Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 21:30 01-02-2024

ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը պետք է դուրս բերի ՆԱՏՕ-ՌԴ դիլեմայից

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններին։ Նա ընդգծել էր, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձեցում, նա պետք է հասկանա, թե այն ինչքանով է անվտանգ և ինչ հետևանքների կհանգեցնի։

Մարիա Զախարովան համոզմունք էր հայտնել, որ անհրաժեշտ է վերլուծել ու հասկանալ, թե ինչն է բխում ՀՀ-ի շահերից։ Նա հայկական կողմին կոչ է արել նայել քարտեզին և հասկանալ, թե որոնք են իր շահերը՝ համոզմունք հայտնելով, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը կարող է խաթարել ՀՀ-ի հարաբերությունները հարևան երկրների հետ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն իր անվտանգության համակարգի վերաբերյալ որոշումներ կայացնելիս կամ քաղաքականություն մշակելիս պետք է առաջնորդվի ոչ թե այս կամ այն երկրի արտգործնախարարության խոսնակի հայտարարություններով ու ուղենիշներով, այլ սեփական հաշվարկներով։ Նա նկատում է, որ այս տեսանկյունից հասկանալի է, որ Հայաստանը որևէ այլ ուղղությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ իր քաղաքականությունը մշակելիս և հարաբերությունները կառուցելիս պետք է հաշվի առնի, թե այդ ամենը որքանով համադրելի կլինի այն անվտանգային պատկերացումների ու խնդիրների հետ, որոնք կան մեր տարածաշրջանում՝ ներառյալ կարևոր գործընկերների շրջանում, ինչպիսինն Իրանն է։

«Այս առումով ես կարծում եմ, որ պետք է հարաբերությունները կառուցել՝ ելնելով այս համադրման սկզբունքից, ինչպես նաև հասկանալով, թե մենք ինչպիսի տարածաշրջանում ենք գտնվում, այս տարածաշրջանի անվտանգության ճարտարապետությունն ինչպիսի խորքային հիմքեր ունի, որն է այս տարածաշրջանի օրգանականությունը։ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները նույնպես պետք է կառուցել այս հաշվարկների վրա՝ հաշվի առնելով այսօրվա համաշխարհային դիմակայությունը։ Այլապես՝ ինչ կասի Զախարովան, կամ որևէ այլ երկրի որևէ պաշտոնյա, սկզբունքորեն սա չպետք է լինի մեր երկրի ուղենիշը»,- կարծում է նա։

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի մերձեցումը հարևան երկրների հետ հարաբերությունների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա կախված է նրանցից, թե մերձեցում ասելով՝ մենք ինչ ենք հասկանում ու ինչպես ենք կառուցում այդ մերձեցում։ Ըստ նրա՝ եթե այդ մերձեցումը լինի հակադրության տրամաբանությամբ, այսինքն՝ մշակելու ենք մի բովանդակություն, որն իրենից հակադրություն է ենթադրելու այս տարածաշրջանում գտնվող և զգայում խաղացողների հետ, ապա դա կբերի ոչ թե հնարավորություններ, այլ նորանոր ռիսկեր։

Բադալյանի խոսքով՝ ասվածը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ եթե այդ հարաբերությունները կառուցվեն ՌԴ-ի ու Իրանի հետ համադրված աշխատանքով, ապա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարող են լինել անվտանգային խնդիրները լուծելու ևս մի կարևորագույն շերտ։

«Առավել ևս մենք պետք է խոստովանենք, որ ՆԱՏՕ-ն առնվազն այդ մեթոդական ու ռազմական փորձի առումով բավական կարևոր աղբյուրի հայկական զինուժի ռեֆորմացիայի տեսանկյունից։ Սա չպետք է լինի միակ աղբյուրը և չպետք է լինի նաև ընդօրինակման աղբյուրը, սակայն կարևոր աղբյուր է։ Հատկապես այսօրվա փլուզված անվտանգային միջավայրում կարևորագույն ուժային կենտրոն-բևեռներից մեկն է, որի հետ աշխատանքը շատ կարևոր է՝ այս փլուզված միջավայրում ռիսկերը կառավարելու տեսանկյունից»,- ասաց նա՝ վերստին կարևորելով, որ այդ աշխատանքը լինի համադրված՝ տարածաշրջանում ՀՀ-ի համար կարևորագույն մյուս երկրների պատկերացումների հետ։

Հարցին, թե գործնականում հնարավո՞ր է այդ աշխատանքը համադրել Ռուսաստանի և Իրանի հետ՝ հաշվի առնելով այս երկրների դիրքորոշումները, քաղաքական մեկնաբանը դրական պատասխանեց։ «Հակառակ պարագայում մենք ի՞նչ ենք պատկերացնում, հնարավո՞ր է մտնել այդ երկրների հետ դիմակայության մեջ՝ առավել ևս ունենլով երկու բացահայտ հակառակորդ երկիր։ Բացի այդ, պետք է խոստովանել, որ հնարավոր չէ նաև ՆԱՏՕ-ի հետ հայտնվել դիմակայության մեջ, քանի որ այստեղ կա նաև հակառակ կողմը՝ չհայտնվել ՆԱՏՕ-ին թշնմական կամ հակադիր դիրքում»,- կարծում է նա։

Հակոբ Բադալյանի համոզմամբ՝ Հայաստանի համար գործնականում չի մնում այլ ելք, քան տարբերակ գտնել, որը թույլ կտա շահերը համադրելու քաղաքականություն մշակել։ Նա նշեց, որ հակառակ պարագայում Հայաստանը կհայտնվի առաջնագծի դերում՝ մնալով բախտի քմահաճույքին։ Նրա խոսքով՝ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք հենց այս տրամաբանությամբ են գործում՝ չնայած այն բանին, որ դա անելը չափազանց դժվար է ու բարդ։

«Մենք կարող ենք աշխատել հենց այդ երկրների հետ, որպեսզի մեր խնդիրները լուծելու փորձառություն ձեռք բերենք և մեր հնարավորություններն ընդլայնենք։ Այսինքն՝ մենք ընդհանրապես պետք է մեր արտաքին քաղաքականությունը, անվտանգային խնդիրներն ու պատկերացումները դուրս բերենք ՆԱՏՕ-ՌԴ դիլեմայի տրամաբանությունից։ Սա պետք է շատ վաղուց արած լինեինք, բայց, ցավոք սրտի, չենք արել, ու առայսօր մեր հասարակական-քաղաքական օրգանիզմը բոլոր առումներով խնդիրները դիտարկում է այս դիլեմայի տեսանկյունից»,- նկատում է նա։

Մեր զրուցակիցը հավելեց, որ որոշ առումներով Հայաստանին գցել են այս դիլեմայի մեջ, քանի որ նման կերպ ՀՀ-ի սուբյեկտությունն է չեզոքացվում, ինչի հարցում բոլոր ուժային կենտրոններն առնվազն լռելյայն համաձայնություն ունեն։ Նա ասաց՝ բոլորի համար ցանկալի է, որ Հայաստանը լինի ոչ թե խաղացող, այլ օբյեկտ, որը փնտրում է որևէ ամուր տանիք։ «Ըստ այդմ՝ մենք պետք է կարողանանք մեզ դուրս բերել այս մտածողության ու պատկերացումների շրջանակներից, ինչպես նաև մի քիչ ավելի լայն նայենք անվտանգության խնդիրներին, հատկապես մեր ռեգիոնի համատեքստում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի