Չնայած նախորդ ամիս Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը բավականին ակտիվացել էր, խոսվում էր մինչև տարեվերջ, կամ 2024 թվականի սկզբին խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, սակայն ներկայումս բանակցություններում կրկին հետընթաց է նկատվում։ Փորձագետների համոզմամբ՝ սա պայմանավորված է Ադրբեջանի առավելապաշտական պահանջներով, քանի որ այդ երկիրը չի ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել։
Մամուլն այսօր գրել էր, որ նախօրեին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպման ժամանակ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ առանձնապես նորություններ չունի թիմին հայտնելու, քանի ամեն ինչի մասին նախորդ օրվա ասուլիսում արդեն խոսել է: Հրապարակման համաձայն՝ արտգործնախարարն իշխող խմբակցության անդամներին հայտնել է միայն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի և ամեն ինչ անում է գործընթացը վիժեցնելու համար:
Oragir.News-ը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ մամուլում տարածված տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ պատգամավորը մեզ հորդորեց հարցն ուղել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և հավելեց․ «Ես նման ձևակերպմամբ հայտարարություն գոնե չեմ հիշում»։
Մեր հարցին, թե ի՞նչ կարող է անել Հայաստանը, մասնավորապես՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որպեսզի Ադրբեջանին ստիպի խաղաղության պայմանագիր ստորագրել՝ պատգամավորը պատասխանեց՝ շարունակի խաղաղության օրակարգով առաջ շարժվել։ Նա միևնույն ժամանակ կարևորեց, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովի իր դիրքորոշման լեգիտիմությունը։
Գևորգ Պապոյանից նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում տապալել այս գործընթացը, ինչին ի պատասխան նա հիշեցրեց այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը, որում նա Հայաստանին ուղղված բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցրել։ «Կարծում եմ Ալիևն իր վերջին հարցազրույցում դրա մասին խոսել է»,- ասաց նա։
Ճշտող հարցին, թե Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանի Հանրապետությանն ուղղված տարածքային հավակնությունները նկատի ունի՞՝ Պապոյանը դրական պատասխանեց․ «Այո, ինչու ոչ»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին հարցազրույց էր տվել, որում ՀՀ-ին ուղղված սպառնալիքներ էր հնչեցրել, ընդհուպ մինչև հայտարարել էր, որ Երևանը և Ջերմուկը «պատմական ադրբեջանական քաղաքներ են»։
Ալիևին հունվարի 13-ին արձագանքել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Ադրբեջանը սկսել է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Փաշինյանը Ալիևի հռետորաբանությունը պայմանավորել էր այդ երկրում կայանալիք նախագահական ընտրություններով և նախընտրական քարոզարշավով։