքն անվանվում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան», որը ոչ այլ ինչ է, եթեոչ հավակնություն մեր երկրի ողջ տարածքի նկատմամբ։

Օրերս Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հաղորդում է պատրաստել Աշտարակ քաղաքի մասին՝ նշելով, որ այն «օղուզ-թյուրքական ցեղերի հայրենիքն է անհիշերի ժամանակներից»։ Հատկանշական է, որ Աշտարակի հետ միասին յուրացվում են նաև այդ տարածքում գտնվող հայոց վանական համալիրներն ու եկեղեցիները՝ նշելով, թե իբր դրանք 5-րդ դարի «թյուրք-ալբանական հուշարձաններ են»։

Oragir.News-ի հետ զրույցում պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը նշեց, որ չպետք է մեկնաբանել Ադրբեջանից եկող տեղեկատվական անհեթեթությունները, քանի որ դրանք փաթեթավորված են տեղակատվական պատերազմի շատ փթնի տարրերով։ Նա կարևորեց, որ հայկական լրատվամիջոցները չկրկնօրինակեն և հայկական դաշտում չշրջանառեն ադրբեջանական քարոզչական թեզերը. «Նման կերպ մեր լրատվամիջոցները ադրբեջանական քարոզչության համար վերածվում են զենքի»։

Դեմոյանն ընդգծում է՝ ամենաողբերգականն այն է, որ գիտաշխատողները՝ գիտնական-վերլուծաբանները, նույնությամբ պատճենում են ադրբեջանական կլիշեները և կրկնում են ադրբեջանցիների ձևակերպած մտքերը։

«Մյուս մակարդակում գալիս է արդեն երկու ընտրություն՝ պատասխանել կամ չպատասխանել։ Ես գտնում եմ, որ այս հարցում իշխանությունների թույլտվությամբ, միգուցե իրենց շատ դուր է գալիս, աշխատում է ադրբեջանական շատ պարզունակ քարոզչական հնարքը. հայկական լրատվամիջոցներով տարածվում է ադրբեջանական քարոզչությունը»,- ասաց նա։

Պատմական գիտությունների դոկտորը համոզմունք հայտնեց, որ այսօրվա իշխանությունները պետական հանցագործներ են և իրենց կատարած ծանրագույն հանցագործությունների համար պետք է ամենախիստ ձևով պատժվեն։ Նա կարծում է, որ ադրբեջանցիները նման քայլեր են ձեռնարկում՝ օգտվելով ՀՀ ներկայիս իշխանությունների խոսույթից, պահվածքից և ներքին քաղաքականությունից։ «Հակառակ դեպքում ադրբեջանցիները դա չէին անի, եթե չունենային Հայաստանի այսօրվա իրականությունը՝ ի դեմս գործող իշխանությունների։ Իրենք դրանից են օգտվում, որովհետև այսօրվա իշխանությունը քարոզչական ռումբերն ու ականներն ամենաբարձր մակարդակով դնում է պետության հասարակության տակ»,- կարծում է նա։

Հայկ Դեմոյանը ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի համատեքստում կարևորեց, որ հայկական լրատվամիջոցները գիտական փաստերի վրա հիմնված ռեպորտաժներ պատրաստեն՝ օրինակ Գանձակ քաղաքի հայկական պատկանելիության վերաբերյալ. «Վերցրեք Գանձակը, այնքան ռեպորտաժներ կարող եք նկարել, վերցրեք Շամխորը, Շամախան, այնպիսի առատ ազգագրական ու պատմական, փաստաթղթային նյութեր կան, տպարաններ ենք ունեցել, տարազներով լուսանկարներ ու ահռելի այլ հիշատակումներ կան, որ Գանձակն ու մյուս քաղաքները եղել են հայաբնակ։ Գետաշենի, Բաքվի մասին կարող եք նյութեր պատրաստել, գրադարաններում ու արխիվներում դրանց վերաբերյալ նույնպես ահռելի նյութ կա։ 3-5 կամ 10 րոպեանոց ռեպորտաժներ պատրաստեք՝ ռուսերենով, անգլերենով և ադրբեջաներենով, ամենալավ քարոզչաձևն է, բայց այսօրվա իշխանություններին դա դուր չի գա, խնդիրը դրանում է»։

Հարցին, թե պատմաբանները ինչ քայլեր պետք է ձեռնարկեն ադրբեջանական քարոզչությանը հակազդելու նպատակով, քանի որ տպավորությունն այնպիսինն է, որ նրանք ոչինչ չեն անում, մեր զրուցակիցը հակադարձեց, որ պատմաբանները չեն կարողանում մի չկայացած պատմաբանի դասագրքի դեմ պայքարել։ Ըստ նրա՝ ներկայիս հանցագործ իշխանություններն ամբողջ աշխարհում որքան ռեսուրս ունեն օգտագործում են՝ հեղինակին և այդ խայտառակ դասագիրքը փրկելու համար։

«Պատմաբաններն ի՞նչ անեն, վաղուց ամեն ինչ գրված է, դրա վրա չպետք է ռեսուրս ծախսվի։ Եթե Աշտարակն ադրբեջանական է, ապա ինչո՞ւ վերջին 30 տարում դա չէին հիշում, միայն այսօր հիշեցին։ Հակադարձումը պետք է լինի հայկական լրատվամիջոցների գիտակցականությամբ, նրանց պետք է հակադարձել՝ փաստացի նյութ ցուցադրելով։ Հասկացանք, որ Խառատյաններն արդեն ադրբեջանցիներին բերել ու հասցրել են Աշտարակ, այս ամենի հետևանքներն են։ Իսկ Խառատյանները հովանավորվում են իշխանությունների կողմից, պայքարե՛ք խառատյանիզմի դեմ, պայքարե՛ք փաշինյանիզմի դեմ»,- ասաց նա։

Դեմոյանը հավելեց, որ առաջին հարվածը պետք է լինի լրատվամիջոցների կողմից, սակայն այսօր լրատվամիջոցներն ադրբեջանական քարոզչությունը բերում են ներքին դիսկուրս։ «Պաշտպանական գործ արե՛ք, որը հետագայում հարձակողականի կվերածվի»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի