Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:30 23-01-2024

Սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն կարող են իրականացնել միայն հավասարազոր կողմերը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանը հունվարի 13-ին ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկեց սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։ «ՀՀ-ն և Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և այդ պայմանավորվածությունները կատարելու համար համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատելով, որ իր առաջարկը նոր բան է։

Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը նշեց, որ Փաշինյանի առաջարկը ողջամիտ և իրատեսական չի համարում։ Նրա համոզմամբ՝ նման առաջարկով Հայաստանն անիմաստ կերպով սահմանափակում է իր զինվելու և ուժեղանալու հնարավորությունը։

Ռազմական փորձագետը նկատում է, որ պաշտոնական Բաքուն մտադիր չէ այս առաջարկին դրական արձագանքել, քանի որ վերջին ողբերգական պատերազմից ու Արցախի հայաթափումից հետո վերջինս շարունակում է մեզ վերաբերվել կապիտուլացվածի դիրքերից, իսկ հաղթողը կապիտուլացվածի հետ երբեք հավասարը հավասարի հետ պայմանագիր չի ստորագրի։ «Օրեր առաջ մի հետաքրքիր միտք արտահայտեցի և դա համարում եմ իմ կոնցեպտուալային թեզերից մեկը․ խաղաղությանը պետք է արժանի լինել և խաղաղության կնքում են նրա հետ, ում արժանի են համարում դրան։ Այսինքն՝ գայլը նապաստակի հետ խաղաղություն չի կնքում, գայլը նապաստակին պարզապես խժռում է»,- կարծում է նա։

Մհեր Հակոբյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ հայկական կողմը ոչինչ չի անում, որպեսզի Ադրբեջանն իրեն ընկալի որպես հավասար սուբյեկտ և գնա համարժեք պայմանավորվածությունների, իսկ վերջինս էլ պատրաստ չէ հրաժարվել իր արտոնյալ դիրքից, որը ձեռք է բերել իր ագրեսիայի հետևանքով, սակայն դա մեծացապես ուռճացվում է մեր՝ հնազանդության ուղղված քաղաքականության միջոցով։

«Լավ պատերազմում պարտվեցինք, բայց անցած 4 տարիների ընթացքում մենք կարո՞ղ էինք, չէ՞, այնպես հզորանալ, որ Ադրբեջանը մեզ հետ մի փոքր այլ տոնայնությամբ խոսեր․ իհարկե կարող էինք։ Իսկ ի՞նչ ենք արել այս 4 տարում՝ ոչինչ։ Ուստի նման պարագայում Ադրբեջանը ոչ մի հիմք չունի հետ մեզ հետ հավասարը հավասարի դիրքերից խոսելու համար»,- ասաց նա։

Ռազմական փորձագետն ընդգծեց, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն կարող է լինել այն դեպքում, երբ կողմերն ընդունում են մեկը մյուսի գոյության իրավունքը, և վախենալով պատերազից՝ ասում են՝ եկեք էսկալացիային վերջ տանք։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի վախենում Հայաստանի հետ նոր պատերազմից, ուստի Փաշինյանի առաջարկն անիրատեսական է, և, բնականաբար․ այն ուղղված է արտաքին լսարանին, որին Փաշինյանը ձգտում է ցույց տալ, որ ինքը խաղաղասեր է և միջազգային հարթակներում խաղաղասիրության հերթական թույլ դափնիներն է ստանում։

Հակոբյանը նկատում է, որ երբ ջախջախված և նոկաուտի ենթարկված կողմը բղավում է, որ խաղաղասեր է, ապա դա խղճալի է և ծիծաղ է առաջացնում։ Ըստ նրա՝ խաղաղասեր է ուժեղ կամ հավասարազոր կողմը, ով գնում է ռինգի անկյուն և հայտարարում, որ չի կռվի, քանի որ խաղաղասեր է։ «Այս առաջարկը կգնա պատմության հիշողությունների գիրկը մոտավորապես այնպես, ինչպես գնաց տխրահռչակ խաղաղության օրակարգ կոչվածը և այս իշխանությունների շատ այլ հայտարարություններ»,- ասաց նա։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ներկայիս իշխանություններին թվում է, որ եթե իրենք խաղաղություն են ցանկանում, ազգային արժեքներից հրաժարվում են, Արցախը նվիրում են, թշնամու լկտի ձեռքբերումներին չեն պատասխանում, ապա դա խաղաղություն է բերելու։ Հակոբյանը այս մոտեցումը որակեց որպես բակ չիջած տարիքով տղամարդու մտայնություն է.

«Այն տղամարդը, ով իր երիտասարդության տարիներն անցկացրել է Երևանի բակերում, լավ գիտի, որ ագրեսիային պետք է ագրեսիայով պատասխանել, գոնե համարժեք։ Միայն այդ դեպքում է հնարավոր խաղաղություն հաստատել։

Ցավն այն է, որ եթե մենք այս ամենը կուլ տայինք ուժեղանալու համար, կարելի էր ինչ-որ կերպ հանդուրժել, սակայն մենք ոչ միայն այդ լկտիությունը կուլ ենք տալիս, այլ նաև այդ թանկ գնով ձեռք բերված ժամանակը չենք օգտագործում և չենք կարողանում ուժեղանալ։ Արդեն 2024 թվականն է, մյուս տարի մեր պարտության 5 տարին կլրանա, ի՞նչ ենք արել մենք այս ընթացքում։ Այսպիսի ցավալի հարցեր կան, իսկ մեր իշխանությունները սրանցով զբաղվելու փոխարեն թող դպրոցական դասագրքերում Հայոց պատմության անունը փոխեն Հայաստանի պատմություն դարձնեն, և մեր իրականությունն այդ կեղծ ու վնասակար օրակարգերով լցնեն։ Այս ամենը ցավով եմ արձանագրում»։

Հարցին, թե արդյոք այս նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը փորձո՞ւմ է նաև բանակի անձնակազմը կրճատել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ բանակի կրճատումը միշտ էլ սպասվում է, սակայն ոչ տեսանելի ապագայում։ Նրա խոսքով՝ առանց այդ էլ մեր բանակն արդեն կրճատված է և հնարավոր չէ ավելի շատ կրճատել։

«Առանց այդ էլ մեր բանակը ուժերի ծայրահեղ լարումով է կարողանում իր մինիմալ խնդիրները լուծել, էլ ի՞նչ կրճատես։ Հավատացեք՝ եթե տեղ լիներ կկրճատեին, բայց գոնե մոտակա ապագայում նման հնարավորություն չեմ տեսնում, որքան էլ կոպիտ ասած այս գործող իշխանություններն աչքիս լույսը չլինեն։ Սակայն դա ոչ թե ինչ-որ առանձնահատուկ ցանկություն է, այլ իրականություն․ մեր կոշիկն առանց այդ էլ փոքր է մեր ոտքին, ինչպե՞ս կարող ենք էլ ավելի փոքրացնել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի