Ուղիղ եթեր
copy image url
Խոսք 3 ամիս առաջ - 20:30 17-01-2024

ՀՀ-ն այլ ելքեր ունի. Մոսկվան վերաիմաստավորում է Երևանի ռազմավարական կարևորությունը

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը նախօրեին «Ազատության»-ը հայտնել էր, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, այն ՀՀ է հասել վեջերս։ Գագիկ Մելքոնյանի համոզմամբ՝ զենքի այս խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կողմից ՌԴ-ին ուղղված քննադատություններ էին հնչել, համաձայն որոնց՝ Հայաստանը սպառազինություն ստանալու դիմաց խոշոր գումար է վճարել Ռուսաստանին, սակայն ռուսական կողմն առայսօր չի մատակարարել պայմանագրով նախատեսված սպառազինությունը։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը ընդգծեց, որ հայկական կողմն էր մշտապես հայտարարում, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում, իսկ ռուսական կողմը նշում էր, որ եղել է մի պահ, երբ ՀՀ-ին փոխանցվելիք զենքը պատրաստ է եղել, սակայն ինչ-որ պատճառներով այն հետագձվել է, և այդ զենքն օգտագործվել է այլ նպատակներով։ Նա նկատեց, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները մեղադրում էին ՌԴ-ին իր պարտականությունները չկատարելու մեջ, ռուսական կողմը չէր հրաժարվում իր պարտավորությունները կատարելուց։

«Ուստի արձանագրենք, որ զենքի այս խմբաքանակի մատակարարումը պայմանավորված է ՌԴ-ի կողմից սեփական պարտավորությունները կատարելու հանգամանքի հետ»,- կարծում է նա։

Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ սա նշանակում է, որ Ռուսաստանն աստիճանաբար հարավային ուղղությամբ անվտանգության ոլորտում իր նպատակների և շահերի առումով վերաիմաստավորում է Հայաստանի հետ իր ռազմավարական հարաբերությունները։

Հայաստանի նախկին վարչապետը կարծում է, որ ռուսական քաղաքական ղեկավարությունը, որը ինչ-որ մի պահի գտնում էր, որ «հայերը գնալու տեղ չունեն», ինչի մասին էր վկայում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտնի հայտարարությունը, թե «հայերը ոչ մեկի պետքի չեն», գիտակցեց, որ Հայաստանն անվտանգության ոլորտում դիվերսիֆիկացման հնարավորություններ կարող է ունենալ, սակայն դրա արդյունքները կարող են օգտակար չլինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար.

«Մենք կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ Հայաստանի ռազմավարական կարևորությունը՝ սեփական խնդիրները լուծելու տեսանկյունից, սկսել է վերաիմաստավորվել։ Ես սա դրական եմ համարում, և մասնավորապես Ռուսաստանի վերաբերմունքը՝ զենքի այս խմբաքանակի տրամադրման հարցում, կկապեի նաև այս հանգամանքի հետ»։

Խոսրով Հարությունյանը նաև ուշադրություն հրավիրեց նրան, որ ռուսական խաղաղապահ ուժերը դեռևս շարունակում են մնալ հայաթափված Արցախում, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը չի հրաժարվել Հարավային Կովկասում իր ռազմական և քաղաքական ներկայությունն ամրապնդելու ծրագրերից։ Նա նշում է, որ այս պահին ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայի հարցով, որտեղ հօգուտ Ռուսաստանի առկա են լուրջ տեղաշարժեր, ուստի հնարավոր է, որ 2024 թվականի ընթացքում ինչ-որ պահի ռուս-ուկրաինական բանակցային գործընթաց մեկնարկի։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ նման հեռանկարը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը ռեսուրսներ կունենա հարավային ուղղությամբ իր ռազմաքաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար։ Նա կարծում է, որ այս խնդիրն արդյունավետ լուծելու համար ՀՀ-ի հետ ռազմավարական կապերը կարևոր են Ռուսաստանի համար։

ՀՀ նախկին վարչապետը չի բացառում նաև, որ ռուսական կողմը սպառազինության այս խմբաքանակը փոխանցել է Հայաստանին, որպեսզի աջակցի իր ռազմավարական գործընկերոջը՝ հնարավոր ռազմական գործողությունների պարագայում թշնամու ագրեսիային դիմագրավելու համար։ Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական գործողությունների մասին այսօր ավելի շատ խոսում են Արևմուտքում.

«Այդ մասին ավելի շատ խոսում են Եվրոպայում, նման մտահոգություններ են հայտնում Միացյալ Նահանգներում։ Ընդ որում, նկատենք, որ սա աշխարհաքաղաքական բևեռների այն հատվածն է, որոնք ժամանակին խրախուսում էին խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ ենթադրելով, որ այդ պայմանագիրը կարող է կանխել հնարավոր ռազմական զարգացումները։ Բոլոր սթափ վերլուծաբանները, այդ թվում արևմտյան, ռուսական և հայկական, ասում էին, որ խաղաղության պայմանագիրը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել մեր արևմտյան և արևելյան հարևանների ռազմատենչ քաղաքականությանը։ Արևմտյան գործընկերները՝ Շառլ Միշելը և այլն, ովքեր ստանձնել էին միջնորդի դերակատարումը, հասկացան, որ Ալիևը խոռով բոլորին գցեց և շարունակում է գցել»։

Խոսրով Հարությունյանը նշում է՝ զարմանալին այն է, որ արևմտյան քաղաքական գործիչները «կերան Ադրբեջանի էներգետիկ կուտը»։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ ԵՄ-ի գազային էներգետիկ շուկան կազմում է 459 միլիարդ խորանարդ մետր, մինչդեռ Ադրբեջանը կարող տրամադրել ընդամենը 20 միլիարդ խորանարդ մետր։ «Պետք չէ լինել շատ խորաթափանց՝ հասկանալու համար, որ այդ 20 միլիարդը դարդին դարման չի անի և պարզապես փուչիկ էր, որ դրա համար Ադրբեջանին կարգեցին իրենց ամենակարևոր էներգետիկ գործընկերը։ Ընդ որում, փուչիկը պայմանավորված էր ադրբեջանական նավթադոլարներով, այսօր դա ակնհայտ է»,- շեշտում է նա։

Մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ եվրոպական դերակատարներն իրենց խաղն էին խաղում, որից Ադրբեջանը շահեց և հասավ նրան, որ եվրոպական հարթակները Հայաստանի իշխանությունների «պասով» ընդունեցին, որ «Արցախն Ադրբեջան է և վերջ»։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասավ նրան, որ մարսեց արցախահայության նկատմամբ իր կատարած ցեղասպանական գործողությունները, և ոչ մի եվրոպական պետության ղեկավար՝ Շառլ Միշելից ու Էմանուել Մակրոնից սկսած, դրա վերաբերյալ ոչ մի ձայն չեն հանել։

Հարցին, թե հաշվի առնելով Հայաստանին զենք վաճառելու համար Ադրբեջանի կողմից Ֆրանսիային ուղղված քննադատությունները՝ հնարավո՞ր է ադրբեջանական կողմը նմանատիպ քննադատության արժանացնի նաև Ռուսաստանին, մեր զրուցակիցը բացասական պատասխանեց։ Նա հիշեցրեց, որ ռազմական ոլորտում Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունները գրեթե պարիտետային էին։

«Երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռևս 2010-11 թվականներին այդ հարցը բարձրացնում էր, Ռուսաստանն ասում էր, որ փորձում է հավասարահեռ, սիմետրիկ քաղաքականություն վարել։ Այսինքն՝ Ռուսաստանը և՛ Ադրբեջանին էր զենք մատակարարում, և՛ Հայաստանին, ընդ որում՝ ռազմական գործողություններում կիրառելու տեխնիկական պարամետրերի ու հնարավորությունների տեսանկյունից համարյա թե համարժեք զենք էր վաճառում։ Այլ հարց է, որ ՌԴ-ն մեզ զենքը վաճառում էր գործարանային գներով, իսկ Ադրբեջանին՝ շուկայական։ Դրա համար ինքը չի կարող այդպիսի պահանջներ ներկայացնել Ռուսաստանին»,- ասաց նա։

Խոսրով Հարությունյանը Ադրբեջանի քննադատությունների համատեքստում նաև հարց բարձրացրեց, թե արդյոք Ալիևը իրեն հաշվետվություն տալի՞ս է, թե ինչու է Իսրայելից զենք գնում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին հորդորել Իսրայելին, որ այդ երկիրը զենք չմատակարարի Ադրբեջանին, քանի որ դրանով նպաստում է տարածաշրջանում ռազմական լարվածության խորացմանը։

«Ուստի Ալիևը շատ բան կարող է ասել, ո՞վ է նա, ո՞վ է նրա ասածին լուրջ վերաբերվում։ Ադրբեջանը Թուրքիայից զենք է ստանում, իսկ մենք չե՞նք կարող այլ երկրից ստանալ, իհարկե այո՛։ Եթե Ալիևն այդքան ազդեցիկ քաղաքական դեմք է, ապա թող պրիտենզիա ներկայացնի նաև Հնդկաստանին, ինչո՞ւ չի անում։ Ադրբեջանը Հնդկաստանից կախված է և հույս ունի, որ Հնդկաստանից դեպի Եվրոպա ու Ռուսաստան իրականացվելիք բեռնափոխադրումները պետք է անցնեն Ադրբեջանի տարածքով, դրա համար էլ լռում է»,- ասաց նա։

ՀՀ նախկին վարչապետը հավելեց, որ զենքի մատակարարման հարցում արևմտյան երկրներին ուղղված Ադրբեջանի նախագահի քննադատական խոսքերը լուրջ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեն և դրանց ոչ ոք լուրջ չի վերաբերվում։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
08:31 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ Հրապարակ
20:30 Տավուշյան հողհանձնումը նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի ծիրի մեջ էր
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
19:00 Երբվանից Վրաստանում կգործի առողջության պարտադիր ապահովագրումը, ինչ գներ են առաջարկվում