Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 19:30 18-01-2024

Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի զբաղվածությունից և ՀՀ-ի դեմ հարձակում գործել

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Իրանի շուրջ վերջին օրերին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Մասնավորապես Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հարվածներ է հասցրել Իրաքի, Սիրիայի, իսկ ավելի ուշ արդեն Պակիստանի տարածքի նկատմամբ, ինչի հետևանքով տարածաշրջանում տիրող առանց այդ էլ լարված իրավիճակը դարձել է ավելի պայթյունավտանգ։

Որոշ փորձագետներ պնդում են, որ Իրանի հարձակումներից հետո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիացիան կարող է հարվածել Իրանի տարածքին, ինչը կարող է տարածաշրջանային նոր պատերազմի հանգեցնել, որի հետևանքներն աղետելի կլինեն, այդ թվում՝ Հայաստանի համար։ Փորձագետների համոզմամբ՝ նման իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը, որն Իրանում անկայունության դեպքում կփորձի նոր ագրեսիա սանձազերծել ՀՀ-ի դեմ և ուժային ճանապարհով վերցնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։

Oragir.News-ի հետ զրույցում իրանագետ Ժաննա Վարդանյանը նշեց, որ Իրանի կողմից Սիրիայի, Իրաքի, որոշ առումներով նաև Պակիստանի տարածքի հրթիռակոծությունները նոր երևույթ չեն, որովհետև Իրաքի և Պակիստանի դեպքում Իրանը միշտ էլ ունեցել է սահմանային խնդիրներ, և այդ խնդիրներից ելնելով՝ հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանին, իսկ Պակիստանի դեպքում նախորդող տարիներին նման հարված միայն մեկ անգամ է եղել։ Նրա խոսքով՝ այս հարվածները բացառություն չէին և ինչ-որ առումով պայմանավորված էին Իրանի Քերման նահանգում հունվարի 3-ին իրականացված ահաբեկչությունով, որին ի պատասխան իրանական կողմը Սիրիայի տարածքում հրթիռակոծել է «Իսլամական պետության» դիրքերը։

«Կարելի է ասել, որ սա էլ ընդունված պրակտիկա է, և նախկինում նույնպես, երբ Իրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից խոշոր ահաբեկչություններ են իրականացվել, ինչպես օրինակ՝ 2017 թվականին Իրանի խորհրդարանի ահաբեկչությունը, Թեհրանը նման եղանակով էր արձագանքել՝ հարվածներ հասցնելով Սիրիայում ԻՊ-ի դիրքերին։

Իրաքի դեպքում խնդիրը պայմանավորված է քուրդ զինյալներով, ինչպես նաև Իրաքյան Քրդստանում իսրայելական ներկայության վերաբերյալ Իրանի պնդումներով։ Նախկինում նույնպես Իրանի կողմից հարձակումներ եղել են այսպես կոչված իսրայելական օբյեկտների նկատմամբ, և այս անգամ ևս եղել են նույն հարվածները»,- նկատում է նա։

Իրանագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Իրաքի և Իրաքյան Քրդստանի հրթիռակոծումն ուներ նաև որոշակի խորհրդանշական բնույթ, քանի որ հրթիռակոծվել են Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությանը հարակից տարածքները, ինչն ավելի շուտ Իրանի կողմից ուժի ցուցադրություն էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող լարված իրավիճակը, մասնավորապես Գազայում շարունակվող պատերազմը, որում Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին։ Մեր զրուցակցի համոզմամբ՝ այստեղ Իրանը մի քանի խնդիր է լուծում. մի դեպքում, իր պնդմամբ, հակահաբեկչական գործողություններ է իրականացնում, պատասխանում է իր տարածքում իրականացված ահաբեկչություններին, իսկ մյուս կողմից ուժի ցուցադրում է անում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի համար։

Վարդանյանը նկատում է, որ Իրանի կողմից մեկ այլ խնդիր էլ, որը պարզապես տեխնիկական էր, սեփական արտադրության հրթիռների փորձարկումն էր։

Մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ նախկինում նույնպես Իրանը հարվածել էր Պակիստանի Բելուջիստան նահանգին, քանի որ անջատողական խմբավորումների դեմ, որոնք գործում են իրեն սահմանամերձ շրջաններում։ «Պարբերաբար այդ անջատողական խմբավորումների կողմից Իրանում ահաբեկչություններ են կազմակերպվում, վերջին ամենաթարմ դեպքը դեկտեմբերին էր, երբ հարձակում էին գործել ոստիկանական բաժանմունքի վրա, ինչի հետևանքով 11 ոստիկան էր սպանվել։ Ուստի Պակիստանի Բելուջիստան նահանգի հրթիռակոծությունն էլ հենց այդ ահաբեկչության պատասխանն էր»,- ասաց նա։

Ժաննա Վարդանյանը շեշտում է՝ Իրանը նման կերպ փորձում է ցույց տալ, որ պատրաստ է պատասխանել իր դեմ ուղղված ցանկացած գործողության։ Նրա խոսքով՝ սա Իրանի կողմից նաև որոշակի նախազգուշացում էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող լարվածությունը։

Հարցին, թե Իրանի գործողություններից հետո որքանո՞վ է հնարավոր, որ ԱՄՆ-ի ու նրա գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից թիրախավորվի նաև Իրանի տարածքը, Ժաննա Վարդանյանը նշեց՝ չի կարծում, որ այս պահին կարող է նման սցենար իրագործվել, քանի որ, ընդհանուր առմամբ, թե՛ Իրան-ԱՄՆ, թե՛ Իրան-Իսրայել հակամարտություններն ունեն միջնորդավորված բնույթ, և մենք այժմ հենց դրան ենք ականես լինում։ Նա նկատում է, որ Իրանի կողմից Սիրիայի և Իրաքի տարածքի հրթիռակոծությունները հենց այդ միջնորդավորված պատերազմի դրսևորումներն են, և ԱՄՆ-ի ու Իսրայելի պատասխան գործողությունները կարտահայտվեն հենց այդ երկրների տարածքներում։

«Վառ օրինակ է այն ամենը, ինչ հիմա կատարվում է Եմենի հութիների դեմ։ Հութիներին աջակցում է Իրանը, և վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն հարձակումներ է գործում հութիների դիրքերի վրա։ Այսինքն՝ ԱՄՆ-Իրան, կամ Իսրայել-Իրան ուղիղ հարձակումներ չեն լինում, փոխարենը լինում են միջնորդավորված բախումներ՝ տվյալ դեպքում Եմենի, Իրաքի և Սիրիայի միջոցով»,- շեշտեց նա։

Մեր հարցին, թե որքանով է հնարավոր, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից օգտվի Ադրբեջանը և փորձի ուժի միջոցով տիրանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ին կամ առհասարակ ողջ Սյունիքին, Ժաննա Վարդանյանը պատասխանեց, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը երբևէ չպետք է բացառենք՝ հաշվի առնելով այս երկրի հռետորաբանությունը, շարունակաբար զինումը, ինչպես նաև պատերազմի նախապաստումը։ «Այս սցենարը մեզ համար երբեք էլ բացառելի չպետք է լինի՝ անկախ նրանից, թե տարածաշրջանում ինչ իրավիճակ է տիրում։ Իհարկե, տարածաշրջանում տիրող լարվածությունը և Իրանի զբաղվածությունը կարող է որոշակի խթան հանդիսանալ Ադրբեջանի համար, սակայն դժվար է կանխատեսել, թե կոնկրետ երբ և ինչ գործողությունների կգնա Բաքուն»,- ընդգծեց նա։

Իրանագետը հավելեց, որ տարածաշրջանում իրավիճակը շատ պայթյունավտանգ է, տարբեր օջախներում տարատեսակ զարգացումներ են տեղի ունենում, և չի բացառվում, որ հաջորդ հարձակումը կարող է լինել Հայաստանի ուղղությամբ։

Դավիթ Գույումջյան