Ներքին 2 տարի առաջ - 18:30 12-01-2024

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Խրիստոս Սոֆիանոպուլոսն առավելագույն ջանք կներդնի երկու երկրների միջև առկա լավ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար:

Նախագահ Խաչատուրյանը գոհունակությամբ է խոսել սերտ պատմական բարեկամության և համերաշխության վրա հիմնված հայ-հունական հարաբերությունների մասին՝ նշելով երկու երկրների միջև առկա է բազմոլորտ երկկողմ օրակարգ և արդյունավետ քաղաքական երկխոսություն:

«Հունաստանը դժվար պահերին միշտ եղել է մեր կողքին, և ես իմ ու հայ ժողովրդի անունից երախտագիտություն եմ հայտնում մեր երկրի առջև ծառացած այս դժվարին ժամանակներում Հունաստանի կառավարության և իշխանությունների ցուցաբերած աջակցության համար»,- ասել է նախագահը։

Դեսպան Սոֆիանոպուլոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության սերտացման և զարգացման ուղղությամբ ջանքեր ներդնելու իր պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և վերջին զարգացումներին, ինչպես նաև առկա անվտանգային մարտահրավերներին ու դրանց դիմակայելու ուղիներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և կայուն ու տևական խաղաղության հասնելու իր սկզբունքային դիրքորոշմանը՝ միջազգային իրավական նորմերի, երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար իրավունքների անխաթարության շրջանակներում: Երկուստեք շեշտվել է խնդիրները խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու և ռազմական սպառնալիքի բացառման հրամայականը:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Հունաստանի բազմաշերտ փոխգործակցության վերաբերյալ հարցեր:

Ընդգծվել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման ներուժի լիարժեք իրականացման ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս արդյունավետ համագործակցության օրակարգային հարցերին:

Հանրապետության նախագահն՝ ի դեմս դեսպանի, իր շնորհակալական խոսքն է փոխանցել Հունաստանի կառավարությանն ու իշխանություններին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հունական կողմի ցուցաբերած հումանիտար աջակցության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակը, ինչպես նաև սերտ համագործակցությունը Եվրամիության և այլ միջազգային հարթակներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին տարիներին ժողովրդավարության ամրապնդման ու ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղղությամբ Հայաստանում ընթացող բարեփոխումներին և սկզբունքային մոտեցումներին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում