Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն օրեր առաջ հրապարակեց 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։
Oragir.News-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից հետաքրքրվեց, թե ինչ նպատակ ունի 1000 խոշոր հարկատուների ցանկի հրապարակումը և այն տնտեսվարողների միջև խթանում է արդյոք մրցակցությունը։ Մեր զրուցակիցը պատասխանեց, որ բամաթիվ երկրներում ընդունված է խոշոր հարկատուների անունները հանրությանը ներկայացնելու պրակտիկան, սակայն ոչ բոլոր երկրներն են, որ նմանտիպ ցուցակներ են հրապարակում։
«Օրինակ՝ Ադրբեջանն այդ տվյալներն ավելի փակ է պահում, Վրաստանինը կիսատ-պռատ էր, և այլն։ Կարևորն այն է, թե երկրներն իրենց տվյալներն ինչպես են ներկայացնում»,- ասաց նա։
Գագիկ Մակարյանն ընդգծեց, որ հարկատուների ցանկը հրապարակելն ունի մի քանի նշանակություն. «Առաջինը՝ երբ պետությունն այդ ընկերություններին ներկայացնում է հանրությանը, կարող եմ ասել, որ դա որոշակիորեն խրախուսելու և գովազդելու ձև է, քանի որ Հայաստանում շատերը հպարտանում են, որ խոշոր հարկատուների ցանկում են։ Այսինքն՝ այդ ցուցակում լինելը պատվավոր բան է համարվում, և եթե իրենք ընդգրկվել են այդ 1000-ի ցանկում, կարևոր չէ ցանկում որերորդն են, կարևորը՝ խոշոր հարկատու են»։
Տնտեսագետի համոզմամբ՝ ցանկը հրապարակելն իմաստ ունի նաև այն առումով, որ դրանով մոտիվացնում են մյուսներին թափանցիկ աշխատել, հարկերը վճարել ու չթաքցնել ու հայտնվել այդ պատվավոր ցուցակում։ Նրա խոսքով՝ պետությունը հրապարակում է այդ ցուցակը դրանով ընդգծում է, որ կարևորում է խոշոր հարկատուներին, իսկ վերջիններիս վճարած հարկերը ցույց են տալիս տնտեսական զարգացման ուղղությունները։
«Օրինակ, երբ մենք վերլուծում ենք 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը կամ առաջին հարյուրյակը, տեսնում ենք, որ հիմնականում այնտեղ կան մի քանի ուղղություններ՝ հանքարդյունաբերական ձեռնարկություններ, խոշոր ներկրողներ և առևտրային կազմակերպություններ, ցանցեր, իսկ արդյունաբերական ձեռնարկությունները բնականաբար քիչ են, կան նաև ՏՏ ոլորտի կազմակեպություններ ու բանկեր, ինչպես նաև շինարարական ընկերություններ։ Այսինքն՝ ցանկը ցույց տվեց, որ ինդուստիայի տեսանկյունից այնքան էլ լավ վիճակում չենք»,- նկատում է նա։
Մակարյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ խոշոր հարկատուների ցանկը հրապարակելիս անհրաժեշտ է նաև զգույշ լինել, քանի որ թշնամի երկրները կարող են մեզ ըստ այդ ցուցակի թիրախավորել, ինչպես նաև ցուցակն ուսումնասիրելով՝ իրենք հասկանում են, թե մեր տնտեսության կառուցվածքն ինչպիսինն է, որոնք են խոցելի ոլորտները և այլն։ Նրա համոզմամբ՝ եթե հարկատուների հիմնական բլոկը բանկերն են, ներմուծողները, ինչպես նաև հանքարդյունաբերողները, ապա դա վկայում է այն մասին, որ տնտեսության մյուս ճյուղերը թույլ են, հետևաբար դրանով որոշակիորեն կարելի է գնահատել Հայաստանի տնտեսական կախվածությունը։
Հարցին, թե ուրիշ ինչ ցանկերի հրապարակումներով կարելի է մրցակցությունն ուղղել սոցիալական պատասխանատվության խնդրին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ նպատակով կարելի է հրապարակել, թե խոշոր հարկատուներն իրենց միջոցներն ինչ ուղղություններով ու նպատակներով են ծախսում՝ առանց հարկատուների անունները նշելու։ Նրա խոսքով՝ դա նույնպես սոցիալական պատասխանատվության դրսևորում է։
Գագիկ Մակարյանը նկատեց, որ խոշոր ընկերությունների համար շատ կարևոր են նաև կորպոռատիվ կառավարման մոդելները, վարքագծի կանոնները, քանի որ եթե պետությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, կառավարությունը ջատագովում է կոռուպցիայի դեմ պայքարը, հակակոռուպցիոն պայքարը և օրենսդրական բարեփոխումները։
Տնտեսագետը հավելեց, որ խոշոր ընկերությունները կարող են Հայաստանի Հանրապետության համար օրինակելի կերպար դառնալ, մանդավանդ որ նրանք աշխատում են հարյուրավոր, կամ հազարավոր փոքր ու միջին ձեռնարկությունների հետ, ուստի իրենց ոչ կոռուպցիոն կեցվածքը կլինի վարակիչ ու պահանջատիրական նաև ՓՄՁ-ների հանդեպ և կնպաստի վերջիններս թափանցիկ աշխատանքին։ «Իրենք կարող են ասել, որ այսպիսի մոդել ունենք աշխատանքի՝ թափանցիկ պայմանագրեր, հակակոռուպցիոն վարքագիծ, վարքագծի կանոններ, իրենց կորպոռատիվ կառավարումը՝ որպես դրա ապացույց, թափանցիկության երաշխավոր»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան